Արկածներ որոնողը
Շատ եմ ճանապարհորդել, բայց Ստեփանի հետ ծանոթանալուց հետո ճանապարհորդությունները բաժանում եմ երկու խմբի` ճանապարհորդել և ճանապարհորդել Ստեփանի հետ:
«Թռչկանիս հանգիստ թողեք…»
Թռչկանի ջրվեժը վտանգված էր: Մի խումբ երիտասարդներով գնացել էինք խնդրին տեղում ծանոթանալու: Գիտեի, որ նա Չիչխանավանքի մոտ է գործի բերումով: Վերադարձի ճանապարհին զանգեցի և ասացի, որ ցանկություն ունենք հանդիպելու իր հետ և լսելու նրա կարծիքը այս խնդրի շուրջ: Ստեփանն եկավ մի խումբ տղերքի հետ, ամենքն այս հարցի շուրջ վրդովված էին երևում, բայց բոլորը լուռ էին: Խոսում էր միայն Ստեփանը: Նրան վստահում էին, գիտեին՝ նա ամենից լավ կներկայացնի իրավիճակը: Ինձ դուր եկավ Ստեփանի խոսելը, ոչ թե նրա համար, որ խոսում է գիտական լեզվով, փաստերով և այլն, այլ նրա համար, որ կարճ կոնկրետ ասաց.
– Ֆեյսբուքում մեկ-մեկ հանդիպում են մասնագետներ, մեկ էլ գրում են ՀԷԿ-ը տնտեսության համար լավ ա… ախպեր ջան, Թռչկանիս հանգիստ թողեք, ՀԷԿ-ը լավ ա, էս ա, էն ա, գնացեք ուրիշ տեղ կառուցեք, ջրվեժիս մի կպեք:
Թռչկանն ինձ տվեց ընկեր
Մեր առաջին ճանապարհորդությունը գործնական էր: Գործնական ասելով՝ նկատի ունեմ՝ հաճույքի համար չէինք իրար հետ ճանապարհ ընկել: Գնում էինք Թռչկանի ջրվեժի տարածքում հետախուզական աշխատանքների: Այդ ժամանակ մենք գրեթե ծանոթ չէինք, բայց ես, չգիտեմ ինչու, վստահում էի նրան: Հիշում եմ՝ դեռ պայքարի արդյունքը պարզ չէր, Ստեփանը կանչեց իր մոտ, տվեց ինձ գիրք ջրվեժների մասին, որ կարդամ, ծանոթանամ, որ ավելի լավ տիրապետեմ խնդրին: Վերջում էլ ասաց, որ հանկարծ չհուսահատվեմ, միանգամից ոչինչ չի լինում, այս հարցը կարող է տարիներ տևել, բայց վերջիվերջո կլուծվի: Թռչկանի պայքարն ավարտվեց հաղթանակով: Այդ հաղթանակի մասին չեմ ուզում խոսել, հաղթանակի արդյունքը հենց ջրվեժն է, որն այսօր էլ կա: Ես ուզում եմ խոսել ձեռքբերման մասին: Թռչկանն ինձ տվեց ընկեր: Մեր տարիքային տարբերությունը մեծ է, բայց երբեք չեմ զգացել տարիքային խոչընդոտ, նա հոգով երիտասարդ է:
Միշտ մտքումս ասել եմ. «Երանի քո հավեսին, որ կարողանում ես ամեն մարդու հետ այդքան լեզու թրջել, նույն բանը այդքան բացատրել, ներկայացնել, սովորեցնել»: Նա կարծես հոգնել չունի, ամբողջ օրն առույգ է, իր էներգիան տարածում է շրջապատի վրա, միայն երբ պառկում է անկողնում, մեկ էլ կլսես ՝ արա, բայց էսօր հոգնեցի… ու միանգամից քնում է: «Հոգնել» բառը օգտագործում է օրվա մեջ մի անգամ` քնելուց առաջ: Առավոտյան լուսաբացի հետ նա արդեն սուրճ է խմում: Ստեփանի հետ ճանապարհորդելը նման է հանրագիտարան կարդալուն:
Ստեփանի պես Հայաստանը ճանաչող մարդ չեմ հանդիպել
Ապրածս 30 տարիների ընթացքում հանդիպել էի տարբեր ճանապարհորդների, հայրենիքը լավ ճանաչողների, մեծ փորձ ունեցող արշավականների և լեռնագնացների, բայց Ստեփանի պես Հայաստանը ճանաչող մարդ չէի հանդիպել: Նա գիտի Հայաստանի ամեն ծառ ու թուփ, պատմամշակութային կոթողներից սկսած, վերջացրած մեր բնաշխարհի ապարներով ու նրանց վրա ապրող մոծակներով: Ամեն օր նոր բան ես իմանում, նորը սովորում: Նա ինձ ցույց տվեց ուրիշ Արցախ, ուրիշ Սյունիք, Լոռի և այլն: Որևէ գյուղի մասին չի պատմում լսելով կամ կարդալով: Նա այդ բնակավայրերում ապրել, արարել ու ստեղծագործել է: Մասնագիտությամբ լինելով վերականգնող ճարտարապետ՝ բազմաթիվ կոթողներ ու հուշարձաններ են նրա ձեռքով նոր կյանք ստացել, վերածնվել: Մեկ էլ մտնում ենք գյուղ, ու ով տեսնում է, ժպիտը դեմքին մոտենում, բարևում է, հետաքրքրվում առողջականից: Մեկ էլ գյուղապետի ականջն է ընկնում՝ Ստեփանն եկել է, միանգամից հրավիրում է հացի, բայց Ստեփանը նախընտրում է բնության մեջ հաց կիսել: Միշտ ասում է.
– Մենք չոլի մարդ ենք, խոտերի մեջ նստենք, մի կտոր հաց ուտենք, բնությունը վայելենք:
Ստեփանի հետ երբեք չես ձանձրանա
Չէ, հաստատ նրա հետ ճանապարհորդելն ուրիշ է: Մեքենան միշտ լցված է արշավային պարագաներով: Ցանկացած պահի, ցանկացած տեղ նա կարող է հանել ամենաանհրաժեշտը, սկսած սուրճ եփելու հարմարանքներից մինչև մեղվի կծելու դեմ սարքերից: Ստեփանը օրը քամում է մինչև վերջ: Նրա հետ երբեք չես ձանձրանա:
Մեքենայով գնում ենք, մեկ էլ կմտնի անտառի մեջ, մի արահետով կգնա ու կասի. «էստեղ շատ սիրուն ճամփա կա, հիշում եմ»: Մտնում ենք մի նեղ արահետով ու հայտնվում մի այլ աշխարհում, կարող եք 100 անգամ անցնել նույն տեղով ու չիմանալ, որ էստեղ նման ճանապարհ կար, բայց ոչ Ստեփանի հետ: Նա գիտի ամեն գյուղ գնացող լեռնային, անտառային, նույնիսկ կուսական ճանապարհները: Մեկ էլ ճանապարհից կշեղվի.
– Աղբյուրի մոտ նստենք, մի հատ սուրճ եփենք, խմենք:
Որտեղից էլ հիշում է այդքան աղբյուրների տեղը, չգիտեմ:
Բա երաժշտությունը: Միշտ հատուկ ձայնագրած, եսիմ որտեղից բերված ու եսիմ ում երգած երգերն է միացնում ու զգում ես, որ սա է երաժշտությունը: Մեկ էլ երգչի անձնական կյանքից նենց դեպք կպատմի, որ մտածում ես՝ լավ, բա էս որտեղից գիտի: Ստեփանն ամեն ինչ գիտի: Օրվա ընթացքում խոսում ենք որևէ թեմայից, որոշ ժամանակ անց, որ արդեն մոռացել ես նույնիսկ ինչի մասին է խոսքը, մեկ էլ կզանգի.
– էն հիշու՞մ ես, որ ասում էի էն գիրքը, ճարել եմ, արի տար:
Ստեփանի հետ ծանոթությունը համարում եմ պարգև Թռչկանի դիմաց: Չլիներ Թռչկանն ու Ստեփանը՝ հաստատ մի բան պակաս կլիներ իմ կյանքում:
Առողջություն Ստեփան ջան, Ձեզ միշտ պետք է առույգ տեսնենք: Ինչպես դուք եք ասում ամեն ճանապարհորդության վերջում՝ արկածները շարունակվում են:
Հեղինակ՝ Տիգրան Շահբազյան
Ճանապարհորդական Բլոգ