Տուն միշտ վերադառնում են
Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:
Նախորդ տարվա Արարատի վերելքի մասին պատմող ֆիլմը, որում արմջեոցիները կիսվում էին իրենց փորձով և հույզերով:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ես, իմ վախերը, իմ կողմից իմ շուրջը ստեղծված միջավայրը, որից ուղղակի վախենում էի դուրս գալ:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մինչ վերելքը գրեթե ամեն օր մտովի բարձրանում էի Արարատի գագաթ՝ հասնում էի կամ ոչ, վայր էի ընկնում, չէր ստացվում, նորից էի փորձում բարձրանալ և շատ դեպքերում այդպես էլ չէի հասնում գագաթ:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Երևի այն եզակի դեպքերից էր իմ կյանքում, երբ իրականությունը շատ ավելին էր, քան իմ պատկերացումները:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Վերջին 200-300 մետրը բավականին ծանր էին ինձ համար, և այդ ընթացքում մտածում էի միայն գագաթ հասնելու մասին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Շփոթված: Գագաթին ասես փոքրիկ աղջիկ լինեի, ում երազանքն էր ունենալ գեղեցիկ ճենապակյա տիկնիկ, և ահա նրա երազանքը կատարվել է, նա ստացել է վաղուց երազած տիկնիկը և հիմա կանգնած չգիտի ինչպես խաղալ տիկնիկով: Եթե ամուր գրկի տիկնիկին, խաղա հետը, ապա այն կկոտրվի ու էլ երբեք չի ունենա նույնից: Եթե դնի հեռվում և ուղղակի նայի վրան, ապա տիկնիկն այդպես էլ չի դառնա իրենը: Այդպես էլ ինձ հետ էր գագաթին. վախենում էի դիպչել երազանքիս ու նույնչափ ուզում էի բարձր գոռալ, որ այլևս Արարատը նաև իմն է:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Յուրաքանչյուր պահ հիշարժան էր ինձ համար՝ Հանրապետության Հրապարակում դեռևս անծանոթ մարկանց հետ հանդիպումից մինչև նույն տեղում արդեն մտերիմ դարձած արարատվածների բաժանումը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Փոխվեց դեռևս այն ժամանակ, երբ ներսիս «եթե ուզում ես հասնել երազանքիդ, քայլի՛ր» անունով մարդուկը գլուխ բարձրացրեց:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատն արդեն իմն է:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Տուն միշտ վերադառնում են:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Խորհուրդներ տալ չեմ սիրում, կասեմ միայն, եթե արդեն մի ինչ որ ցանկության սկսել ենք անվանել երազանք, ապա էլ ոչինչ չի մնում, քան սկսել երազանքը իրականություն դարձնելու գործողությունը:
Սվետա Թորոսյան