info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սապբորդինգ

SUP boarding

Սապբորդինգ / SUP boarding

«Ակտիվ տուրիզմ», «սպորտային տուրիզմ», «էքստրեմալ տուրիզմ», գնալով ավելի հաճախ ենք հանդիպում այս տերմինները։ Բանն այն է, որ տուրիզմի այս տեսակներն ավելի ու ավելի մասսայական են դառնում, և մինչ այս ավելի հայտնի դասական տուրիզմը (հյուրանոցային, պատմամշակութային, առողջարանային) իր տեղն է զիջում ակտիվ տուրիզմին։ Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ակտիվ կամ սպորտային տուրիզմը մեծ ազդեցություն է ունենում մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ առողջական, թե՛ հոգեբանական վիճակի վրա։
Այսօր արդեն սպորտային տուրիզմի տասնյակ տեսակներ կան և այդ ամենի հետ մեկտեղ նորերն են մշակվում ու զարգացվում։
Առանձնացնենք ջրային տեսակները, որոնք բազմազան են և բազմաթիվ։ Կան առավել հայտնի տեսակներ, օրինակ՝ ռաֆթինգ, սյորֆինգ, առագաստանավային, ստորջրյա։ Բայց այսօր խոսելու ենք Հայաստանում ոչ այնքան հայտնի, բայց աշխարհում արդեն մեծ ճանաչում վայելող Սապբորդինգի SUP (standup paddleboarding) մասին, որը բառացի թարգմանաբար նշանակում է «կանգնած թիավարում»:

Սապբորդինգ / SUP boarding

SUP – ն առաջացել է սյորֆինգ սպորտաձևից, բայց այժմ էապես տարբերվում է դրանից և հասանելի է գրեթե բոլոր տարիքի և ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց համար։

SUP – ի տախտակներն ավելի լայն ու երկար են, քան սյորֆինգի համար նախատեսվածները, դա արված է նրա համար, որպեսզի թիավարելն ավելի հեշտ լինի։ Իսկ որպեսզի SUP – երը հեշտ լիներ տեղափոխել, արտադրվեցին փչովի տարբերակներ։ 

Սապբորդինգի ծագումը

SUP բորդինգը, ինչպես և սյորֆինգը, շատ վաղ ծագում ունի։ Այն առաջին անգամ կիրառվել է Հավայան կղզիներում, բնիկ հավայացիների կողմից։ Նրանք մեծ տախտակների վրա կանգնած թիավարելով կարողանում էին անձայն ու աննկատ ներխուժել հակառակորդի տարածք։ Իսկ թիակներն էլ միաժամանակ նիզակի դեր էին խաղում անսպասելի հարձակման ժամանակ։

Սապբորդինգ / SUP boarding

Հավայացիները SUP – երը պատրաստում էին փայտից, շատ դեպքերում դրանց երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։ Ամենամեծ և ամենաաչքի ընկնող բոռդերը, ինչպես կարգն է, պատկանում էին թագավորական ընտանիքի անդամներին։
Սապեր արտադրող առաջին կազմակերպությունը հիմնադրվեց 2005 թվականին, իսկ 2007 թ․-ից SUP բորդինգը սկսեց կիրառվել, որպես պրոֆեսիոնալ մարզաձև։ 

Ի՞նչ դրական ազդեցություն ունի SUP բորդինգը մարդու օրգանիզմի վրա

Այժմ առանձնացնենք SUP – երի մի քանի տեսակ։ Պարզենք թե առաջին հայացքից այս հանգիստ սպորտաձևն ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա։
Սկսենք սիրտ-անոթային համակարգից (կարդիո)․ գաղտնիք չէ, որ ցանկացած տարիք և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդուն անհրաժեշտ է մարզումներում կիրառել կարդիո մարզումներ, դա արյան շրջանառությունը բարելավելու ամենաարդյունավետ տարբերակներից է։ Սապբորդինգը կարող է դառնալ ձեր կարդիո մարզումների լավագույն և սիրելի տարբերակը, մարմնի դիրքի, համալիր և դինամիկ շարժումների շնորհիվ։

Սապբորդինգ / SUP boarding

Ընդհանուր դիմացկունությունը մշտապես բարձր պահելը մարդու ֆիզիոլոգիական կարևորագույն խնդիրներից է, իսկ շաբաթական 3-4 ժամ սապինգով զբաղվելը կապահովի բարձր դիմացկունությունը։
Սապինգը հիանալի կերպով կարող է փոխարինել տարբեր սպորտաձևերի, քանի որ Սապինգով զբաղվելու ընթացքում աշխատում են մարմնի համարյա բոլոր մկանները, ինչն օգնում է բարելավել նաև մարմնի կառուցվածքը:

Հայտնի է, որ բնական միջավայրում ֆիզիկական ակտիվությունը եռապատկում է մարզման էֆֆեկտիվությունը։ Սապբորդինգի դեպքում գումարվում է ջրի հանգստացնող և կենտրոնացնող հատկությունը։

Ովքեր կարող են զբաղվել Սապբորդինգով

Ի տարբերություն ջրային այլ սպորտաձևերի Սապբորդինգով զբաղվելը բավականին հեշտ է: Սապբորդինգով կարող են զբաղվել գրեթե բոլոր տարիքի մարդիկ՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:

Սապբորդինգ / SUP boarding

Այս սպորտաձևն ունի այլ առավելություններ ևս՝ այն կախված չէ քամու ուղղությունից և եղանակային պայմաններից: Պարզապես կանգնում կամ նստում ես տախտակի վրա ու թիավարում։ 

SUP բորդինգի յուրօրինակ աշխարհ մտնելու համար շատ բան հարկավոր չէ, եթե օրինակ քեզ դուր է գալիս զբաղվել հեծանվային կամ նմանատիպ այլ սպորտաձևով ապա վստահեցնում ենք, որ Սապբորդինգը կդառնա քո ամենասիրելիներից մեկը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին