info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ջրի աղբյուրները լեռներում

Ջրի աղբյուրները լեռներում

Ջրի աղբյուրները լեռներում

Ջուրը կյանք է: Եթե առանց սնունդ մարդ կարող է մեկ ամիս ապրել, ապա առանց ջրի հազիվ թե գոյատևենք երեք օր: Դա դեռ երբ գտնվում եք քաղաքային պայմաններում: Իսկ լեռներում՝ քայլարշավների ժամանակ, ջրազրկումը կարող է շատ ավելի արագ զարգանալ և ծանր հետևանքներ ունենալ: Ջրազրկման մասին բազմիցս արդեն խոսել ենք, քանի որ այն իր ազդեցությունն ունենում է գրեթե բոլոր խնդիրներում․ կլինի հիպոթերմիա, լեռնային հիվանդություն, թե արևահարում: Եթե մեկ օրանոց քայլարշավների ժամանակ մենք անհրաժեշտ ջրի պաշարը կարող ենք վերցնել մեզ հետ, ապա մի քանի օրանոց երթուղիների վրա պետք է մտածենք, թե ինչպես ենք գտնելու ջրի աղբյուրներ լեռներում: Հիմնականում խնդիրը կայանում է գիշերակացի վայր ընտրության մեջ: Քանի որ երեկոյան ճաշ պատրաստելու, սպասքը լվանալու, լվացվելու և հաջորդ օրվա քայլքի համար ջրի պաշարները լրացնելու համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ: Կա ջուր գտնելու երկու հիմնական տարբերակ, որոնք խելամիտ են և գործածական: Այսինքն գոյատևման ֆիլմերում ցուցադրվող փղի կղանքից կամ ծառի կեղևից ջուր քամելու էկզոտիկ մեթոդները չենք դիտարկում:

Ինչպե՞ս գտնել ջրի աղբյուրներ լեռներում 

Եվ այսպես, դուք կարող եք․

Ծայրահեղ դեպքերում դուք կարող եք նաև անջրաթափանց կտորը պարզելով հավաքել անձրևաջուրն ու առավոտյան ցողը, սակայն եկեք խոստովանենք՝ սա նույնպես պրակտիկ մեթոդ չէ, և իրականում Հայաստանում նման մեթոդի կարիքն էլ չկա:

Ջրի աղբյուրներ լեռներում

Առաջին երկու տարբերակները մեզ ամբողջ կյանքի համար պետք է հիմնականում բավարարեն: Սակայն կա ևս մեկ կարևոր կետ՝ ջուրը ֆիլտրելը: Դրա մասին նույնպես կխոսենք:

Հայաստանում ջրագրական ցանցը շատ խիտ է՝ լեռնային ռելիեֆի շնորհիվ: Իսկ լեռնային արագ հոսք ունեցող գետակներում նաև համեմատաբար մաքուր: Այդ իսկ պատճառով երթուղիների վրա միշտ հանդիպում են գետեր, մեծ ու փոքր լճակներ և ձյունադաշտեր: Բարձր լեռնային գետակների և  ձյունադաշտերից հոսող առվակների ջուրը պիտանի է խմելու համար: Սակայն նրա հանքայնացումը շատ քիչ է և ջրազրկումից խոսափելու համար արժի ավելացնել իզոտոնիկներ, կամ գոնե մի փոքր կերակրի աղ, շաքար և կիտրոնաթթու: Նույնն, ի միջի այլոց, վերաբերում է ձյուն ու սառույց հալեցնելուն: Մի փոքր ավելի զգույշ է պետք մոտենալ լճերին, հատկապես եթե դա փոքր, հոսք չունեցող ծանծաղ լիճ է, օրինակ՝ Նազելի (Բադի) լիճը, Գոշի լիճը և այլն: Այս կետը հիշեք, վերջում անպայման կանդրադառնանք ջրի ֆիլտրացման հարցին, իսկ հիմա ներկայացնենք Արագածի և Գեղամա լեռների երթուղիները՝ հայտնի ջրի աղբուրներով, որտեղից կարելի է ջրի պաշարները լրացնել:

Արագած լեռ

Կա երկու հայտնի երթուղի՝ ստանդարտ Քարի լճից սկսվողը և Գեղարոտի կիրճով՝ Արագած գյուղից սկսվողը: Եթե գիշերակացով արշավը սկսում եք Գեղարոտի կիրճից, ապա ջրի պաշարը լրացնելու համար հենց գետի ջուրն էլ կարող եք օգտագործել, իհարկե, միայն ֆիլտրելուց հետո: Կիրճով շարունակելով դեպի վեր պետք է փնտրել ձյունադաշտեր, որտեղ հնարավոր կլինի հալեցնել ձյունն ու վերածել ջրի, բայց պետք է հաշվի առնել, որ ամառվա ամիսներին ձյունադաշտերն ամբողջությամբ վերանում են, կամ շատ կեղտոտ են լինում: Այնպես որ դա լավագույն տարբերակը չէ, բայց եթե դուք հայտվել եք այնպիսի իրավիճակում, երբ ունեք գոյատևման խնդիր, ապա ձյունադաշտերը և Հյուսիսային գագաթի տակ գտնվող լճերը կարող են ձեր կյանքը փրկել:

Ջրի աղբյուրներ լեռներում

Քարի լճից դեպի հարավ-արևմտյան թամբ և խառնարան երկու ընդունված կետ կա գիշերակացի՝ մեկը հենց թամբի վրա, մյուսը խառնարանի մեջ: Խառնարանում ձյունադաշտերից հոսող առվակներ կան, որոնք միանում են մեկ մեծ առվակի և հոսելով ներքև՝ կազմում Գեղարոտ գետը: Խառնարանի առվակի ջուրը կարելի է խմել (40.50872° N, 44.19115° E): Սակայն այս ջուրը ևս պետք է հանքայնացնել և ուշադիր լինել դեղնասպիտակավուն հողային հատվածներին: Այդտեղից ավելի լավ է ջուր չխմել, քանի որ այդ դեղին հետքերն իրենց մեջ ծծումբ են պարունակում, որը չափազանց թունավոր է: Եթե որոշել եք գիշերել թամբի վրա, ապա այդտեղ դարձյալ ձյունադաշտ կա, որը հիմնականում ողջ ամռան ընթացքում պահպանվում է: Փոքր ինչ ներքև՝ դեպի Քարի լիճ, կան առվակներ, որոնք հոսում են քարերի տակով և տեղ-տեղ դուրս գալիս մակերևույթ՝ հոսելով քարերի վրա:

Արագածում կա մի շատ հարմար տեղ, որտեղ առվակը քարերի վրա փոքրիկ ջրվեժների է նմանվում և շատ նպատակահարմար է ջուր վերցնելու համար: (40.49885° N, 44.17096° E)

Քարի լիճ

Այս առվակը հատկապես հարմար է Արագածի Հյուսիսային կամ Արևմտյան գագաթներից վերադառնալիս, երբ բավականին ուժասպառ եք, ջրի պաշարները վերջացել են կամ շշի միջի ջուրն արդեն տաքացել և պլաստիկից տհաճ համ է ստացել: Արշավականներն այստեղ շատ են սիրում կանգնել լվացվել, մի լավ ջուր խմել, լրացնել պաշարները և շարունակել ճանապարհը: Քանի որ միջին խմբի հաշվարկով մինչև Քարի լիճ դեռ երկու – երեք ժամ լինում է քայլելու, և առավել հարմար տեղ ճանապարհին չկա, ապա ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս աղբյուրը:

Քարի լճի ջրից խմելը մի փոքր վիճելի հարց է, մի պարզ պատճառով՝ խաշանոց: Բայց մի փոքր ներքև ճանապարհի ձախ հատվածի բացատում՝ փոքրիկ լճակի մոտ, ևս կա ջրի աղբյուր: (40.47247° N, 44.18675° E)

Գեղամա լեռներ

Եկեք դիտարկենք ընդունված «Սևաբերդ – Ակնա լիճ – Աժդահակ – Վանքի լիճ – Գողթ» երթուղին

Սևաբերդից սկսած՝ դեռ Սեղանասար չհասած, առաջին իսկ օբայի (եզդիների ճամբար) մոտ կա աղբյուր: Եզդիներն ասում են, որ այդ ջրից չեն խմում և գյուղից խմելու ջուր են բերում: Ամբողջ խմբով, այդ թվում երեխաներ, խմեցինք, որովհետև այլ տարբերակ չկար, պետք է այդտեղ գիշերեինք։ Զարմանալիորեն մեզ ոչինչ չպատահեց: Ջուրն, իհարկե, մի փոքր պղտոր է՝ արժի ֆիլտրել: Հաջորդ կետն անմիջապես Սեղանասարի արևմտյան լանջին գտնվող երկու լճակներն են: Լճակները շատ փոքր են և հոսք չունեն, բայց, ամեն դեպքում, պղտոր չեն: Դարձյալ, ֆիլտրելուց հետո, կարելի է խմել (40°16’19″N 44°52’45″E)։

Հաջորդն արդեն Ակնա լիճն է, որի ջուրը ևս կարող եք խմել։ Լճի արևելյան ափին, որտեղ տաղավար կա` Շուշան հրաբխի հարավարևելյան լանջի տակով, հոսում են առվակներ՝ մաքուր խմելու ջրով (40°16’55″N 44°55’42″E)։

Ակնա լիճն ու Գեղամա լեռները

Այստեղից մեր ճանապարհը շարունակվում է դեպի Աժդահակ լեռը: Վերելքից հետո իջնում ենք Աժդահակի հարավային ստորոտ: Այստեղ հարավային լանջերի ձյունադաշտերից առվակներ են հոսում, որոնք փոքր ինչ ներքև վերածվում են նեղլիկ, բայց բավականին ջրառատ առվակների: Սա շատ հարմար տեղ է գիշերակացի համար, քանի որ նախ ջրի աղբյուր ունենք, երկրորդ՝ այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սպիտակասար, Նազելի և Վիշապասար լեռնագագաթները (40.21835° N, 44.96194° E)։

Հաջորդ ջրի կետը 7 աղբյուր կոչվող տեղանքն է: Այն գտնվում է դեպի Վանքի լիճ տանող կիրճում՝ Վիշապասարի ստորոտին: Այս տեղանքը բավականին թաց ու ճահճոտ է, սակայն կան մաքուր ջրով առվակներ և տեղի հովիվների կողմից պատրաստված աղբյուրներ՝ ջուր հավաքելու համար: Հարմար տեղ է գիշերելու համար։ Կան հարթ մեծ մակերեսներ վրանային ճամբարը տեղակայելու համար (40.17380° N, 44.93358° E)։

Հաջորդ ջրի աղբյուրն արդեն Վանքի լճի մատույցներում է: Լիճ չհասած կա փոքրիկ մետաղյա կամրջակ, որի տակով գետակ է հոսում: Կամրջակն անցնելուց հետո եթե թեքվեք աջ, մի փոքր քայլեք գետակի հունով, ապա ափի մոտ կտեսնեք խողովակ, որտեղից մաքուր խմելու ջուր է բխում: Այդտեղ սովորաբար հովիվներ են լինում, եթե նրանց հարցնեք՝ հստակ տեղը ցույց կտան (40.16179° N, 44.90414° E)։

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Վանքի լճից մինչև Գողթ գյուղը դեռ երկար ճանապարհ կա, և ևս մեկ գիշերակացի անհրաժեշտություն է լինում: Լճից ճանապարհը տանում է դեպի ներքև: Մոտ երկու կիլոմետր քայլելուց հետո հասնում ենք կանաչով ծածկված ձորակի: Այնտեղ վարար գետ է հոսում և ամեն տեղ ուրց ու դաղձ է աճում: Հենց ձորակում՝ ժայռերի տակ, հարմար տեղանք կա վրանների համար: Այստեղ կարող եք գիշերել, կամ պարզապես լրացնել ջրի պաշարները: (40.14254° N, 44.88344° E)

Այստեղից հետո երկար ճանապարհով պետք է իջնել մինչև Գողթ: Ճանապարհի համարյա վերջում՝ վերջին ոլորանների վրա, կա մեծ ուռենի՝ տակն աղբյուր և տաղավար: Սա էլ մեր երթուղու վերջին աղբյուրը:

Ջրի ֆիլտրում 

Մենք իմացանք ջրի աղբյուրների տեղերը, հիմա հասկանանք, թե ինչպես ֆիլտրել ջուրը:

Ջրի աղտոտվածությունը կարող է լինել երեք տեսակի․

Ջրի աղբյուրներ լեռներում

Կա նաև ռադիոակտիվ աղտոտում, բայց մենք այն չենք դիտարկի, քանի որ մի փոքր այլ ոլորտից է, և Հայաստանի լեռներում այդ խնդիրը դժվար թե մեզ սպառնա: Եթե մեխանիկական աղտոտվածությունն անզեն աչքով կարելի է տեսնել, ապա կենսաբանականը՝ ոչ: Քիմիականն էլ՝ կախված թե ինչ բաղադրություն ունի ջուրը և արդյոք դրա մեջ լուծված նյութերը փոխել են ջրի գույնը կամ հոտը: Բարեբախտաբար բարձր լեռնային առվակներում և լճակներում մեզ հիմնականում անհանգստացնում է ջրի մեխանիկական աղտորումը և մասամբ՝ կենսաբանականը: Այս երկուսի հետ, համեմատաբար, հեշտ է պայքարել:

*Ջրի եռացում 

Ջրի եռացումը արդյունավետ կերպով սպանում է միկրոբները, վիրուսները և օրգանական այլ աղտոտումները գրեթե ամբողջովին: Սա առավելությունն է, սակայն ջուրը եռացնելու համար մեծ քանակությամբ էներգիա և ժամանակ է հարկավոր, ինչի հնարավորությունն ինքնավար (ավտոնոմ) արշավների ժամանակ սահմանափակ է լինում: Սակայն ջրի եռացումը չի չեզոքացնում քիմիական և մեխանիկական աղտոտումը: Չնայած լեռնային լճերում և առվակներում քիմիական աղտոտման հավանականությունը շատ ցածր է, քանի որ այդպիսի վայրերում չկան քիմիական ֆաբրիկաներ և այլ մարդածին օբյեկտներ, որոնք կարող են աղտոտել ջուրը: Լեռներում ջրի աղտոտման հիմնական պատճառ կարող են դառնալ անասունները։ Ուշադիր եղեք, անասունները սիրում են պառկել և զովանալ փոքրիկ լճակներում, և նրանց արտաթորանքից ջուրը կարող է աղտոտվել:

*Քլոր

Քլորն արդյունավետ սպանում է միկրոբներն ու բակտերիաները: Եվ, ի տարբերություն, եռացման մեթոդին՝ խլում է հաշված րոպեներ և խնայում է «թանկարժեք» գազը: Կարող եք վերցնել քլորի հաբեր և քլոր պարունակող սպիտակեցնող միջոցներ: Ուշադիր եղեք, որ այն լինի առանց արոմատիզատորների և պարունակի միայն քլոր: Քլորը պետք է աստիճանաբար ավելացնել ջրին: Հենց ջրից թեթևակի քլորի հոտ զգացվի, նշանակում է բավարար է արդեն: Սպասեք մոտ 15 րոպե և վերջ, կարող եք խմել ջուրը: Ջուրը նման մշակում է անցնում ջրամատակարարման կայաններում՝ մինչև մեր ծորակներին հասնելը: Այսօր շուկայում հանդիպում են հատուկ քլորի և յոդի հիմքով հաբեր, որոնք նախատեսված են ջուրը ախտահանելու համար:

*Հատուկ ֆիլտր

Այս ցուցակում առանձին ցանկանում եմ առանձնացնել “Lifestraw” ջրի պորտատիվ ֆիլտրերը: Նմանատիպ ֆիլտրերը աշխատում են մեմբրանային շերտերի միջոցով: Մեմբրանի ծակոտկենությունը շատ փոքր է՝ 2 միկրոն տրամագծով, ինչը կանգնեցնում է ցանկացած մեխանիկական և կենսաբանական ախտոտվածություն:

Ջրի աղբյուրներ լեռներում / Lifestraw ֆիլտր

Այս ֆիլտրերը շատ փոքր են և թեթև, կարելի է պահել անգամ գրպանում՝ 22սմ երկարությամբ և 5 գրամ քաշով:  Այս ֆիլտրերը ի սկզբանե ստեղծվել են Աֆրիկյան երկրների գյուղերի համար, որտեղ խմելու ջրի լուրջ խնդիր կա: Lifestraw ֆիլտրերը մաքրում են պղտոր ցեխաջուրը և դարձնում այն լիովին մաքուր ու թափանցիկ: Այժմ սրանք մեծ տարածում են գտել արշավականների, զբոսաշրջիկների, փրկակարների շրջանում: Հաշվի առնելով համեմատաբար ոչ բարձր գինը, անպայման արժէ նման բան ունենալ ուսապարկում:

*Պատրաստեք ինքներդ

Մեխանիկական աղտոտվածությունից մաքրող պարզագույն ֆիլտր կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Դրա համար ձեզ պետք է բինտ, մանր խճաքար, ակտիվացրած ածուխ և բամբակ: Վերցնում ենք մեկ լիտրանոց պլաստիկ շիշ, կտրում ստորին հատվածը և հերթականությամբ այս նյութերը շարում մեջը: Սկզբից բամբակը՝ ամենաներքևում, հետո ածուխը, խճաքարը և վրայից բինտի մի քանի շերտ: Վերջ, պարզագույն ֆիլտր, որը կմաքրի ջուրը մեխանիկական աղտոտումից, իսկ ակիտվացրած ածուխը որոշ չափով կմաքրի վտանգավոր քիմիական տարրերից: Այսպիսի ֆիլտրերում պետք է հաճախակի փոխել բաղադրիչները, քանի որ իր միջով մեծ քանակությամբ կեղտ անցկացնելուց հետո ֆիլտրը խցանվում է և կորցնում իր մաքրող հատկությունները:

Ուշադիր եղե՛ք, մի մոռացեք բավարար քանակությամբ ջուր խմել և միշտ հետևեք ձեր ջրի պաշարներին:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Օգտակար է իմանալ