Ձնային կուրություն
Ձնային կուրություն կամ բժշկական տերմինալոգիայով՝ ֆոտոֆթալմիա կոչվող երևույթը աչքերի գրգռված և ցավոտ վիճակն է: Աչքերը վնասվում են արևի ուժեղ լույսի՝ մասնավորապես ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց երկար ազդեցությունից: Դա կարող է հանգեցնել տեսողության ժամանակավոր կորստի։
Առաջացման պատճառները
Ձնային կուրությունը առաջանում է ձնից, սառույցից և նույնիսկ բաց գույնի ավազից անդրադարձած լույսի հետևանքով: Ձյունն ու սառույցը անդրադարձնում են լույսի 80%-ից ավելին: Անգամ ամպամած եղանակին, երբ չկան արևի անմիջական ճառագայթներ, ձյունը անրադարձնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ուժեղ քամու և չոր օդի ժամանակ խնդիրն ավելի է սրվում:
Ձնային կուրության ժամանակ տուժում է աչքի եղջերաթաղանթն ու ակնազոդը: Եղջերաթաղանթը չունի արյունատար անոթներ: Դրա խոնավեցումն ու սնուցումը տեղի է ունենում արցունքների միջոցով՝ աչքերը թարթելիս: Չոր օդի և քամու ժամանակ արցունքագեղձերը չեն հասցնում ապահովել եղջերաթաղանթի խոնավությունը, այդ պատճառով էլ այն ավելի արագ է գրգռվում:
Պատմություն
Առաջինն այս խնդրին բախվել են դեպի Արկտիկա և Անտարկտիկա էքսպեդիցիաներ կատարողները: Անտարկտիկան հետազոտող Էրնսթ Շեքոլթոնի էքսպեդիցիայի վիրաբույժներից մեկը՝ Ալեքսանդր Մաքլինը, բևեռային ծովագնացության չորս խնդիրներից մեկը նշել է հենց ձնային կուրությունը: Մյուս 3 խնդիրներն են՝ ցինգան, ծովային հիվանդությունը և ցրտահարությունը:
1893 թվականին «Թագավորական աշխարհագրական միությունը» հրատարակում է «Խորհուրդներ ճանապարհորդներին» ձեռնարկը: Այստեղ նշված էր, թե ինչպես են բարձրլեռնային ժողովուրդները ձնային կուրությունից պաշտպանվելու համար սև մուր քսում աչքերի խոռոչների շուրջ և քթի ծայրին: 1910-13 թվականներին «Տերրա Նովա» նավի էքսպեդիցիայի մասնակիցները այս մեթոդն էին կիրառում, քանի որ չունեին արևապաշտպան ակնոցներ:
Արկտիկայի բնիկները կրում էին կաշվից, փայտից կամ եղջյուրից պատրաստված, ակնոց հիշեցնող պաշտպանիչ միջոց: Կտորների վրա արվում էր երկու նեղ կտրվածք, որի արանքով նրանք կարողանում էին տեսնել: Այս ձևով նրանք սահմանափակում էին լույսի ներթափանցումը:
Ձնային կուրության նախանշանները
Աչքի եղջերաթաղանթում մանր և խիտ նյարդային հանգույցներ կան, այդ պատճառով էլ այն չափազանց զգայուն է արտաքին գրգռիչների նկատմամբ: Սովորաբար տհաճ զգացողություններ կարող են առաջանալ 30 րոպե ուժեղ լույսի ազդեցության տակ լինելուց հետո:
Ձնային կուրության նախանշաններն են՝
- Ծակոցներ աչքի ներսում
- Այրվելու զգացողություն աչքերի մեջ
- Զգացողություն, որ աչքերի մեջ ինչ-որ բան կա և չեք կարողանում հանել այն
- Գլխացավ
- Բարձր ջերմություն
- Կարմրած աչքեր
- Ծանր դեպքերում կարող է առաջանալ տեսողության ժամանակավոր կորուստ, որտեղից էլ այն ստացել է իր անվանումը
Շատ հաճախ ձնային կուրությունը կարող է արտահայտվել բավականին ուշ՝ մինչև 12 ժամ: Երբեմն ձմեռային արշավներից հետո, երբ երեկոյան պատրաստվում ենք քնել, աչքերի ուժեղ ցավ ենք զգում:
Ի՞նչ անել ձնային կուրության ժամանակ
Եթե դուք այնուամենայնիվ ստացել եք ձնային կուրություն, ահա մի քանի խորհուրդ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
- Ապահովեք աչքերի համար հանգիստ միջավայր:
- Մնացեք տանը՝ սենյակային մեղմ լուսավորության պայմաններում:
- Աչքերը զերծ պահեք ավելորդ լարումից: Խուսափեք գիրք կարդալուց, համակարգչի և հեռուստացույցի էկրանների լույսից:
- Ճակատին և աչքերին սառը թրջոց դնեք:
- Օգտագործեք աչքերը խոնավեցնող, հակաբորբոքային և հակաալերգեն կաթիլներ:
- Եթե հաջորդ երկու-երեք օրվա ընթացքում ցավերն ու գրգռվածությունը չեն անցնում, ապա ժամանակն է դիմել բժշկի:
Ձնային կուրությունից խուսափելու համար միշտ պետք է ունենալ որակյալ լեռնային ակնոց և այն կրել ուժեղ արևի և ձնոտ արշավների ժամանակ: Հիշեք, որ աչքերը ձեր օրգանիզմի ամենանուրբ օրգաններն են: Աչքերը վնասելը շատ հեշտ է, իսկ վերականգնելը՝ դժվար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: