Սվանեթ կոչվող այս բնակատեղին հնագույն տարածք է փակված Կովկասում: Սվանեթում միաժամանակ կարելի է հանդիպել ձնապատ գագաթներով լեռներ, անտառապատ բլուրներ և մարգագետիններ: Մոռացված ճանապարհներն էլ տանում են դեպի թաքնված գյուղերն ու միջնադարյան աշտարակները։
Սվանեթի հիմնական բնակիչները սվաններն են: Սվանները համարվում են վրացիների հեռավոր նախնիներից և արտաքնապես շատ նման են լեռնային վրացիներին: Սվանական լեզուն առաջացել է վրացերենից:
Ինչպես մյուս լեռնային ժողովուրդները, սվանները նույնպես հազվադեպ են լքում իրենց երկրամասը:
Վերին Սվանեթ
Սվանեթը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ստորին Սվանեթ: Վերին մասը նաև կոչվում է Ազատ Սվանեթ, քանզի այն երբեք իշխող չի ունեցել: Վերին Սվանեթը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի մշակութային ժառանգության ցանկում։
Վերին Սվանեթին ցուրտ երկրամաս է, քանի որ ունի բարձր տեղակայություն: Այստեղ լեռների գագաթները գրեթե միշտ ձնով են պատված:
Մեստիա – Աշտարակներ
Մեստիան հանդիսանում է Սվանեթի վարչական կենտրոնը: Համեմատաբար փոքր քաղաք է, բնակչությունը կազմում է 2600 մարդ: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից 458 կմ հեռավորության վրա: Սվանեթում չկան քաղաքներ, դրանց փոխարեն գյուղեր են։ Սվանեթի գյուղերը նման չեն ուրիշ գյուղերին։ Այստեղ գյուղերը միմյանց շատ մոտ են գտնվում և հիմնականում հանդիպում են խումբ-խումբ։ Յուրաքանչյուր խումբ մեկ հասարակություն է ներկայացնում։ Եվ որքան էլ մեծ լինի գյուղը հազվադեպ կարելի է 30 ընտանիքից ավել հանդիպել մեկ գյուղում: Գրեթե յուրաքանչյուր տուն ունի իր բարձր քառանկյուն աշտարակը:
Այս աշտարակները հիմնականում ունեցել են պաշտպանական նշանակություն: Այնտեղ սովորաբար պատսպարվում էին ընտանիքի անդամները՝ թշնամիների հարձակումներից: Այս աշտարակները այնքան հին են, որ ոչ ոք չի հիշում դրանց կառուցումը: Սվանները հնում հաճախ են պատերազմել իրար դեմ:
Սվանական գյուղերը առանձնանում են նաև իրենց եկեղեցների առատությամբ: Որտեղ կարելի է գտնել բազմաթիվ վրացական եկեղեցական գրքեր և թանկարժեք սրբապատկերներ:
Արշավային երթուղիները
Մեստիայից սկսվող արշավային երթուղիներից թերևս ամենահայտնին և ամենագեղեցիկներից մեկը դեպի Մեստիայի խաչ տանող երթուղին է: Արշավը միջին բարդության է և ընդամենը կես օրվա քայլելու ճանապարհ է մինչ խաչը: Խաչը տեսանելի է Մեստիայից 900 մետր բարձրության վրա: Խաչի շրջակայքից հնարավոր է վայելել Մեսիայի ամբողջական բնապատկերը և Ուշբա լեռան տեսարանները:
Մեկ այլ արշավային երթուղի է դեպի Շխառայի սառցադաշտ տանող երթուղին: Արշավային երթուղին թեթև է և հարմար գրեթե ցանկացած մարդու համար: Ամբողջական արշավը կխլի ընդամենը 5 ժամ: Իսկ տեսարանները կրկին տպավորիչ են, և հնարավորություն կտան մանրամասն զննել տեղանքը:
Միխայիլ Խերգիանի
Միխայիլ Խերգիանին՝ հայտնի նաև «Ժայռերի վագր» անվամբ, աշխարհի ամենահայտնի ալպինիստներից մեկն է: Սովետական յոթակի չեմպիոն՝ մագլցող և ալպինիստ: Խերգիանիի թանգարանը Սվանեթի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:
Թանգարանը տեղակայված է հենց այն տանը, որտեղ ժամանակին ապրել է հայտնի լեռնագնացը: Թանգարանը բաղկացած է չորս սենյակներից. ազգագրական սրահը, որտեղ կարելի է գտնել Սվանների կենցաղը արտահայտող ցուցանմուշներ, այցելուների սրահը, Սովետական լեռնագնաց և ալպինիստ Խերգիանիի սրահը և առանձին սենյակները: Թանգարանի դիմաց կանգնեցված է նաև Խերգիանիի կիսանդրին:
Ուշբա
Ուշբան Կովկասյան լեռների ամենահայտնի գագաթներից է։ Չնայած որ այն չի մտնում լեռնաշղթայի 10 ամենաբարձր գագաթնեի մեջ, սակայն Ուշբան հայտնի է իր առանձնացված երկու գավաթներով։
Անգամ Սվանեթի բնակիչները, որոնք ապրում են հենց լեռան ստորոտին չեն կարողանում բացատրել՝ որտեղից է առաջացել լեռան անունը: Սակայն ըստ լեռան անվան թարգմանության մի տեսակետի՝ անունը նշանակում է «ճանապարհ դեպի անհայտություն»:
Շնորհիվ իր ուղղաձիգ տեսքի, անկայուն եղանակի և բազմաթիվ սառցադաշտերի Ուշբան մի շարք լեռնագնացների կողմից անվանվում է, որպես Կովկասի ամենադժվառ լեռներից մեկը:
1959 թվականին հայ հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանը Կիրիլ Բուրովի խմբի կազմում եղել է առաջիններից, ով անցել է «Ուշբայի խաչ» հայտնի երթուղին: Վերելքի ժամանակ նա եղել է բոլոր այն հատվածների առաջատարը, որոնք գնահատվել են 5բ բարդության: Այդ երթուղին նույնիսկ հիմա բավականին բարդ երթուղի է համարվում:
Ուշբայի ջրվեժն ամենաառատ ջրվեժն է Վրաստանում։ Այն գտնվում է Սվանեթում՝ Մազերա գյուղի մոտ։ Ջրվեժի և՛ ներքևի հատվածը, և՛ վերևի հատվածը հեշտ հասանելի են։ Եթե հասնեք ջրվեժի վերնամասին կարող եք տեսնել Ուշբայի սառցադաշտը և հիանալ Սվանեթի գեղեցիկ բնապատկերներով։
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի, Բաբկեն Արզումանյանի, Դավիթ Խոջամիրյանի և Տիգրան Շահբազյանի