Սուկավետ լեռ (Ջրաբաշխ)
Սուկավետը հրաբխային մեկուսի լեռ է: Վեր է խոյանում Ալաշկերտի դաշտում։ Լեռնագագաթը ունի սլացիկ, կոնաձև տեսք։ Բարձրությունը՝ 3445 մ։ Հնուց ի վեր համարվել է Սուրբ լեռ ալաշկերտցիների համար։ Հանդիսանում է Ջրաբաշխ լեռների ամենաբարձր գագաթը։ Տարբեր աշխարհագրագետներ տարբեր կերպ են ներկայացրել Հայկական Պար լեռնաշղթան և միանշանակ դժվար է ասել արդյոք Սուկավետը Հայկական Պարի ամենաբարձր գագաթն է թե ոչ։ Եթե Մեծ ու Փոքր Մասիսները ընդգրկված են լեռնաշղթայի մեջ ուրեմն ամենաբարձր գագաթը Մեծ Մասիսին է (5165 մ)։
Հայկական Պարը գտնվում է Ներքին Տավրոսի կենտրոնական ու արևելյան մասում։ Հնում հայտնի է եղել 3 գագաթների անունով՝ Այծպտկունքի, Սուկավետի և Բարդողի։ Շուրջ 60 կմ զուգահեռականի ուղղությամբ Դերջանի սարահարթից մինչև Արաքս ձգվում է Այծպտկունքի լեռնաշղթան համանուն գագաթով (3124 մ)։ Լեռների կենտրոնական հատվածում են գտնվում Սուկավետի լեռները համանուն բարձր գագաթով (3445 մ)։ Լեռնաբազուկն ունի հրաբխային ծագում։ Բուսականությունը աղքատիկ է։ Ջրաբաշխից արևելք Բարդողի լեռներն են համանուն գագաթով (2562 մ)։
Սուկավետի լանջերը զառիթափ են, տեղ-տեղ՝ քարակարկառներով: Լեռան լանջերից սկիզբ են առնում Շարիան գետի (Արածանիի վտակ) ձախափնյա վտակները։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Գագաթային մասում ալպյան մարգագետիններ են։
Լեռը տարբեր ժամանակներում կոչվել է նաև Սուկավ, Սուքավետ, Սուկավեթ, Սուքիաս, Ջրաբաշխ, Ջրբաշխ, Ջրաբաշխիս, Քյոսեդաղ, Քոսադաղ, Քոշասար։
Ավանդազրույց Սուկավետի և Ալադաղի մասին
Մի սիրո պատմություն էլ հյուսվել է Հայկական պար լեռնաշղթայի երկու գագաթների՝ Սուկավետի և Ալադաղի մասին։ Սուկավետը եղել է գեղեցիկ հայ հովիվ, իսկ Ալադաղը՝ քրդի նույնքան սիրուն մի աղջիկ, որոնք սարում հանդիպելով միմյանց՝ սիրահարվում են։ Սուկավետը Չանկլի գյուղի քահանայի որդին էր, Ալադաղը՝ Մանդուր գյուղի շեյխի դուստրը։ Հասկանալի է, որ նրանց ծնողները պիտի դեմ լինեին նման ամուսնությանը։ Սիրահարները զանց առնելով ծնողների կամքը՝ Համբարձման տոնի գիշերը փախչում են ամառանոցից ու մի տեղ թաքնվում։ Ծնողներն իմանալով այս մասին՝ անիծում են անհնազանդներին, և սրանք իրարից հեռու լեռներ են դառնում. երիտասարդը՝ Հայկական պարի կենտրոնում, Ալաշկերտ և Բասեն գավառների սահմանագծին, իսկ աղջիկը՝ Վանանդ և Բասեն գավառների միջև՝ կարոտալից հայացքները միշտ իրար հառած։ Երկուսի դեմքին էլ արցունքը սառչում, վերածվում է ձյան։ Սակայն ամեն Համբարձման տոնի գիշերը՝ լուսադեմին, Սուկավետ և Ալադաղ լեռները Չանկլի գյուղի մոտ հանդիպում են իրար, գրկախառնվում, ապա լալով բաժանվում։
Ամեն տարի Համբարձման տոնին հայ և քուրդ երիտասարդները ուխտի էին գնում Ալադաղ, մոմ վառում, հայերեն և քրդերեն սիրային երգեր երգում։
Տեսանյութը՝ Սիփան Գրիգի
Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի, Սիփան Գրիգի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի