Սպիտակավոր վանական համալիր
Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Կառուցվել է 14-րդ դարում՝ իր ուրույն տեղն ունենելավ հայոց ճարտարապետաշինության բնագավառում՝ հանդիսանալով մշակութային, կրթական և հոգևոր կենտրոն:
Անվան ծագումը
Վանքը հայտնի է Սպիտակավոր, ինչպես նաև Ծաղկավանք (Ծաղկի վանք, Գյուլիվանք) անուններով: Առաջին դեպքում, վանքը կոչվել է Սպիտակավոր, քանի որ ողջ եկեղեցին կառուցված է սպիտակավուն ֆելզիտ քարից:
Իսկ Ծաղկավանք անունը պայմանավորված է վանքի տեղանքով: Գարնանը վանքի շուրջ ծաղկում են բազմաթիվ ծաղիկներ՝ շրջապատելով վանական համալիրի տարածքը: Ժողովուրդը, այս վանքը, ճանաչում է առավելապես այս անունով:
Պատմությունը
Պատմիչների մոտ Սպիտակավոր վանքի մասին որևէ վկայություն չենք հանդիպում: Ուստի, կարող ենք մոտավոր պատկերացում կազմել միայն վանքի պատերին եղած արձանագրություններից: Ըստ այդ արձանագրություններից մեկի՝ վանքի միակ եկեղեցին կառուցել է Էաչի իշխանը 1300-ականներին: Սակայն նա մահացել է 1318թ. և վանքի կառուցումը ավարտին է հասցրել նրա որդի Ամիր Հասանը՝ 1321թ.: Որևէ այլ տեղեկություններ հիմնադրման մասին չկան:
Այնուամենայնիվ, պատմությունը հուշում է, որ Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին թալանվել, ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, որի արդյունքում այրվել են տնտեսական նշանակության կառույցները: Ավելի ուշ, դիմակայել է 15-րդ դարի թուրքմենական ցեղերի ասպատակություններին: 1604թ. տեղի է ունենում հայերի բռնագաղթը՝ Շահ-Աբբասի կողմից, և այդպիսով դադարում է վանքի գործունեությունը:
Սպիտակավոր վանքը, 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը: 15-րդ դարի 2-րդ կեսին մեզ են հասել վարդապետ Ավագտերի ընդօրինակած ձեռագրերից մի քանիսը: Հենց նրա օրոք է Սպիտակավոր վանքն ապրել իր ծաղկման ժամանակաշրջանը: Վանքին նյութական օժանդակություն են ցուցաբերել Օրբելյանները՝ 1339թ. նվիրաբերելով ընդարձակ այգիներ:
Ըստ ժողովրդական ավանդության` Սպիտակավոր վանքը կրակի լույսի ազդանշաններով կապակցված է եղել Արկազի Սուրբ Խաչ և Թանադե վանքերի հետ՝ միմյանց լուրեր փոխանցելու նպատակով:
Ճարտարապետություն
Սպիտակավոր վանքը Հայաստանի մշակութային հուշարձանների ցանկում է: Այն փոքր վանական համալիր է, որի կազմում գտնվում է եկեղեցին, գավիթը, զանգակատունն ու վանքը շրջանցող ամրոցապատը: Եկեղեցին ունի գմբեթավոր հորինվածք՝ ավագ խորանը շրջապատելով երկու փոքրիկ ավանդատներով:
Վանքն ունի մի մուտք՝ տեղակայված արևմտյան հատվածում: Այն զարդարված է Աստվածամորն ու մանուկ Հիսուսին պատկերող քանդակով: Հիսուս Քրիստոսի ամբողջական հասակով պատկերված քանդակ կա նաև արևելյան կողմում՝ մակագրված «Յիսուս Քրիստոս»:
Սպիտակավոր վանքն ամբողջությամբ զարդարված է բուսական և երկրաչափական շատ նուրբ և մարակրկիտ մշակված զարդաքանդակներով, որոնցում հիմնականում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Գմբեթի հիմնային կամարի վրա պատկերված են հինգ սրբապատկերներ: Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հիսուս Քրիստոսն է իր ավետարանիչներով, իսկ մյուսներն էլ կարծում են, որ պատկերված է Հայր Աստվածը իր չորս հրեշտակներով:
Վանքի հյուսիսային պատին պատկերված են Էաչ և Ամիր Հասան Պռոշյանների քանդակները: Ուսումնասիրությունները փաստում են, որ դրանք հյուսիսային ճակատին ամրեցվել են ոչ թե կառուցման ժամանակ, այլ ավելի ուշ:
Սակայն այսօր այդ զարդաքանդակները գնտվում են Էրմիտաժում, որտեղ տեղափոխվել են վանքի պատից ընկնելուց հետո: Իսկ ահա հարավային պատին ամրեցված քանդակը՝ Ամի Հասանի որսի ժամանակ տեսարանի պատկերմամբ, տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:
Գավիթ և զանգակատուն
Եկեղեցու արևմտյան կողմին կից գտնվում է գավիթը: Այն ունի ուղղանկյուն հատակագիծ, իսկ տանիքը եղել է թաղածածկ: Այժմ պահպանվել են միայն գավիթի պատերի ներքևի քարաշերտերը: Գավթի արևմտյան պատին կից գտնվում է եռահարկ զանգակատունը: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 1330թ.-ին Հովհաննես և Թանձա ամուսինների հովանավորությամբ:
Առաջին հարկը կառուցված է մեծադիր քարերից և ունի ուղղանկյուն ծավալ, երկրորդ հարկն իրրենից ներկայացնում է ուղղանկյուն խորշ, որը բացվում է դեպի արևմուտք: Իսկ երրորդ հարկը միջանցիկ բաց կամար է՝ զուգակցված երկթեք ծածկով: Իսկ ամրոցապատից պահպանվել են միայն ուշ շրջանում կառուցված հատվածները, որոնցից ներս տեղակայված էին գերեզմանատներն ու բնակելի շենքերը:
Գ. Նժդեհի աճյունը
Սպիտակավոր վանքում է ամփոփված ազգային հերոս, մեծ զորավար և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը: Բանն այն է, որ 1955թ. նրան թաղել էին Վլադիմիր քաղաքի բանտային գերեզմանոցում՝ որպես սովորական, աննշան մի մարդ: Սակայն 1983թ. պատմաբան Վարագ Առաքելյանի և մի քանի այլ նշանավոր գործիչների մտադրությամբ, որոշում է կայացվում նրա գերեզմանոցը տեղափոխել Հայաստան: Այս միտքը հաջողում է Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, ով իր ուսապարկում մեկ առ մեկ թաքցրել էր Նժդեհի ոսկորներն ու ապահով տեղափոխել Երևան: Սակայն, խորհրդային այդ ռեժիմի դժվարագույն տարիներին, անհնար էր թվում Նժդեհի հողարկավորության կազմակերպումը՝ վախենալով ԿԳԲ-ի քայլերից:
Օգնության է հասնում Սոս Սարգսյանն ու դիմում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ խնդրելով Նժդեհին հուղարկավորել Սբ. Գայանե եկեղեցու բակում՝ Խենթի գերեզմանի մոտ: Ի պատասխան, կաթողիկոսն առաջարկում է հուղարկավորել Էջմիածնում, որտեղ ավելի պատվաբեր ու արժան կլիներ հուղարկավորել սպարապետին: Սակայն նրանք քաջ գիտակցում էին, որ եթե դրա մասին իմանա ժողովուրդը, ապա կդարձնի նրա գերեազմանն ուխտատեղի, իսկ իշխանությունները միանգամից կիմանան դրա մասին և հետևանքները կլինեն ողբալի: Ուստի, տևական ժամանակ Գ. Նժդեհի ոսկորները արկղով պահվում էին Գուրգեն Արմաղանյանի, ապա Վարագ Առաքելյանի նկուղներում:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց որոշում է կայացվում ոսկորների մի մասը հուղարկավորել Խուստուփ լեռան լանջին: Դա եղել է Նժդեհի ցանկությունը՝ «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երևա և՛ Կապանը, և՛ Գնդեվազը, և՛ Գողթանը, և՛ Գեղվաձորը…»: Ոսկորների մի մասի հուղարկավորումը նպատակ էր հետապնդում, պահպանել գոնե ոսկորների մնացյալ մասը, եթե հանկարծ իշխանություններն իմանան Խուստուփում հուղարկավորված լինելու մասին: Այս իրադարձությունը տեղի է ունենում 1983թ. հոկտեմբերի 7-ին:
Իսկ ահա 1987թ. մայիսին, ոսկորների մնացյալ մասն ամփոփվում է Սպիատակավոր Սբ. Ասվածածին եկեղեցու մոտ: Այժմ ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է տեղի ունենում դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: