Սուրբ Թովմաս վանքը
Հայկական լեռնաշխարհի լեռների կանչով տարված ուսումնասիրում էի թուրք լեռնագնացների վերելքները: Աչքովս ընկավ մի արշավախումբ, որը Վանա լճի ափով բարձրանում է դեպի լեռան լանջին գտնվող վանական համալիր ՝ Սուրբ Թովմաս վանք: Վանա լճի ափին եթե եկեղեցի կա ուրեմն հայկական է: Մեր արշավների նպատակը բնական հուշարձաններ բացահայտելն է, սակայն այս վանքի աշխարհագրական դիրքը չէր կարող մեզ անտարբեր թողնել: Վանական համալիրը այնպես ներդաշնակ էր Վանա լճի հետ, բնությունն ու ճարտարապետությունը այնքան հայկական էին, այնքան պատմական շունչ կար այդ տեսարանում, որ որոշեցի անպայման այս երթուղին էլ ավելացնել մեր ծրագրի մեջ:
Վարագ լեռան վերելքից հետո վրաններով գիշերեցինք Վանա լճի ափին: Մեր հաջորդ նպատակակետը Սասունն էր: «Դեռ ճամփա ունեինք պիտ հասնեինք Սասուն՝ Մարաթուկ լեռը մեզ էր ըսպասում»: Սասունի ճանապարհին անակնկալ ունեինք: Այդպես էի ներկայացրել բոլորին Սուրբ Թովմաս վանք այցելությունը: Իմ համար այս վանքն անակնկալ բացահայտում էր: Ինչպես նշեցի հատկապես սիրահարվել էի աշխարհագրական դիրքին և համոզված էի, որ մյուսների համար էլ անակնկալ է լինելու: Սուրբ Թովմասը գտնվում է Գանձակ (այժմ Ալթընսաչ) գյուղի մոտակայքում: Հենց մտանք գյուղ միանգամից կանգ առանք հայկական եկեղեցու մոտ: Մենք բոլորս առաջին անգամ էինք այստեղ, բայց հայերի մոտ կարծես բնազդ լինի բազմաթիվ շինություններից միանգամից տարբերել եկեղեցին: Եկեղեցին ախոռի վերածված կիսաքանդ մի շինություն էր, որի տանիքին կովեր էին արածում:
Ճանապարի մյուս կողմում խաչքարի կտոր էր գցած: Մտածեցի, որ հավանաբար մի դարից ավել այդ քարի կտորը նույն տեղում է և ոչ մեկին չի հետաքրքրում: Քանի որ հարմար չի շինարարության մեջ օգտագործելու համար: Մտքերով տարված դուրս եկանք գյուղից և շարունակեցինք ճանապարհը Վանա լճի ափով: Բարձունքի վրա երևաց վանքը և բոլորը հասկացան ուր ենք գնում, բայց դեռ չգիտեին ինչ տեսարան է բացվում վերևից:
Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ` վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում Մանուել ճարտարապետի կողմից: Եկեղեցու վրա առկա հայատառ գրության համաձայն` այն վերանորոգվել է 1581 թվականին, իսկ 1671-ին կառուցվել են վանքի շուրջ կանգնած պարիսպները: 1801 թվականին այն կրկին վերանորոգվում է: Վանքը գործել է մինչև 1915 թ.: Վանքից 100 մետր արևմուտք հայկական գերեզմանատունն է, որտեղ դեռևս պահպանվել են մեծ թվով նախշազարդ տապանաքարեր:
Այժմ վանքը հանձնված է բախտի քմահաճույքին և վերածված է ախոռի: Վանքից քիչ վերև բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սուրբ Թովմաս համալիրն ու Վանա լիճը: Գեղեցկությամբ հիացանք և հեռացանք տխրությամբ:
Տիգրան Շահբազյան
Լուսանկարները՝ Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: