2020 թվականից Armenian Geographic-ը սկսեց սապբորդինգ տուրեր իրականացնել Հայաստանի տարբեր լճերում և ջրամբարներում։ Սապբորդինգը Հայաստանում համեմատաբար նոր ու ոչ մեծ տարածում գտած սպորտաձև է, որն օր օրի ավելի մեծ պահանջարկ է գտնում։ Մեր սապ տուրերն իրականացնում է մարզիչ-ուղեկցորդ Կարեն Սարգսյանը, որն արդեն մի քանի տարի զբաղվում է այս սպորտաձևով։
Սապբորդինը Հայաստանում տարածում է գտնում
Կարենը պատմում է, որ ինքը վաղուց է ունեցել սապբորդինգը սպորտային տուրիզմի մեջ ընդգրկելու միտք՝ հաշվի առնելով, որ Հայաստանում դեռևս չկան շատ խմբեր, որոնք զբաղվում են այս սպորտաձևով։ Նա նշում է, որ նախորդ տարի կորոնավիրուսը տվեց հնարավորություն ArmGeo-ի հետ իրականություն դարձնել այդ գաղափարը։
Առաջին սապ տուրն իրականացրինք Սևանի վրա, որից հետո մարդկանց հետաքրքրությունն ու մասնակցությունը սկսեց մեծանալ։ Այժմ կազմակերպում ենք սապ տուրեր Հայաստանի տարբեր լճերում ու ջրամբարներում։
Կարենի խոսքով՝ սապբորդինգն աշխարհում բավականին տարածված սպորտաձև է։ Նա նկատեց, որ սապբորդինգը հեծանիվի նման ունի երկու ուղղվածություն՝ կիրառական և սպորտային․ «Շատ երկրներ կան, որտեղ ջրային զանգվածները, գետերը շատ են, մարդիկ նույնիսկ աշխատանքի են գնում սապով։ Այն կիրառվում է նաև որպես հաճույք, առողջ ապրելակերպ։ Այդ ամենից բացի՝ սապը բազմաֆունկցիոնալ սպորտաձև է, ու աշխարհի տարբեր երկրներում սապի առաջնություններ են անցկացվում»։
Սապբորդինգի մեկնարկը Հայաստանում հաջող էր, ու Կարենի գնահատմամբ՝ հայերի կողմից արձագանքը սկզբից ավելի շատ ճանաչողական, հետաքրքրասիրական էր, քանի որ չգիտեին՝ դա ինչ է։ «Սապտուրերը դրվեցին Armenian Geographic-ի շրջանակներում, ու հենց ArmGeo-ի լսարանն էր, որ հնարավորություն ուներ տեղեկացվելու դրանց մասին։ Սկզբից հավաքվեց 4 հոգի, հետո՝ նորից 4, հետո՝ 12», – նկատեց Կարենը։
Ինչքա՞ն ժամանակում կարելի է սովորել սապ վարել
Նա ասաց, որ մասնակիցների ու հետաքրքրվողների թիվը ժամանակի ընթացքում մեծացավ․ «Հաճախ հենց մենք ենք սահմանափակում մասնակիցների քանակը՝ թե՛ սապբորդերի քանակով պայմանավորված, թե՛ պայմանավորված այն լճով կամ ջրամբարով, որտեղ գնում են»։
Անդրադառնալով սապբորդինգով առաջին անգամ զբաղվողների դժվարություններին՝ Կարենը նշեց, որ դեռ չի եղել նման դեպք, որ մեկ օրվա ընթացքում մարդը չկանգնի սապի վրա ու չվարի․ «Ճիշտ է, սապից ընկնելու հավանականություն կա, սակայն եթե չշտապես, այդ հավանականությունը մինչև 10-5 տոկոսի կարող ես հասցնել։ Այս հարցում եղանակային պայմանները ևս դեր են խաղում․ եթե չկա ուժեղ քամի, ուժեղ ալիք, սապից ընկնելու հավանականությունն ավելի է փոքրանում։ Ինչ վերաբերում է սովորելուն, հնարավոր է՝ 30- 40 րոպե տրամադրելուց հետո կանգնել սապի վրա ու սիրողական մակարդակով վարել»։
Ըստ Կարենի՝ սապը կարելի է վարել տարբեր տեխնիկաներով, հնարքներ կիրառելով, սակայն նախնական սապի վրա կանգնելու ու թեթև վարել սովորելու համար անհրաժեշտ է ընդամենը 40 րոպե։
Հայաստանում սապբորդինգի ուղղությունները
Խոսելով Հայաստանում սապի հարմար ու հետաքրքիր ուղղությունների մասին՝ Կարենը նշեց, որ ամենամեծ ուղղությունը, բնականաբար, Սևանա լիճն է․ «Ամենաշատ հնարավորությունները հենց Սևանա լիճն է տալիս։ Ամենակարևոր գործոնը եղանակն է․ դու կարող ես հասնել Սևանա լճի որևէ ափ, որտեղ լինի շատ ուժեղ քամի կամ ալիք, գնաս 30 կիլոմտեր հեռու, թեքվես ուրիշ կողմ, ու այնտեղ լինի շատ ավելի հանգիստ եղանակ, ու դու կարողանաս այդ օրը վայելես։ Բացի դրանից՝ Սևանա լիճը բազմազան է, ու շատ բան ունես տեսնելու։ Կարող ես վարել անտառի կողքով, տափաստանային հատվածներով, այնպիսի հատվածներով, որտեղ լեռներն են շատ լավ երևում, կարող ես վարել նույնիսկ տների արանքներով, որոնք մնացել են ջրի տակ»։
Սևանա լճից բացի՝ սապ տուրեր ենք կազմակերպել նաև Ազատի, Ապարանի ջրամբարներում, լեռնային այնպիսի լճերում, ինչպիսիք են Ռապի ու Գոշ լճերը։
«Ազատի ջրամբարն աշխարահագրական դիրքով Երևանին ամենամոտն է, ու շատ հեշտ է հասնել այնտեղ։ Այն շատ գեղեցիկ է ու տարվա բոլոր եղանակներին չքնաղ է։ Ապարանի ջրամբարում էլ ենք սապ վարել, ուսումնասիրել տեղանքը։ Շատ սիրուն է Ապարանի ջրամբարը սապի համար, մի քիչ քամիներ կան, բայց դրա հետ մեկտեղ այնպիսի հատվածներ կան, որ ժայռը փակում է քամին։ Վարել ենք նաև լեռնային փոքր լճակներում, օրինակ Ռապի լճում։ Ճիշտ է, Ռապի լիճը շատ փոքր է սապի համար, բայց մենք այդ ուղևորությունը համատեղեցինք արտաճանապարհային տուրով ու քայլարշավով։ Այսինքն՝ եթե շեշտը դնեինք միայն սապի վրա, կարող է մի քիչ ձանձրալի թվար, որովհետև Ռապի լճում կարելի է ավելի քիչ քան մեկ րոպեում պտտվել լիճը։ Այնտեղ տեսարանն է շատ գեղեցիկ․ Արագածի Հյուսիսային պատն իր ողջ վեհությամբ քո առջև վեր է խոյանում», – նկատեց Կարենը։
Նոր ուղղություններ
Նշենք, որ նախատեսվում է նաև ընդլայնել սապբորդինգի ուղղությունները․ «Անհնար է, որ սապբորդինգը սահմանափակվի մի քանի ջրամբարով։ Եթե ինչ-որ տեղ կա, որ հնարավոր է սապ քշել, մենք կգնանք, կփորձենք, կբացահայտենք, հետո խմբեր կտանենք։ Պլանները շատ են, այս պահին խանգարող հանգամանքը ժամանակի սղությունն է ու եղանակային պայմանները»։
Մենք սապ տուրեր ենք իրականացրել անգամ ձմռան ընթացքում։ Կարենն ասում է, որ Սևանն իրեն լավ փորձ է տվել, ու դրանից հետո ձմռանը սապ վարելն ընդհանրապես խնդիր չէ․ «Ամռանը հնարավոր է Սևանում այնպիսի ալիքներ լինեն, որ ձմռան ոչ մի օրվա հետ չես համեմատի։ Իսկ երբ դու սապի վրա ես, քո մարմնով դառնում ես առագաստ, իսկ բորդը շատ հեշտ է գնում։ Ես եղանակի պատճառով չէի կանգ առնում, գնում էի հենց եղանակին ընդառաջ, որ փորձեմ ամեն ինչ։ Դրանից հետո շատ ավելի հեշտ էր ձմռանը․ շատ քամոտ օրերին չէինք գնում, այլ գնում էինք համեմատաբար ավելի պարզ օրերին։ Եթե հանգիստ ես վարում, կտրուկ շրջադարձեր չես անում, լավ տիրապետում ես բորդին, տարբերություն չկա, թե տարվա որ եղանակին ես վարում։ Տեղումներն էլ չեն խանգարում, մենք շատ ուժեղ ձյան տակ էլ ենք վարել, շատ ավելի հաճելի էր։ Ասում են՝ վատ եղանակ չկա, կա վատ հանդերձանք, իսկ եթե հանդերձանքդ համապատասխան է և ունես ջրակայուն կոշիկներ, չես մրսի»։
Սապբորդինգը Հայաստանում հնարավորություն է տալիս լիովին նոր տեսանկյունից ուսումնասիրել ու բացահայտել Հայաստանի լճերը, գետերն ու ջրամբարները։
Եթե ցանկություն ունեք Հայաստանում մասնակցել սապ տուրերի, կապ հաստատեք մեզ հետ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: