Արևահարում
«Ես գլխարկ ընդհանրապես չեմ դնում», «իմ մաշկը չի վառվում», «ես ուղղակի լավ սևանում եմ»:
«Որ ծարավեմ՝ կխմեմ», «ֆիզկուլտուրայիս դասատուն ասում էր, որ սպորտով զբաղվելուց ջուր չխմեմ, որ չքրտնեմ», «իսկական տղամարդը պիտի դիմանա ծարավին, բա բանակում ի՞նչ ես անելու»:
Երբեմն մարդիկ, չգիտես ինչու, հակաճառում են և հրաժարվում կատարել նմանատիպ պարզագույն հրահանգներ, որոնք ապահով և հաճելի քայլարշավի կարևորագույն նախապայմաններից են: Հասկանում ենք, որ երբեմն կարող է բարդ լինել կարգ ու կանոնին հետևելը, սակայն կան անվտանգության համար տարրական օրենքներ, որոնց պարտավոր է հետևել ցանկացած մարդ:
Ի՞նչ է արևահարումը
Արևահարումը դա ախտանիշների խումբ է, որն առաջանում է օրգանիզմի գերտաքացումից: Սա, չնայած, կարող է լինել նաև վատ օդափոխվող և տոթ սենյակում, սակայն առավել հաճախ հանդիպում է ամռանը՝ շոգ եղանակին արևի տակ երկար մնալու դեպքում: Այս դեպքում օրգանիզմի վրա ազդում են արևի ինֆրակարմիր ճառագայթները: Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթման զգալի մասը կարելի է կասեցնել անգամ հագուստի բարակ շերտով, ապա ինֆրակարմիր ճառագայթները ներթափանցում են օրգանիզմ՝ տաքացնելով այն:
Անվտանգության կանոնները չպահպանելու և պրոֆիլակտիկան չանելու դեպքում արևահարում հաճախակի լինում է ծովափին հանգստացողների մոտ, բարձր լեռնային գոտում գտնվողների մոտ կամ ալկոհոլի ազդեցությամբ արևի տակ գտնվելու ժամանակ:
Բարձրլեռնային գոտում արևի ճառագայթումն ավելի ուժեղ է, քան ծովի մակարդակին: Այդ իսկ պատճառով Սևանա լճում հանգստացողները միշտ վերադառնում են այրվածքներով՝ գեղեցիկ արևայրուք ստանալու փոխարեն:
Ռիսկային խմբում են գտնվում՝
- Երեխաները
- Ավելորդ քաշ ունեցող մարդիկ
- Սիրտ-անոթային խնդիրներով մարդիկ
- Ալկոհոլի ազդեցության տակ գտնվողները
- Ինտենսիվ ֆիզիկական աշխատանք կատարողները
- Ջրազրկված մարդիկ
- Շաքարային դիաբետով տառապող մարդիկ
- Արևից ալերգիա ունեցող մարդիկ
Մենք խոսել ենք ցրտահարումից և հիպոթերմիայից, սակայն արևահարումն ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել մեզ համար, քանի որ Հայաստանում արշավականներն առավել ակտիվ են հենց ամռան ամիսներին: Իսկ ամռան արևին լեռները, հատկապես 2000 մետրանոցները՝ Հատիս, Արա, Արմաղան, կարող են ավելի վտանգավոր լինել, քան Արագածը, հենց արևի, շոգի և այդ խնդիրներին անգրագետ մոտենալու պատճառով: Մարդ կարող է չգիտակցել, չզգալ, որ արևահարվում է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խմբի մասնակիցները հետևեն միմյանց և ուշադիր լինեն կողքինի ինքնազգացողությանը, որպեսզի ժամանակին նկատեն արևահարման կամ առաջացած այլ խնդիրների նախանշանները:
Ներկայացնենք, թե ինչ է ձեզ սպասվում արևահարման ժամանակ, ապա սովորենք, թե ինչպես է պետք խուսափել դրանից: Արևահարումը բաժանվում է երեք աստիճանի՝ ըստ իրավիճակի, բարդության և սրման:
Եվ այսպես.
*Առաջին աստիճան
- Ընդհանուր թուլություն
- Չոր և կարմրած մաշկ
- Գլխապտույտ և գլխացավ
- Երբեմն մկանային ցավեր
- Սրտխառնոց
- Բիբերի լայնացում
- Հաճախակի և մակերեսային շնչառություն
- Սրտի արագացված աշխատանք
Այս ախտանիշները, գրագետ մոտեցման դեպքում, անցնում են արագ և անհետևանք։
*Երկրորդ աստիճան
- Ուժերի կտրուկ անկում
- Ուժեղ գլխապտույտ և գլխացավ
- Սրտխառնոց և փսխումներ
- Անվստահ, ճոճվող քայլվածք
- Աղմուկ ականջների մեջ
- Քթից արնահոսություն
- Ջերմություն՝ 38-40 աստիճան
∗Երրորդ աստիճան
- Կարմիր այնուհետև կապտավուն դեմք
- Զառանցանք, հալյուցինացիաներ
- Անկառավարելի ջղաձգումներ մկաններում
- Բարձր ջերմություն՝ 41-42 աստիճան
- Սրտի աշխատանքը հասնում է րոպեում 140 կծկման
- Քրտնարտադրության կանգ
- Գիտակցության կորուստ (ընդհուպ մինչև կոմա)
- Անսպասելի մահ (մահացության ցուցանիշը – 20-30%)
Արևահարման պրոֆիլակտիկան
Իրականում ամեն ինչ շատ պարզ է, պետք է ընդամենը
- Հագնել բաց գույնի հագուստ, ցանկալի է ամբողջ մարմինը ծածկող թերմո հագուստ:
Պետք է ընտրել հատուկ արևոտ եղանակների համար նախատեսված թերմոներքնազգեստ, որն առավելագույն արդյունավետությամբ հեռացնում է քրտինքը: Անգամ եթե այդպես դուք մի փոքր շոգեք, դա ավելի լավ է, քան մերկ մարմինը, քանի որ հագուստը հեռացնում է քրտինքը: Իսկ մերկ մարմնի վրա քրտինքը կուտակվում է, սկսում ծորալ, մնում է մաշկի վրա՝ խոչտնդոտելով մաշկի «շնչելուն» և հովացմանը:
- Անպայման պաշտպանեք գլուխը:
Արևապաշտպան գլխարկ, բանդանա, բաֆ, պանամա, ցանկացած բան, որը կպաշտպանի գլուխն ու պարանոցը:
- Արևապաշտպան ակնոց:
- Երեսին, պարանոցին, մարմնի բոլոր բաց հատվածներին և անգամ հագուստի տակ քսել արևապաշտպան քսուկ կամ սփրեյ, առնվազն SPF50 աստիճանի պաշտպանությամբ:
- Չմոռանալ հեղուկ խմելու մասին:
Արդեն բազմիցս կրկնել ենք իզոտոնիկների անհրաժեշտության մասին: Կարող եք գնել հատուկ սպորտային իզոտոնիկներ կամ ինքներդ պատրաստել տնային պայմաններում: Մեկ լիտր ջրին ավելացրեք կես թեյի գդալ կերակրի աղ, կիտրոնի հյութ, մի քանի գդալ շաքարավազ: Կարելի է պատրաստել կանաչ թեյ և այս ամենն ավելացնել դրա մեջ, կամ կարող եք դեղատնից գնել «Րեգիդրոն»: Սա նույն հանքանյութերով հարուստ փոշի է, սակայն առանց անուշահամ հավելումների, այնպես որ նկատի ունեցեք զզվելի համը և ճիշտ չափաբաժնով ավելացրեք որևէ հյութի, կամ թեյի մեջ: Շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակին հեղուկ ընդունել, կամ պարզապես դժվար երթուղու վրա ծուլանում ենք իջեցնել ուսապարկն ուսերից և հանել ջրի շիշը: Այս դեպքերում շատ հարմար է հիդրացիոն պարկը, քանի որ խողովակը ձեռքի տակ է, և խմելը մեծ դժվարություն չի առաջացնում:
Ըստ հնարավորության խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, դրանք առավել վտգանգավոր են ցերեկային ժամերին:
Եթե այնուամենայնիվ բանը հասել է արևահարման
- Պետք է տուժածին տեղափոխել ստվերի տակ՝ հով տեղ:
- Ստուգել շնչառությունը։
Հնարավոր է նա փսխած լինի և բերանի և քթի խոռոչում մնացորդներ կուտակված լինեն: Սա չափազանց վտանգավոր է, քանի որ խցանում է շնչուղիները: Պետք է մաքրել բերանի և քթի խոռոչը մնացորդներից, գլուխը թեքել ետ և կրկին ստուգել շնչառությունը: Անհրաժեշտության դեպքում անցնել արհեստական շնչառության և սրտի անուղղակի մերսման (CPR)՝ մինչև տուժածն ուշքի գա։
- Կանչել շտապ օգնություն, փրկարարների, գտնել տուժածին արագ հիվանդանոց հասցնելու որևէ տարբերակ։
- Ոտքերը մի փոքր բարձրացնել։
- Հանել բոլոր զարդերը, գոտիները, կոշիկները, ցանկացած սեղմող բան, թուլացնել օձիքը, փողկապը, արձակել կոճակները:
- Եթե գիտակցությունը տեղն է՝ հեղուկ խմացնել (հեղուկը պիտի լինի սենյակային ջերմաստիճանից մի փոքր սառը, բայց ոչ սառնարանային)։
- Տեղադրել սառը թրջոցներ գլխին, պարանոցին, ազդրերի տակ դնել սառցե պարկեր, սառը ջրով շիշ, ցանկացած բան, որը կհովացնի տուժածին։
- Ժամանած բժշկին պետք է մանրամասն ներկայացնել կատարվածը և ձեր ձեռնարկած քայլերը:
- Տուժածը պետք է մնա հանգիստ՝ պառկած վիճակում, չնյարդայնանա, կտրուկ շարժումներ չանի: Օգնություն ցուցաբերողի պարտականությունների մեջ մտնում է նաև տուժածին հոգեբանորեն հանգիստ պահելը:
Եվ հիշեք՝ այս ամենը կարող եք խուսափել, եթե պարզապես բավարար քանակությամբ ջուր խմեք և գլխարկ կրեք: