Սբ. Նիկոլայ եկեղեցի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Ամրակից եկեղեցին, գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում՝ Ստեփանավան քաղաքի հարևանությամբ: Չնայած եկեղեցու՝ Սբ. Նիկոլայ անվանը, այն առավել հայտնի է եղել գյուղի՝ Ամրակից անունով:
Ամրակից գյուղ
Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1852թ. Վրաստանից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքների կողմից: Այդ տարիներին գյուղը կոչվել է Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա, սակայն 1938թ. վերանվանվել է Կիրով, իսկ ավելի ուշ ստացել հին պատմական անունը՝ Ամրակից: Կարելի է ենթադրել, որ եկեղեցին Նիկոլայ անվանումը ստացել է գյուղից կամ հակառակը:Չնայած Նիկոլաևկա գյուղում 1960-ականներին մեծապես ռուսներ էին բնակվում, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո տեղի ունեցավ հակառակ գործընթացը՝ գյուղում գերիշխող դարձան հայերը:
Սբ. Նիկոլայ եկեղեցի
Սբ. Նիկոլայ եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները քիչ են և ոչ հստակ: Որոշ տվյալնների համաձայն, այն կառուցվել է 1846թ. կամ 1879թ. Նիկոլաևկա գյուղի կենտրոնում: Այն իր խաչային հորինվածքով պատկանում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղությանը: Չնայած կառույցը քարաշեն է, սակայն տանիքը փայտից է և մետաղապատ:
Սբ. Նիկոլայ եկեղեցին վնասվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից, սակայն նկատելի վնասվածքներ չի կրել՝ դառնալով վթարային կառույց: Եկեղեցու սրբապատկերներն ու եկեղեցապատկան իրերը միայն 2009թ. տեղափոխեցին Գյումրու ռուսական եկեղեցի:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: