Արարատը՝ որպես երազանքների իրականացման վկա
Սարեր բարձրանում եմ 2016 թվականից, բայց ոչ ինտենսիվ։ Այդ ընթացքում երբևէ մտքովս չի էլ անցել, որ մի օր Արարատ կբարձրանամ: Այլ կերպ ասած՝ Արարատը չէր կանչում։ Ընկերուհիս 2 անգամ եղել էր Արարատի գագաթին, ու կատակով ասում էի, որ ես ու Աստղիկը միջինում մեկ անգամ բարձրացել ենք Արարատն ու բավարարվում «չվաստակած» վերելքով։ Արարատ բարձրանալու ցանկությունը շատ հանկարծակի առաջացավ 2023 թվականի ամռան կեսերին, բայց քանի որ վերելքի համար ինտենսիվ արշավել, մարզվել, նախապատրաստվել էր պետք, չհամարձակվեցի գրանցվել։ Մեկ տարի Արարատի մասին միտքը պտտվում էր գլխումս, մեկ վախենում, մեկ ոգևորվում էի։ Թեև այդպես էլ չկարողացա իմ պատկերացրածի չափով մարզվել ու նախապատրաստվել, բայց հետ դարձի ճամփա չկար, պետք է գնայի ու վերջ։ Արդեն կպչուն միտք էր դարձել։
Սպասված արևածագը՝ Արարատի գագաթից
Վերջին շրջանում պատկերացնում էի այն պահը, որ վերջապես ես էլ իմ աչքերով Արարատի լանջերից կտեսնեմ արևի ծագելը, Արարատի ստվերը երկրի վրա: Կտեսնեմ գագաթից բացվող տեսարանները, պայծառ եղանակն ու մեր ուրախ, երկար ժամանցը գագաթին: Բայց եղանակն այլ պլաններ ուներ՝ մառախուղ, կարկուտ, ուժեղ քամի․․․ Միայն այս մասով ակնկալիքները չարդարացան, բայց մնացած առումներով ավելին էր, քան մտածել եմ։
Մինչև վերելքն էլ, հիմա էլ Արարատը տղամարդու հետ է ասոցացվել, ուղղակի հիմա ավելի պարզ է նրա բնույթը։ Արարատն ինձ համար հայ տղամարդ է, զուսպ, պարզ, բայց ոչ պարզունակ։ Իր քարքարոտությունը կամքի ամրությունն է: Իսկ վրայի համեստ բուսականությունը՝ զուսպ էության մեջ թաքնված զգացմունքայնությունը՝ արտահայտված անթառամներով և անուշաբույր ուրցով։
Վերևից բացվող տեսարաններն են ինձ սարեր տանում
Ես կենտրոնացել էի հիմնականում ցրտի վրա, քանի որ ցրտադիմացկուն չեմ: Պարզվեց՝ դա ամենահեշտ լուծվողներից էր, թեև նախատեսված արևի փոխարեն կարկուտ, մառախուղ եղավ, և ուժեղ քամին մեզ դիմավորեց։ Ամենադժվարը գագաթից տեսարան չլինելու մտքի հետ համակերպվելն էր, որովհետև ես դեռ փոքր տարիքից սիրում եմ վերևից բացվող տեսարանները, ու հենց դա էլ ինձ սարեր է տանում։
Այդ դժվարությունն օգնում էր հաղթահարել այն միտքը, որ այդ ամենը փոխելն իմ ձեռքերում չէ ու պետք է բարձրանամ՝ թեկուզ բարձրության, ճնշման տատանման, և եղանակի մարտահրավերն ընդունելու համար։ Այդ պահին օգնում էին նաև ընկերներիս ջերմ ու պարտավորեցնող խոսքերը, որոնցով ինձ ճանապարհել էին դեպի նպատակի իրականացում։
Արարատը՝ որպես պատմությունների լուռ վավերագիր
Մինչև ուղևորությունը, արհեստական բանականությամբ Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա երգ էի գեներացրել Արարատի մասին, որ այն ուղեկցի ինձ ողջ ընթացքում ու դառնա ուղևորությանս հիմնը։ Ուզում էի վերելքի ոգևորության պահերին այն ինձ հիշեցնի, թե քանիսն ինձ նման կգան ու կանցնեն, իսկ նա կմնա, որպես տարբեր ժամանակների մարդկանց պատմությունների լուռ վավերագիր: Ոմանց համար էլ` երազնանքների իրականացման վկա։
«Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես
Ու անցել։
Հերթը մի պահ քոնն է հիմա,
Դո՛ւ էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցի՛ր․․․»
Մի հետաքրքիր զուգադիպությամբ, քայլելու ընթացքում կապի խնդիր եղավ, ու ստիպված էի բավարարվել հեռախոսիս մեջ եղածով: Իսկ այնտեղ միայն իմ սիրելի երգչի վերջին երգի պրեմիերայի ձայնագրությունն էր։ Արդյունքում քայլքի ժամանակ ինձ ուղեկցեց մի ռոմատիկ, սիրուն երգ, ու դրա ազդեցության պատճառով Արարատից միայն սրտանման քարեր եմ բերել։
Եթե մեկ բառով նկարագրելու լինեմ ինձ Արարատի գագաթին, կարող եմ ասել՝ շփոթված
Երբ մառախուղի միջից տեսա այն կետը, որից վերև այլևս տեղ չկար, այդտեղ ավարտվեց սարը: Ու երբ աչքովս ընկան մյուս հուզված մասնակիցները, գիտակցեցի, որ հասել ենք գագաթ: Շատ տարօրինակ զգացում էր, չէի հասկանում ինչ եմ զգում, ինչու եմ արտասվում։ Միգուցե այդ պահին ոչ թե ուրախության, այլ տխրության արցունքներ էին, որովհետև ևս մեկ անգամ գիտակցեցի, որ այդքան հայակական Արարատը մերը չէ։
Արարատը տվեց հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար
Վերելքն, անկասկած ավելացրեց ինքնավստահությունս, օգնեց ավելի լավ ճանաչել ինքս ինձ։
Արարատի լանջերին քայլքը յուրօրինակ մեդիտացիա էր, ինքնաճանաչում: Այն սովորեցրեց առաջին անգամ ոչ թե ինքնաքննադատ լինել, այլ տեսնել բոլոր լավ հատկանիշները, որոնք ինձ թույլ կտային հաղթահարել առաջիկա ֆիզիկական դժվարություններն ու հասնել նպատակին: Այդ պահին կյանքումս ամենաշատն եմ ուժ տվող, ոգևորող լավ բառեր ասել ինքս ինձ։ Մտածում էի, որ ամենակարևոր խնդիրն իմ ուժեղ լինելն է: Հաջող վերելքը միայն ինձնից է կախված: Բայց Արարատը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Կան իրադարձություններ, որոնք մենք չենք կարող վերահսկել, բայց թե ինչպես մենք կարձագանքնենք դրանց, արդեն մեր որոշումն է։
Սարերի մարդիկ ուրիշ են
Գագաթից իջնելիս` մի քիչ «նեղացած» էի Արարատից՝ տեսարանը չտեսնելու պատճառով: Միանշանակ մտածում էի, որ նորից չեմ գնա Արարատ: Բայց արդեն Հայաստանում հասկացա, որ մի օր անպայման կվերադառնամ, բայց արդեն ոչ մենակ:
Արարատը տաք էր, քարքարոտ, հետո մառախլապատ, կարկտախառն, ձնոտ, իսկ հետո նորից քարքարոտ ու տաք։
4200-ից դեպի 3200 մետր իջնելիս` մի պահ ասես մենակ մնացի Արարատի հետ։ Այդ պահին հասկացա, որ նրա հետ «մտերմանալու» ավելի լավ առիթ չի կարող լինել։ Քայլում էի անշտապ՝ ամեն քար ու թուփ ուսումնասիրելով: Հանկարծ նկատեցի, որ քարերի ծալքերը մարդկանց դեմքերի եմ նմանեցնում։ Այդ զվարճալի զբաղմունքին ներգրավեցի նաև ինձ մոտեցող մյուս արշավականներին, ու սկսեցինք արդեն միասին դեմքեր տեսնել ու ասել, թե ում ենք նմանեցնում։ Քարային դեմքերն ասես մեր նախնիների դեմքերը լինեին, որոնք Մուշեղ Իշխանի բառերով ասում էին՝ «Հիշի՛ր, որ այս ամենը քեզնից առաջ մենք ենք տեսել, և մեր աչքերի լույսը պայծառ քար է հիմա»:
Արշավները միայն սարերն ու բնությունը չեն, այլ մարդիկ ու այն էմոցիաները, որոնք մենք ապրում ենք միասին այդ ճամփան անցնելիս։ Սարերի մարդիկ ուրիշ են, կարող են կռանալ քո ոտքի կատվիկի արձակված թելերը կապել, ձեռքն ու մեջքը տալ հենվելու համար, մեկ ուրիշին՝ տաքացվող ձեռնոցները, որ չսառեն և այդպես շարունակ։ Նման պահերը չափազանց ջերմացնող են և կարևոր մարդկայինի հանդեպ մեր ներքին հավատի ամրացման համար։
Այդ դրվագները, հաստատ, ընդմիշտ կմնան իմ հիշողություններում ու դեռ երկար կջերմացնեն ինձ։
5165-ը փոխեց կյանքս: Ավելին՝ դեռ շարունակվում է այդ պրոցեսը, և ես հաճույքով հետևում եմ իմ ներսում կատարվող այդ հետաքրքիր փոփոխություններին։
Հասմիկ Զաքարյան
Առաջիկա արշավներ