Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Գարունը տարվա լավագույն շրջաններից մեկն է համարվում արշավների համար։ Այս շրջանում կարել է վայելել զարթոնք ապրող բնությունը և գարնանային ջերմ օրերը։ Հայաստանի յուրաքանչյուր մարզում գարնան ամիսները դրսևորվում են յուրովի։ Ինչ որ տեղ դեռ շարունակում է ձնածածկ մնալ, մեկ այլ վայրում կանաչ դաշտեր են, ծաղկած ծաղիկներ։
Ստորև կարող եք ծանոթանալ մեր կողմից առանձնացված գարնանային ամենագեղեցիկ 5 ուղղությունների հետ։ Ուղղություններից յուրաքանչյուրը բացառիկ է ու յուրովի նրանով, որ հնարավորություն կտա բացահայտել Հայաստանը մեկ այլ, բոլորովին նոր դիտանկյունից և վայելել գարունը նոր գույներով ու նոր շնչով:
Դիմաց լեռ
Դիմաց լեռը (2378 մ) գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում: Գագաթը, գուցե, առանձնապես չտպավորի իր բացառիկությամբ, սակայն գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռնաշղթայի ժայռոտ պատը և Աղստևի կիրճը ՝ կստիպեն մոռանալ տևական ճանապարհի հաղթահարած բարդությունը և վայելել բացվող տեսարանն իր ողջ հմայքով:
Դիմաց լեռը շատերի կողմից սիրելի և ճանաչելի դարձավ նաև Ֆռֆռ քարի բացառիկությամբ: Իրականում այս ժայռը չունի պաշտոնական անուն: Անունը հանդիպվում է «Ռանչպարների կանչը» վեպում, և անվանադրումը նպատակ ուներ հինը վերածնելու և տեղանքին նոր շունչ հաղորդելու: Այս ուղղության մեջ է ներառված նաև Թաքնված ջրվեժը:
Ձորագետի կիրճ
Ձորագետի կիրճը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ կիրճերից մեկը, որը գտնվում է Լոռու մարզում։ Այն Ստեփանավան քաղաքից սկսած ունի մոտավորապես 100 – 120 մ խորություն և կիրճի միջով է հոսում համանուն գետը՝ Ձորագետը, որի երկարությունը 67 կմ է։ Ձորագետի կիրճը հարուստ է մի քանի արշավային երթուղիներով, որոնցից ամենահայտնին համարվում է քայլարշավը դեպի՝ Ցիցքար։ Հանրության շրջանում այս տեղանքը ավելի շատ հայտնի է Արևածագի ձոր անվամբ։
Տեղացի գյուղերի բնակիչների շրջանում տարածված «վեճ» գոյություն ունի, թե որտեղ է գտնվում Ցիցքարը, Կուրթան գյուղի ձորում, թե Արևածագ գյուղի ձորում։ Այս քայլարշավային երթուղու մեջ է ներառված նաև Հնեվանքը, որը VII դ․ վանական համալիր է։
Երանոս լեռ
Երանոս լեռը (1824 մ) գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում: Այս արշավի ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Լեռան գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Ազատի ջրամբար:
Ճանապարհին հանդիպում ենք բնության հուշարձան «Սֆինքսը»:
Օկոնավանք
Շատերն են եղել Լաստիվերում, հիացել հեքիաթային բնությամբ, տնակներով և քարանձավներով: Սակայն ինչ է թաքնված Լաստիվերից այն կողմ շատ քչերին է հայտնի, իսկ շարունակելով ճանապարհը հասնում ես Օկոնավանք:
Վերջինս գտնվում է Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում և դեպի Օկոնավանք տանող արահետը շատ գեղեցիկ է տարվա հատկապես երկու եղանակներին՝ գարնանը և աշնանը: Երթուղին անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով: Օկոնավանք տանող երթուղու երկարությունը 18 կմ է և անցնում է Խաչաղբյուրի կիճի ամբողջ երկայնքով:
Շրեշտասարի շուրջ
Շրեշտասարը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղի մոտ։ Արշավը սկսում ենք Ելփին գյուղից։ Ելփինից բացի Շրեշտասարի շուրջբոլորը գյուղեր են եղել, որոնք այժմ լքված են։ Արշավի ժամանակ անցնում ենք նախկին Վարդենիք գյուղի տարածքով, որտեղ գտնվում է Վարդենիքի լիճը։ Այնուհետև շրջանաձև երթուղով վերադառնում ենք Ելփին գյուղ։ Ճանապարհին անցնում ենք ևս մի լքված գյուղի տարածքով։
Գոյություն ունի ավանդազրույց, որի համաձայն Շրեշտասարի մեջ գանձեր էին պահված, որոնք ձգտում էին գտնել շատ ճանապարհորդներ ու իշխաններ, սակայն իրական գանձը Շրեշտի բնությունն է, որը մենք հաստատ կգտնենք, քայլելով նրա լանջերով։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: