Սմբատաբերդ
Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա:
Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:
Պատմական ակնարկ
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:
Կառուցվածքային առանձնահատկությունները
Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է:Կառուցված է երկարատև պաշտպանության համար՝ միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով:
Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում:
Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց քար վանքի շրջակայքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցաղաց քար հուշարձանների միջև ընկած տարածքից:
Սմբատաբերդը, շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը պահպանել է նաև նորագույն շրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների` օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկից թշնամիների դեմ։
1918թ. մարտ–ապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում, գրեթե մեկ ամիս շուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում գտնվող հայաբնակ Էրդափին (հին և Ներկա անունը` Արտաբույնք) գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհի գիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով` կարողանում է թուրքերից հետ խլել բերդը և վերջ է տալիս գյուղի շրջափակմանը։
2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: