Մաստարայի Սբ Հովհաննես եկեղեցի
Մաստարայի Սբ Հովհաննես եկեղեցի մաստարայատիպ կառույցը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Մաստարա գյուղում: Եկեղեցին հաճախ անվանում են պարզապես Մաստարա՝ գյուղի անունով: Հայկական եկեղեցաշինության մեջ Սբ. Հովհաննես եկեղեցին եզակի է իր ճարտարապետական հորինվածքով:
Անվան ծագումը
Վանքի՝ Մաստարա անվան մասին ավանդությունները, կապված են Մաստարա գյուղի հետ, քանի որ վանքն այդ անունը ստացել է գյուղից: Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատությունում ներկայացված ավանդության համաձայն, երբ բերում են Սուրբ Հովհաննեսի մասունքները, նրա աջը թաղում են այնտեղ՝ հետագայում վրան կառուցելով եկեղեցի ու տալով Մաստարա անունը, որը նշանակում էր «մասը տարա»: Գյուղի և վանքի «Մազդարա», «Մասդարա» անվանումները Մաստարայի տարընթերցումներն են, ընդ որում Մազդարան հին ձևերից է:
Ավանդություն
Սակայն գյուղի մասին ավանդություններ շատ կան։ Դրանցից մյուսի համաձայն՝ Մաստարան վանքապատկան գյուղ է եղել և պատկանել է Էջմիածնի եկեղեցուն։ Գյուղի եկամտի մի մասը որպես հարկ տարվել է Էջմիածին։ Ամեն տարի, երբ բերքահավաքը ավարտվում էր, և գալիս էր հարկերը տանելու ժամանակը, բերքով ծանրաբեռնված սայլերը դուրս էին գալիս գյուղից և բռնում Էջմիածին տանող ճանապարհը, գյուղացիները, միմյանց ձայնելով, ասում էին՝ «Մասը տարան, մասը տարան»: Որտեղից էլ առաջանում է Մաստարա անվանումը։
Պատմություն
Սբ. Հովհաննես եկեղեցու մասին պատմական վկայություններ չկան, սակայն եկեղեցու վրա կան երեք պահպանված արձանագրություններ: Դրանցից մեկը վկայում է մի Գրիգորաս վանականի մասին, ով հանդես է գալիս որպես եկեղեցու կառուցող: Այդ արձանագրությունը վերաբերում է 7-րդ դարին:
Սակայն արձանագրության հետագա ուսումնասիրության շնորհիվ պարզ է դարձել, որ եկեղեցին ոչ թե կառուցվել, այլ վերանորոգվել է 7-րդ դարում, իսկ Գրիգորաս վանականը ոչ թե եկեղեցու հիմանդիրն է, այլ վերակառուցողը:
Ճարտարապետություն
Մաստարայի Սբ Հովհաննես եկեղեցի մաստարայատիպ կառույցն այսպիսով թվագրվում է 5-րդ դար: Այդ եզրահանգմանը մասնագետները եկել են ոչ միայն արձանագրության ուսումնասիրությունից, այլև եկեղեու ճարտարապետական հորինվածքից ելնելով: Եկեղեցու ճարտարապետական լուծումները և մոտեցումը՝ 1.30 մ լայնության պատերը, խորանների և կամարների պայտի ձևվածքը, քերովբեների՝ աստվածաշնչյան երկնային թռչող էակների գծաքանդակները, և մի շարք այլ հատկանիշներ, բնորոշ են 4-5-րդ դարերի ճարտարապետական ոճին և կառուցողական ձեռագրին:
Սբ. Հովհաննես եկեղեցի
Եկեղեցին ունի քառանկյուն հորինվածք, որից տրոմպները ձգվում են վեր և դառնում ութանկյուն, իսկ գմբեթի հատվածում կազմում տասնվեց՝ առավել փոքր տրոմպներ: 16 տրոմպները միաժամանակ ծառայում են որպես գմբեթի հիմք: Իսկ վեղարը կոնաձև է և սալածածկ. որը նախկինում եղել է կղմինդրյա: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, որոնք բացվում են եկեղեցու խորաններից:
Ուշադրության է արժանի նաև եկեղեցու ներքին հորինվածքը, որը գմբեթի սլացիկության և տրոմպների շնորհիվ թողնում է վեհ՝ վեր խոյացող տպավորություն:
Մաստարայատիպ եկեղեցիներ
Յուրաքանչյուր կառույց ունենում է իր առանձնահատկություն՝ լինի դա ճարտարապետական, կառուցողական, թե պատմական: Սբ. Հովհաննես եկեղեցու մասին պատմաքաղաքական տեղեկությունները սակավ են, սակայն այն կառույցն ունի մեկ այլ յուրահատկություն: Սբ. Հովհաննեսը Հայաստանում հանդիպող այն քիչ եկեղեցիներից է, որոնք կոչում են «մաստարայատիպ»: Դա նշանակում է, որ մաստարայատիպ եկեղեցիները թողնում են շրջված զանգի տպավորություն, իսկ ամբողջ շինության ծանրության կենտրոնը գտնվում է կառույցի բարձրության ⅓-ի վրա: Նմանատիպ լուծման շնորհիվ եկեղեցիները դառնում են առավել սեյսմակայուն և ամուր:
Մաստարայատիպ եկեղեցիները հիմնականում լինում են մոնոլիթ, այսինքն կամ միաքար են կամ թողնում են նման տպավորություն: Մաստարայատիպ եկեղեցիների շարքին են դասվում Ոսկեպարի Սբ. Աստվածածին, Արթիկի Մեծ և Կարսի Առաքելոց եկեղեցինները, ինչպես նաև Հառիճի վանքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: