Ես Արարատի մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»
Արարատ բարձրանալը միշտ հեռավոր երազանք է եղել։ 2023 թվականից սկսեցի ուսումնասիրել: Տեսա խմբեր, որ գնում են և հստակ որոշեցի՝ անպայման պետք է հաջորդ տարի բարձրանամ և սկսեցի պատրաստվել։
Մինչ գնալն ամեն ինչ անգիր գիտեի: Նայել էի, թե ուր եմ գնալու, որ օրն ուր եմ լինելու, և բացարձակ չէի մտածում՝ եթե հանկարծ…. իսկ իրականում վերելքը ֆանտաստիկ էր։
Վերելքից հետո Արարատն ավելի հարազատ է դարձել
Ամեն օր պատուհանից երբ նայում եմ, մի տեսակ ավելի հարազատ է, քանի որ ես իր մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»։
Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի հայի անհաս ճանապարհի հետ, հարազատ բարեկամի, որին հեռվից կարող ես նայել, բայց չես կարող դիպչել։
Մի քանի օր առաջ ես դրա մասին երազում էի, իսկ հիմա ճանապարհի կեսին եմ
Որպես այդպիսին վախ չի եղել։ Գագաթի վերելքի օրը եղել է անհանգստություն կամ հուզմունք, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել ու չեմ մտածել դրա մասին: Չգիտեմ էլ, թե ինչպես եմ քայլել կամ ինչպես անցավ այդ վերջին 6 ժամը: Ուղղակի քայլել եմ դեպի երազանք։
Դժվարություններն օգնում էին հաղթահարել այն միտքը, որ ես կարող եմ ու պետք է անեմ դա, որովհետև ես դրա մասին մի քանի օր առաջ երազում էի, իսկ հիմա ճանապարհի կեսին եմ։
Մտադրվել էի, որ պետք է «Սարի աղջիկը» գագաթին երգեմ։ Նաև մտքիս հենց «Արարատ» երգն է շատ եղել (Արտո Թ.) ու «Հով արեք,սարեր» երգը…
Արարատը՝ իմաստության և հանդարտության խորհրդանիշ
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ խաղաղված բառով։ Ե՛վ ուրախ էի և՛ տխուր՝ շատ բարդ է նկարագրել։
Արարատն իմ կյանքում երևի ավելի շատ բան է փոխել, քան դեռ հասկանում եմ: Անհասանելի թվացող մանկական երազանքի եմ հասել, գնացել հայի կարոտած սրտի մոտ ու հետ եկել։ Շատ ոգևորված ու մոտիվացված եմ հետ եկել։ Մի տեսակ սկզբում չէի հասկանում, որ ես դա արել եմ։
Արարատն ուրիշ լեռ էր: Իր մոտ հասնելուց՝ անկախ քեզնից լաց ես լինում: Երևի մեծ կարոտից էր կամ շատ սպասված լինելուց։ Արարատը ֆիլմերի մեջ եղած վեհ, իմաստուն, սպիտակ մորուքով ծերուկն է, ով միշտ և ամեն իրավիճակում ելք է տեսնում ու հանդարտ ամեն ինչին հետևում։
Երազանքին հասնելու ցանկությունն օգնում էր հաղթահարել ցանկացած դժվարություն
Երբ հյուրանոցից արդեն շարժվում էինք, այդ ժամանակ նոր հասկացել եմ, որ վերելքը սկսվեց։ Ու իհարկե էլի լաց էի լինում։
Արարատը նկարագրելիս՝ մտքիս առաջինը քարքարոտ բառը եկավ, բայց չեմ ասի, որ դժվար է տրվել կամ էլ ոչինչ այդքան մեծ չի թվացել ինձ այդ պահին։
Երազանքին հասնելու ցանկությունը շատ մեծ էր ու սպասված: Շատ կետրոնացած էի այդ մտքի վրա, դրա համար քարքարոտ լինելը, դժվարությունները զրոյանում էին՝ հատկապես իջնելուց հետո։ Ես մինչ գնալն էլ մի վայրկյան նույնիսկ չեմ մտածել, որ չեմ կարողանա: Ես մտածել եմ, որ ես դա պետք է անեմ և վերջ: Բայց այո՝ քարքարոտ էր։
Կարոտել եմ արդեն Արարատը և միանշանակ պատրաստվում եմ վերադառնալ։
Նելլի Սահակյան
Առաջիկա արշավներ