Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցի
Արուճ գյուղի գլխավոր հոգևոր հուշարձանը Սբ. Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում: Այն տեղակայված է Արագածի արևմտյան լանջին: Արուճ գյուղը Մամիկոնյանների օրոք եղել է Հայաստանի վարչական կենտրոնը, ինչն իր ազդեցությունն էր ունեցել մշակութային և հոգևոր կյանքի զարգացման վրա, որի լավագույն օրինակը Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին է:
Հիմնադրում
Մեզ հասած շինարարական արձանագրությունների շնորհիվ պարզ է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ըստ այդմ, եկեղեցու կառուցումը սկսել է Գրիգոր Մամիկոնյանը 662թ. մարտի 25-ին՝ իր իշխանության անցնելու հաջորդ տարում, սակայն եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել միայն 666թ.:
Պատմիչներ Ս. Անեցին և Կ. Գանձակեցին անդրադառնալով Արուճի վանքին, գրել են, որ այն օծվել է հենց 666թ. Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի կողմից:
Գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի
Գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիները մեծ տարածում են ունեցել հայ միջնադարյան ճարտարապետության մեջ, իսկ Արուճի վանքը այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակ է՝ իր չափսերով լինելով ամենամեծը: Նույնիսկ առանց գմբեթի այն գերիշխող դիրք ունի գյուղի նկատմամբ:
Գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներին բնորոշ է ներքին տարածության միասնականությունն ու ամբողջականությունը: Ի տարբերություն մյուս տիպի եկեղեցիներին, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիները չունեն սյուներ, այլ հենվում են երկու զույգ որմնասյուների վրա:
Ճարտարապետություն
Արուճի վանքն ու Պտղնիի եկեղեցին միմյանց շատ նման են, չնայած Արուճի եկեղեցու ճարտարապետը ոգեշնչվել է Զվարթնոցի տաճարի ճարտարապետությամբ: Գմբեթի թմբուկը դրված է ոչ թե տրոմպների վրա, ինչպես բնորոշ էր միջնադարրում, այլ Զվարթնոցի օրինակով կիրառված է առագաստային համակարգը:
Եկեղեցու գմբեթը, որն այսօր կիսավեր վիճակում է, ունեցել է 12 կամարազարդ նիստեր, իսկ նիստերի վրա 12 պատուհաններ, ինչպես Թալինի Կաթողիկե եկեղեցում: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին եկեղեցու գմբեթն ավերվել է 970-973թթ. երկրաշարժից:
Եկեղեցու հարդարանքը
Եկեղեցու ատաքին հարդարանքի հիմնական տարրը պատուհաններն են, որոնց մեծ մասը եզերված են զարդաքանդակներով: Պատուհանների վերին հատվածը եզերող քիվերը՝ փոքրիկ կամարները, իրենց հյուսվածքային մշակմամբ նման են Զվարթնոց տաճարի քիվային հորինվածքին։
Արտաքին հարդարանքում պատուհանների նման կենտրոնացումը առաջին հերթին եկեղեցու առանձնահատկությունն է՝ միաժամանակ լուծելով մեկ այլ շինարարական խնդիր։ Պատուհաններն ու երեք հսկայական դռներն ապահովել են եկեղեցու լուսավորությունը։ Լուսային նման առատությունն էլ իր հերթին պետք է ընդգծեր եկեղեցու ներքին հարդարանքը՝ որմնանկարները։
Որմնանկարները
Արուճի վանքի Սբ. Գրիգոր եկեղեցին թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքում ունի մեկ գլխավոր հորինվածք և արտահայտչամիջոց։ Ճարտարապետական հորինվածքից զատ, եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում ոչ թե քանդակային լուծումերով, ինչպես հայկական շատ եկեղեցիների դեպքում, այլ առանձնանում է իր որմնանկարներով: Դրանց շնորհիվ եկեղեցին իր առանձնահատուկ տեղն է ունեցել վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության մեջ:
Որմնանկարներով զարդարված են եկեղեցու բոլոր ներքին պատերը, սակայն դրանցից պահպանվել են շատ քչերը: Ավագ խորանի գմբեթաբերդում պատկերված էր Հիսուս Քրիստոսի 7 մետր բարձրություն ունեցող որմնանկարը, որի պատկերման ժամանակ օգտագործել էին ոսկի, ինչի շնորհիվ եկեղեցու այդ հատվածը լույսի առատության ազդեցությամբ թողնում էր շլացուցիչ տպավորություն:
Աղվանքի իշխանի տպավորությունը
Պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր «Պատմություն» աշխատությունում գրել էր, որ Արուճի վանքը մեծ ազդեցություն է թողնում ժամանակակիցների, այդ թվում նաև Աղվանքի իշխան Ջվանշիրի վրա: Գ. Մամիկոնյանն ու Անաստաս կաթողիկոսը ջերմ ընդունում են Ջվանշիրին Արուճ կենտրոնում, անշուշտ նրան ցույց տալով նաև Սբ. Գրիգոր եկեղեցին: Պատմիչն ասում է, որ Աղվանքի իշխանն այնքան է տպավորված լինում եկեղեցու որմնանկարներով, որ վերադառնալով իր երկիր, միանգամից ձեռնամուխ է լինում Գերդմանում կառուցած տաճարի որմնանկարազարդմանը: Պատմիչը գրում է, «իսկ և իսկ»՝ այպիսով շեշտելով Ջվանշիրի՝ եկեղեցու որմնանկարներից ստացած տպավորությունը:
7-րդ դարի գոհար
Հայ նշանավոր գիտնական և ճարտարապետ Թ. Թորամանյանը խոսելով Արուճի վանքի մասին, այն անվանում է «Արուճի մեջ…Գրիգոր Մամիկոնյանի…կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ»՝ հատկապես ուշադրություն դարձնելով եկեղեցու շինարարական արվեստին:
Հոդվածը գրելիս օգտվել ենք Կ. Մաթևոսյանի «Արուճ» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: