Ինչպես ընտրել քնապարկ
Թեև քնապարկը չունի այդքան բարդ և բազմազան չափորոշիչներ, ինչպես, օրինակ՝ արշավական կոշիկը կամ ուսապարկը, այնուամենայնիվ, ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է իմանալ, թե ինչ տեսակի են դրանք լինում և ինչին է պետք ուշադրություն դարձնել քնապարկ ընտրելիս:
Քնապարկերի տեսակները
Ըստ նշանակության քնապարկերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ ճամբարային (քեմփինգային) և տուրիստական (թրեքինգային)։
Ճամբարային քնապարկը նախատեսված է բնության գրկում առավել պասիվ հանգստի համար: Օրինակ՝ ավտոմեքենաներով ճամբարների, պիկնիկների, կամ լճի ափին վրանային ճամբարների համար: Անունն ինքնին հուշում է: Այսպիսի քնապարկերն առանձնանում են առավելագույն հարմարավետությամբ, փափկությամբ, հաճախ ունենում են տարբեր փափուկ կտորներից աստառ, բարձի համար առանձնացված հատված: Սրանք նաև կարելի է ամբողջությամբ բացել և օգտագործել որպես վերմակ: Մեծ քաշի և չափսերի պատճառով այսպիսի քնապարկերը նպատակահարմար չեն լեռնային տուրիզմում օգագործելու համար:
Տուրիստական քնապարկերը նախատեսված են քայլարշավների և լեռնային տուրիզմի համար: Դրանք չափսերով ավելի փոքր և հարմար են՝ պատրաստված ավելի թեթև և ժամանակակից նյութերից: Այս քնապարկերը ոտքերի մասում նեղանում են, իսկ գլխի հատվածում կազմում կապիշոն, որպեսզի ավելի քիչ օդային տարածություն մնա, և ցուրտ եղանակին ավելի հեշտ տաքանա: Այսպիսի քնապարկերը կոչվում են մումիաներ:
Ինչպես ընտրել քնապարկ
Քնապարկերի տաքությունը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երեք ցուցանիշի: Քնապարկի վրա նշվում է երեք թիվ՝ կոմֆորտ, նվազագույն և էքստրիմ: Կոմֆորտը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որն ամենահարմարն է տվյալ քնապարկի համար, նվազագույնը՝ լիարժեք և ապահով քնի համար նվազագույն ցուցանիշը, իսկ էքստրիմը՝ այն ջերմաստիճանը, որի դեպքում դուք կմրսեք, բայց ցրտամահ չեք լինի:
Գիշերակացով արշավների գնալիս պետք է մանրամասն ուսումնասիրել տեղանքի եղանակային պայմանները կամ ճշտել այդ տեղեկությունը ձեր խմբավարից, որպեսզի ճիշտ քնապարկ ընտրել: Սովորաբար Հայաստանյան պայմաններում գարնանից մինչև ուշ աշուն բնության մեջ գիշերելու համար +10-ից -5-ի միջակայքում քնապարկը պետք է լիովին բավարար լինի, բացառությամբ վաղ գարնանը կամ ուշ աշնանը որոշ բարձր լեռնային վայրեր գնալը, օրինակ՝ Արագած կամ Գեղամա լեռներ:
Երկրորդ կարևոր կետը, որին պետք է ուշադրություն դարձնել քնապարկի տաքացնող նյութն է: Որպես տաքացնող լցոնիչ հիմնականում օգտագործվում է կամ սագի բնական փետուր, կամ սինթետիկ բմբուլ: Յուրքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:
Բնական փետուրն ավելի թեթև է և ավելի լավ է տաքացնում, սակայն թրջվելու դեպքում սեղմվում, կռկվում և կորցնում է իր ջերմամեկուսիչ հատկությունները: Այն նաև ավելի նուրբ խնամք է պահանջում: Չի կարելի ծալել, սեղմել կամ թրջել այն: Տանը պետք է պահել լրիվ բացված վիճակում կախիչից կախված: Փետուրից պատրաստված քնապարկերը, որպես կանոն, ավելի թանկ են լինում:
Սինթետիկն ավելի ծանր է, քան բնական փետուրը, նույն կատեգորիայի մեջ ավելի վատ է տաքացնում, բայց ավելի քիչ խնամք է պահանջում և համեմատաբար ավելի էժան է: Չնայած, հիմա կան ժամանակակից սինթետիկ ջերմամեկուսիչ լցոնիչով քնապարկեր, որոնք փետուրի նման թեթև են և նույնքան լավ տաքացնում են, բայց սրանց արժեքն էլ նախորդ երկուսից ավելի բարձր է:
Կան նաև բարձր դասի քնապարկեր, նախատեսված էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար: Օրինակ՝ բևեռային էքսպեդիցիաների կամ բարձրլեռնային ձմեռային վերելքների ժամանակ, երբ գիշերն օդի ջերմաստիճանը կարող է հասնել -50 -ի և նույնիսկ ավելի ցածր: Այս քնապարկերը բացի խիտ լցոնումից, ունենում են ավելի պինդ արտաքին շերտ և հաճախ պատված են լինում մեմբրանային շերտով, որպեսզի վրանում առաջացող կոնդենսատի կաթիլները չթրջեն քնապարկը:
Պետք է հիշել, որ կախված արժեքից, միևնույն տաքություն ապահովող քնապարկերը կարող են տարբեր քաշեր ունենալ: Բնականաբար, որքան թեթև է քնապարկը, այնքան այն թանկ արժե:
Կա ևս մեկ նրբություն, որը պետք է իմանալ քնապարկ ընտրելիս: Միևնույն մոդելի երկու քնապարկ սովորաբար հնարավոր է լինում իրար միացնել և ստանալ երկտեղանոց քնապարկ: Եթե դուք սիրում եք արշավել ձեր զուգընկերոջ հետ՝ կարևոր է հաշվի առնել այս փաստը: Եթե ձեր քնապարկը ճամբարային է կամ ուղղանկյունաձև, այսինքն չունի ոտքերի և գլխի հատվածում նեղացումներ, ապա կարող եք հանգիստ վերցնել երկու միանման քնապարկ և շղթայով միացնել իրար: Սակայն «մումիա» քնապարկերը կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով լինում են ձախ և աջ: Այդ ժամանակ երկու քնապարկ ընտրելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի վերցնեք մեկ ձախ և մեջ աջ քնապարկ: Դրանք տարբերվում են շղթայի գտնվելու կողմով: Ձախ քնապարկերի շղթան ձախից է, աջերինը՝ աջից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին