Ջրի աղբյուրները լեռներում
Ջուրը կյանք է: Եթե առանց սնունդ մարդ կարող է մեկ ամիս ապրել, ապա առանց ջրի հազիվ թե գոյատևենք երեք օր: Դա դեռ երբ գտնվում եք քաղաքային պայմաններում: Իսկ լեռներում՝ քայլարշավների ժամանակ, ջրազրկումը կարող է շատ ավելի արագ զարգանալ և ծանր հետևանքներ ունենալ: Ջրազրկման մասին բազմիցս արդեն խոսել ենք, քանի որ այն իր ազդեցությունն ունենում է գրեթե բոլոր խնդիրներում․ կլինի հիպոթերմիա, լեռնային հիվանդություն, թե արևահարում: Եթե մեկ օրանոց քայլարշավների ժամանակ մենք անհրաժեշտ ջրի պաշարը կարող ենք վերցնել մեզ հետ, ապա մի քանի օրանոց երթուղիների վրա պետք է մտածենք, թե ինչպես ենք գտնելու ջրի աղբյուրներ լեռներում: Հիմնականում խնդիրը կայանում է գիշերակացի վայր ընտրության մեջ: Քանի որ երեկոյան ճաշ պատրաստելու, սպասքը լվանալու, լվացվելու և հաջորդ օրվա քայլքի համար ջրի պաշարները լրացնելու համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ: Կա ջուր գտնելու երկու հիմնական տարբերակ, որոնք խելամիտ են և գործածական: Այսինքն գոյատևման ֆիլմերում ցուցադրվող փղի կղանքից կամ ծառի կեղևից ջուր քամելու էկզոտիկ մեթոդները չենք դիտարկում:
Ինչպե՞ս գտնել ջրի աղբյուրներ լեռներում
Եվ այսպես, դուք կարող եք․
- գտնել ջրի բնական աղբյուր՝ լիճ, գետակ, լեռնային աղբյուր
- ձյուն և սառույց հալեցնել, դրանց առկայության դեպքում
Ծայրահեղ դեպքերում դուք կարող եք նաև անջրաթափանց կտորը պարզելով հավաքել անձրևաջուրն ու առավոտյան ցողը, սակայն եկեք խոստովանենք՝ սա նույնպես պրակտիկ մեթոդ չէ, և իրականում Հայաստանում նման մեթոդի կարիքն էլ չկա:
Առաջին երկու տարբերակները մեզ ամբողջ կյանքի համար պետք է հիմնականում բավարարեն: Սակայն կա ևս մեկ կարևոր կետ՝ ջուրը ֆիլտրելը: Դրա մասին նույնպես կխոսենք:
Հայաստանում ջրագրական ցանցը շատ խիտ է՝ լեռնային ռելիեֆի շնորհիվ: Իսկ լեռնային արագ հոսք ունեցող գետակներում նաև համեմատաբար մաքուր: Այդ իսկ պատճառով երթուղիների վրա միշտ հանդիպում են գետեր, մեծ ու փոքր լճակներ և ձյունադաշտեր: Բարձր լեռնային գետակների և ձյունադաշտերից հոսող առվակների ջուրը պիտանի է խմելու համար: Սակայն նրա հանքայնացումը շատ քիչ է և ջրազրկումից խոսափելու համար արժի ավելացնել իզոտոնիկներ, կամ գոնե մի փոքր կերակրի աղ, շաքար և կիտրոնաթթու: Նույնն, ի միջի այլոց, վերաբերում է ձյուն ու սառույց հալեցնելուն: Մի փոքր ավելի զգույշ է պետք մոտենալ լճերին, հատկապես եթե դա փոքր, հոսք չունեցող ծանծաղ լիճ է, օրինակ՝ Նազելի (Բադի) լիճը, Գոշի լիճը և այլն: Այս կետը հիշեք, վերջում անպայման կանդրադառնանք ջրի ֆիլտրացման հարցին, իսկ հիմա ներկայացնենք Արագածի և Գեղամա լեռների երթուղիները՝ հայտնի ջրի աղբուրներով, որտեղից կարելի է ջրի պաշարները լրացնել:
Արագած լեռ
Կա երկու հայտնի երթուղի՝ ստանդարտ Քարի լճից սկսվողը և Գեղարոտի կիրճով՝ Արագած գյուղից սկսվողը: Եթե գիշերակացով արշավը սկսում եք Գեղարոտի կիրճից, ապա ջրի պաշարը լրացնելու համար հենց գետի ջուրն էլ կարող եք օգտագործել, իհարկե, միայն ֆիլտրելուց հետո: Կիրճով շարունակելով դեպի վեր պետք է փնտրել ձյունադաշտեր, որտեղ հնարավոր կլինի հալեցնել ձյունն ու վերածել ջրի, բայց պետք է հաշվի առնել, որ ամառվա ամիսներին ձյունադաշտերն ամբողջությամբ վերանում են, կամ շատ կեղտոտ են լինում: Այնպես որ դա լավագույն տարբերակը չէ, բայց եթե դուք հայտվել եք այնպիսի իրավիճակում, երբ ունեք գոյատևման խնդիր, ապա ձյունադաշտերը և Հյուսիսային գագաթի տակ գտնվող լճերը կարող են ձեր կյանքը փրկել:
Քարի լճից դեպի հարավ-արևմտյան թամբ և խառնարան երկու ընդունված կետ կա գիշերակացի՝ մեկը հենց թամբի վրա, մյուսը խառնարանի մեջ: Խառնարանում ձյունադաշտերից հոսող առվակներ կան, որոնք միանում են մեկ մեծ առվակի և հոսելով ներքև՝ կազմում Գեղարոտ գետը: Խառնարանի առվակի ջուրը կարելի է խմել (40.50872° N, 44.19115° E): Սակայն այս ջուրը ևս պետք է հանքայնացնել և ուշադիր լինել դեղնասպիտակավուն հողային հատվածներին: Այդտեղից ավելի լավ է ջուր չխմել, քանի որ այդ դեղին հետքերն իրենց մեջ ծծումբ են պարունակում, որը չափազանց թունավոր է: Եթե որոշել եք գիշերել թամբի վրա, ապա այդտեղ դարձյալ ձյունադաշտ կա, որը հիմնականում ողջ ամռան ընթացքում պահպանվում է: Փոքր ինչ ներքև՝ դեպի Քարի լիճ, կան առվակներ, որոնք հոսում են քարերի տակով և տեղ-տեղ դուրս գալիս մակերևույթ՝ հոսելով քարերի վրա:
Արագածում կա մի շատ հարմար տեղ, որտեղ առվակը քարերի վրա փոքրիկ ջրվեժների է նմանվում և շատ նպատակահարմար է ջուր վերցնելու համար: (40.49885° N, 44.17096° E)
Այս առվակը հատկապես հարմար է Արագածի Հյուսիսային կամ Արևմտյան գագաթներից վերադառնալիս, երբ բավականին ուժասպառ եք, ջրի պաշարները վերջացել են կամ շշի միջի ջուրն արդեն տաքացել և պլաստիկից տհաճ համ է ստացել: Արշավականներն այստեղ շատ են սիրում կանգնել լվացվել, մի լավ ջուր խմել, լրացնել պաշարները և շարունակել ճանապարհը: Քանի որ միջին խմբի հաշվարկով մինչև Քարի լիճ դեռ երկու – երեք ժամ լինում է քայլելու, և առավել հարմար տեղ ճանապարհին չկա, ապա ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս աղբյուրը:
Քարի լճի ջրից խմելը մի փոքր վիճելի հարց է, մի պարզ պատճառով՝ խաշանոց: Բայց մի փոքր ներքև ճանապարհի ձախ հատվածի բացատում՝ փոքրիկ լճակի մոտ, ևս կա ջրի աղբյուր: (40.47247° N, 44.18675° E)
Գեղամա լեռներ
Եկեք դիտարկենք ընդունված «Սևաբերդ – Ակնա լիճ – Աժդահակ – Վանքի լիճ – Գողթ» երթուղին
Սևաբերդից սկսած՝ դեռ Սեղանասար չհասած, առաջին իսկ օբայի (եզդիների ճամբար) մոտ կա աղբյուր: Եզդիներն ասում են, որ այդ ջրից չեն խմում և գյուղից խմելու ջուր են բերում: Ամբողջ խմբով, այդ թվում երեխաներ, խմեցինք, որովհետև այլ տարբերակ չկար, պետք է այդտեղ գիշերեինք։ Զարմանալիորեն մեզ ոչինչ չպատահեց: Ջուրն, իհարկե, մի փոքր պղտոր է՝ արժի ֆիլտրել: Հաջորդ կետն անմիջապես Սեղանասարի արևմտյան լանջին գտնվող երկու լճակներն են: Լճակները շատ փոքր են և հոսք չունեն, բայց, ամեն դեպքում, պղտոր չեն: Դարձյալ, ֆիլտրելուց հետո, կարելի է խմել (40°16’19″N 44°52’45″E)։
Հաջորդն արդեն Ակնա լիճն է, որի ջուրը ևս կարող եք խմել։ Լճի արևելյան ափին, որտեղ տաղավար կա` Շուշան հրաբխի հարավարևելյան լանջի տակով, հոսում են առվակներ՝ մաքուր խմելու ջրով (40°16’55″N 44°55’42″E)։
Այստեղից մեր ճանապարհը շարունակվում է դեպի Աժդահակ լեռը: Վերելքից հետո իջնում ենք Աժդահակի հարավային ստորոտ: Այստեղ հարավային լանջերի ձյունադաշտերից առվակներ են հոսում, որոնք փոքր ինչ ներքև վերածվում են նեղլիկ, բայց բավականին ջրառատ առվակների: Սա շատ հարմար տեղ է գիշերակացի համար, քանի որ նախ ջրի աղբյուր ունենք, երկրորդ՝ այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սպիտակասար, Նազելի և Վիշապասար լեռնագագաթները (40.21835° N, 44.96194° E)։
Հաջորդ ջրի կետը 7 աղբյուր կոչվող տեղանքն է: Այն գտնվում է դեպի Վանքի լիճ տանող կիրճում՝ Վիշապասարի ստորոտին: Այս տեղանքը բավականին թաց ու ճահճոտ է, սակայն կան մաքուր ջրով առվակներ և տեղի հովիվների կողմից պատրաստված աղբյուրներ՝ ջուր հավաքելու համար: Հարմար տեղ է գիշերելու համար։ Կան հարթ մեծ մակերեսներ վրանային ճամբարը տեղակայելու համար (40.17380° N, 44.93358° E)։
Հաջորդ ջրի աղբյուրն արդեն Վանքի լճի մատույցներում է: Լիճ չհասած կա փոքրիկ մետաղյա կամրջակ, որի տակով գետակ է հոսում: Կամրջակն անցնելուց հետո եթե թեքվեք աջ, մի փոքր քայլեք գետակի հունով, ապա ափի մոտ կտեսնեք խողովակ, որտեղից մաքուր խմելու ջուր է բխում: Այդտեղ սովորաբար հովիվներ են լինում, եթե նրանց հարցնեք՝ հստակ տեղը ցույց կտան (40.16179° N, 44.90414° E)։
Վանքի լճից մինչև Գողթ գյուղը դեռ երկար ճանապարհ կա, և ևս մեկ գիշերակացի անհրաժեշտություն է լինում: Լճից ճանապարհը տանում է դեպի ներքև: Մոտ երկու կիլոմետր քայլելուց հետո հասնում ենք կանաչով ծածկված ձորակի: Այնտեղ վարար գետ է հոսում և ամեն տեղ ուրց ու դաղձ է աճում: Հենց ձորակում՝ ժայռերի տակ, հարմար տեղանք կա վրանների համար: Այստեղ կարող եք գիշերել, կամ պարզապես լրացնել ջրի պաշարները: (40.14254° N, 44.88344° E)
Այստեղից հետո երկար ճանապարհով պետք է իջնել մինչև Գողթ: Ճանապարհի համարյա վերջում՝ վերջին ոլորանների վրա, կա մեծ ուռենի՝ տակն աղբյուր և տաղավար: Սա էլ մեր երթուղու վերջին աղբյուրը:
Ջրի ֆիլտրում
Մենք իմացանք ջրի աղբյուրների տեղերը, հիմա հասկանանք, թե ինչպես ֆիլտրել ջուրը:
Ջրի աղտոտվածությունը կարող է լինել երեք տեսակի․
- մեխանիկական՝ պղտորված ջուր, խոշոր մասնիկների առկայություն, հող, ցեխ
- կենսաբանական՝ միկրոբներ, վիրուսներ և ինֆեկցիաներ
- քիմիական՝ տարբեր թունավոր նյութեր, ծանր մետաղներ
Կա նաև ռադիոակտիվ աղտոտում, բայց մենք այն չենք դիտարկի, քանի որ մի փոքր այլ ոլորտից է, և Հայաստանի լեռներում այդ խնդիրը դժվար թե մեզ սպառնա: Եթե մեխանիկական աղտոտվածությունն անզեն աչքով կարելի է տեսնել, ապա կենսաբանականը՝ ոչ: Քիմիականն էլ՝ կախված թե ինչ բաղադրություն ունի ջուրը և արդյոք դրա մեջ լուծված նյութերը փոխել են ջրի գույնը կամ հոտը: Բարեբախտաբար բարձր լեռնային առվակներում և լճակներում մեզ հիմնականում անհանգստացնում է ջրի մեխանիկական աղտորումը և մասամբ՝ կենսաբանականը: Այս երկուսի հետ, համեմատաբար, հեշտ է պայքարել:
*Ջրի եռացում
Ջրի եռացումը արդյունավետ կերպով սպանում է միկրոբները, վիրուսները և օրգանական այլ աղտոտումները գրեթե ամբողջովին: Սա առավելությունն է, սակայն ջուրը եռացնելու համար մեծ քանակությամբ էներգիա և ժամանակ է հարկավոր, ինչի հնարավորությունն ինքնավար (ավտոնոմ) արշավների ժամանակ սահմանափակ է լինում: Սակայն ջրի եռացումը չի չեզոքացնում քիմիական և մեխանիկական աղտոտումը: Չնայած լեռնային լճերում և առվակներում քիմիական աղտոտման հավանականությունը շատ ցածր է, քանի որ այդպիսի վայրերում չկան քիմիական ֆաբրիկաներ և այլ մարդածին օբյեկտներ, որոնք կարող են աղտոտել ջուրը: Լեռներում ջրի աղտոտման հիմնական պատճառ կարող են դառնալ անասունները։ Ուշադիր եղեք, անասունները սիրում են պառկել և զովանալ փոքրիկ լճակներում, և նրանց արտաթորանքից ջուրը կարող է աղտոտվել:
*Քլոր
Քլորն արդյունավետ սպանում է միկրոբներն ու բակտերիաները: Եվ, ի տարբերություն, եռացման մեթոդին՝ խլում է հաշված րոպեներ և խնայում է «թանկարժեք» գազը: Կարող եք վերցնել քլորի հաբեր և քլոր պարունակող սպիտակեցնող միջոցներ: Ուշադիր եղեք, որ այն լինի առանց արոմատիզատորների և պարունակի միայն քլոր: Քլորը պետք է աստիճանաբար ավելացնել ջրին: Հենց ջրից թեթևակի քլորի հոտ զգացվի, նշանակում է բավարար է արդեն: Սպասեք մոտ 15 րոպե և վերջ, կարող եք խմել ջուրը: Ջուրը նման մշակում է անցնում ջրամատակարարման կայաններում՝ մինչև մեր ծորակներին հասնելը: Այսօր շուկայում հանդիպում են հատուկ քլորի և յոդի հիմքով հաբեր, որոնք նախատեսված են ջուրը ախտահանելու համար:
*Հատուկ ֆիլտր
Այս ցուցակում առանձին ցանկանում եմ առանձնացնել “Lifestraw” ջրի պորտատիվ ֆիլտրերը: Նմանատիպ ֆիլտրերը աշխատում են մեմբրանային շերտերի միջոցով: Մեմբրանի ծակոտկենությունը շատ փոքր է՝ 2 միկրոն տրամագծով, ինչը կանգնեցնում է ցանկացած մեխանիկական և կենսաբանական ախտոտվածություն:
Այս ֆիլտրերը շատ փոքր են և թեթև, կարելի է պահել անգամ գրպանում՝ 22սմ երկարությամբ և 5 գրամ քաշով: Այս ֆիլտրերը ի սկզբանե ստեղծվել են Աֆրիկյան երկրների գյուղերի համար, որտեղ խմելու ջրի լուրջ խնդիր կա: Lifestraw ֆիլտրերը մաքրում են պղտոր ցեխաջուրը և դարձնում այն լիովին մաքուր ու թափանցիկ: Այժմ սրանք մեծ տարածում են գտել արշավականների, զբոսաշրջիկների, փրկակարների շրջանում: Հաշվի առնելով համեմատաբար ոչ բարձր գինը, անպայման արժէ նման բան ունենալ ուսապարկում:
*Պատրաստեք ինքներդ
Մեխանիկական աղտոտվածությունից մաքրող պարզագույն ֆիլտր կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Դրա համար ձեզ պետք է բինտ, մանր խճաքար, ակտիվացրած ածուխ և բամբակ: Վերցնում ենք մեկ լիտրանոց պլաստիկ շիշ, կտրում ստորին հատվածը և հերթականությամբ այս նյութերը շարում մեջը: Սկզբից բամբակը՝ ամենաներքևում, հետո ածուխը, խճաքարը և վրայից բինտի մի քանի շերտ: Վերջ, պարզագույն ֆիլտր, որը կմաքրի ջուրը մեխանիկական աղտոտումից, իսկ ակիտվացրած ածուխը որոշ չափով կմաքրի վտանգավոր քիմիական տարրերից: Այսպիսի ֆիլտրերում պետք է հաճախակի փոխել բաղադրիչները, քանի որ իր միջով մեծ քանակությամբ կեղտ անցկացնելուց հետո ֆիլտրը խցանվում է և կորցնում իր մաքրող հատկությունները:
Ուշադիր եղե՛ք, մի մոռացեք բավարար քանակությամբ ջուր խմել և միշտ հետևեք ձեր ջրի պաշարներին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: