Սբ Նիկողայոս եկեղեցի կամ Նիկողոս վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Գայլի ականջներ լեռան հարավային լանջին՝ լքված գյուղերից Հորադիսում: Չնայած եկեղեցու մասին ուսումնասիրություններ կամ տեղեկություններ չենք հանդիպում, սակայն այն թվագրվում է 17-րդ դար:
Հորադիս
Հորադիս գյուղը Վայոց Ձորի լքված գյուղերից է՝ լինելով թվով 60 լքված բնակատեղիներից մեկը: Այն ապաբնակեցվել է 1970-ականներին, սակայն ձևավորվել էր դեռևս 11-րդ դարում:
2002թ. Հայաստանի կառավարությունը Հորադիս գյուղում հաշվառել է 22 պատմամշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք հիմնականում պատկանում են 16-20-րդ դարեր:
Նիկողայոս եկեղեցի
Նիկողայոս եկեղեցին տեղացիների և շրջակա բնակիչների շրջանում հայտնի է նաև Սբ. Նիկողոս անվամբ: Վանքի թվագրման մասին հանդիպում ենք երկու տարբերակ՝ 1666թ. և 1668թ.: Վերջին թվականը հանդիպում ենք «ՀՀ բնակավայրերի բառարան»-ում, որտեղ նշվում է մի եկեղեցի (առանց անվան)` թվագրվելով 1668թ.:
Սակավ տեղեկությունների համաձայն, Հորադիսում որպես եկեղեցի նշվում է Սբ. Նիկողայոս և Սբ. Աստվածածին եկեղեցիները (Փոքր վանքը), սակայն Փոքր վանքի պարագայում այն չի հիշատակվում հստակ տարեթվով: Մնում է միայն ենթադրել, որ խոսքը Նիկողայոս եկեղեցու մասին է:
Սուրբ Նիկողայոս եկեղեցին գտնվում է Գայլի ականջներ լեռան հարավային լանջին՝ Հորադիս գյուղի կենտրոնում: Վանքն ընդհանուր առմամբ կանգուն վիճակում է՝ պահպանված են վանքի գլխավոր ճակատը, պատերի հիմնական մասը:
Տանիքը գրեթե ամբողջությամբ ավերված է: Առաջին հայացքից, վանքն ուղղանկյուն հատակագիծ ունի, որի ետևի հատվածն այժմ գտնվում է գետնի տակ: Ճակատային հատվածի կամարային սլացիկ հորինվածքը վանքի հիմնական ճարտարապետական առանձնահատկությունն է՝ միանգամից գրավելով ողջ ուշադրությունը: Ըստ երևույթին, վանքի երկու կողմերում եղել են ավանդատներ:
Ներքին սրահը կամարային հորինվածքի շնորհիվ բաժանված է հավասարաչափ հատվածների: Որոշ հատվածներում պատերի մեջ նկատելի են առանձին խաչքարեր, որոնք ուղղահայաց դիրք ունենալու փոխարեն ագուցված են հորիզոնական դիրքով: Սրանից կարելի է ենթադրել, որ վանքը ինչ-որ ժամանակահատվածում վերակառուցվել է, իսկ խաչքարերը եղել են որևէ հին եկեղեցու հատվածներ:
Եկեղեցիներ
Հորադիս գյուղատեղիում կան չորս հոգևոր կենտրոններ՝ Սբ Նիկողայոս վանք, Մեծ վանք, Փոքր վանք և Չռավանք մատուռը: Փոքր վանքը հայտնի է նաև որպես Սբ. Աստվածածին եկեղեցի: «ՀՀ բնակավայրերի բառարան»-ում նշվում է ևս երկու հոգևոր կառույց՝ «Թուխ մանուկ» մատուռ (17-18-րդ դարեր) և Զառավանք (19-րդ դար, Կորոտյունք):
Տեղեկությունների բացակայության դեպքում, միայն կարող ենք ենթադրել, որ Զառավանքը և Չռավանք մատուռը նույն կառույցն են: Քանզի երկուսն էլ տարբեր տեղերում թվագրվում են 19-րդ դար, և նշվում, որ գտնվում են գյուղի արևմտյան կողմում:
Բացի Չռավանք մատուռից, մնացած բոլորրը 17-18-րդ դարի կառույցներ են՝ այդ թվում նաև Սուրբ Նիկողայոս վանքը: Վանքերի և եկեղեցիների կառուցման նման ժամանակգրությունը կարելի է կապել բնակչության աճի և գյուղի պատմամշակութային և հոգևոր կյանքի զարգացման հետ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: