Սրվեղի վանք
Սրվեղի վանք աղյուսաշեն համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում:
Սրվեղի վանքի մասին տեղեկություններ մեզ չեն հասել, իսկ վանքի պատերին եղած արձանագրությունները սուղ են՝ տալով կցկտուր պատկերացումներ վանքի պատմության և ճարտարապետության մասին:
Առանջորդվելով վանքի արձանագրություններով և ուսումնասիրելով կիսավեր շինությունները, կարող ենք ասել, որ այն եղել է հայ միջնադարյան վանական համալիր: Ըստ Ս. Կարապետյանի վանքը կառուցվել է 13-րդ դարում, սակայն հստակ տարեգրություն նշել չենք կարող:
Ճարտարապետություն
Վանական համալիրի կազմում են գտնվում Սբ. Նշան և Սբ. Աստվածածին եկեղեցիները, ձիթհանքը, բնակելի և տնտեսական կառույցներ, գերեզմանոցներ:
Սբ. Նշան եկեղեցի
Այն համարվում է համալիրի գլխավոր եկեղեցին, որի պատերի ստորին շերտերը շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով, սակայն պատերը հիմնականում կառուցված են թրծած աղյուսից: Անսյուն է և ունի գմբեթավոր դահլիճ: Երկու զույգ որմնասյուները միանում են իրար, և իրենց վրա պահում երկարավուն, 12 նիստավոր, սրածայր վեղարով գմբեթը: Եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա կառուցված է կամարավոր խորշ՝ մկրտության ավազանով:
Եկեղեցին բազմիցս վերանորոգվել է՝ կորցնելով իր նախնական հորինվածքը: Դրա մասին են վկայում եկեղեցու բոլոր կողմերից՝ ընդհանուր շինարարական նյութին ոչ բնորոշ հատվածները: Ընդհանուր շարվածքից միանգամից առաանձնանում են քանդակազարդ խաչքարերի բեկորները: Եկեղեցու արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դուռը, ինչպես նաև գմբեթը գրեթե ամբողջապես վերանորոգված են:
Ենթադրվում է, որ եկեղեցու վերանորոգված հատվածներում օգտագործել են այլ հին, ավերված վանքերից, հոգևոր կենտրոններից բերված կտորներ: Հետաքրքրական է, որ որոշ նման բեկորների վրա հանդիպում են նաև արձանագրություններ, իսկ որոշ բեկորներ դրվել են շրջված վիճակում:
Հյուսիսային պատի շարվածքի մեջ կա մի արձանագիր բեկոր, որն ըստ երևույթին եղել է դռան շրջանակի ձևավորման մի հատված: Այն ծածկված է կրաշաղախով՝ ընդհանրապես չհամապատասխանելով եկեղեցու աղյուսաշեն հորինվածքին: Ինչպես շատ եկեղեցիների և վանքերի դեպքում, հնարավոր է այստեղ նույնպես նախկինում եղել է ավելի հին եկեղեցի, որի հիման վրա կառուցել կամ վերափոխել են՝ ստանալով Ս. Նշան եկեղեցին: Եվ հնարավոր է, որ այդ քանդակազարդ խաչքարերի բեկորները եղել են հին եկեղեցու կառուցվածքի ավերակներից:
Կրկին հյուսիսային պատի մեջ, սակայն եկեղեցու ներսից՝ մկրտության ավազանի վերևում կա մի ձևավոր մշակված, սակայն շրջված դիրքով մի քար, որի վրա պահպանված է արձանագրություն: Հնագետ, պատմաբան Ս Բարխուդարյանն այն վերծանել է: Ըստ այդմ ստացվում է, որ եկեղեցին կառուցել են Հովհաննես և Սարգիս ճարտարապետները 1152թ.: Այդպիսով Ս. Նշանը համարելով հայկական ճարտարապետության սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից հնագույնը:
Սակայն այս վարկածը այնքան էլ համոզիչ չէ ու մասնագետների շրջանակներում առաջացնում է տարակարծություն: Անբացատրելի է այն փաստը, թե ինչու է արձանագրությունն արված ոչ թե վանքի հիմնային պատերից մեկի վրա, այլ անկասկած ավելի ուշ ամրեցված հատվածում: Այս արձանագրությունը ոչ միայն չի տալիս որևէ հիմնավոր տեղեկություն եկեղեցու մասին, այլև առաջացնում է նոր հարցեր: Անհայտ է մնում նաև այն, թե որ եկեղեցին է կառուցվել 1152թ. Հովհաննես և Սարգիս ճարտարապետների կողմից և որտեղից են բերվել այդ բեկորները:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Այն միանավ եկեղեցի է՝ կառուցված 19-րդ դարում՝ 1889թ., Այգեհովիտ համայնքի քահանա Տեր Հովհաննեսի առաջնորդությամբ: Այս մասին արձանագրվում է եկեղեցու մկրտության ավազանի մոտ տեղադրված քարի վրա: Եկեղեցին կառուցված է կոպտաշար քարից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: