Մետաքսի ճանապարհ
«Մետաքսի ճանապարհ» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի աշխարհագրագետ Ֆերդինանդ Ֆոն Ռիխտգոֆենը 1877 թվականին: Նրանով նշվել է այն առևտրական, քարավանային ուղին, որ կապել է Հին Հռոմը Չինաստանի հետ: Մեր օրերում՝ Մետաքսի ճանապարհ ենք կոչում եվրասիական այն բոլոր ուղղությունները, որով առևտուր է կատարվում Արևմուտքի և Չինաստանի միջև:
Ծագումը
Մետաքսի ճանապարհը սկսել է գործել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից անմիջապես հետո, երբ Արևելքն ու Արևմուտքն ընդհարվեցին Միջին Արևելքում ու Հնդկաստանում: Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքս արտահանման համար, որից էլ առաջացել Մետաքսե Մեծ ճանապարհ անվանումը։
Հայաստանը Մետաքսի ճանապարհին
Ավելորդ է ընդգծել, թե որքան մեծ կարևորություն է Հայաստանն այնժամ ունեցել Արևելքի և Արևմուտքի համար: Մետաքսի ճանապարհն Արևելքից անցնում էր Հայաստանով, ավելի կոնկրետ՝ Արտաշատ քաղաքի միջով, այնտեղից էլ ձգվում էր դեպի Սև ծովի նավահանգիստներ: Իսկ 5-րդ դարում արդեն Դվինը՝ որպես Հայաստանի նոր մայրաքաղաք, փոխարինելու եկավ Արտաշատին: Առևտրի երթուղին, որը կապում էր Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Իրանը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հետ, անցնում էր հենց Դվինով:
9-10-րդ դարերում հայկական Արծն, Անի և Կարս քաղաքները սկսեցին էական դեր խաղալ համաշխարհային առևտրում: Հետագայում պեղումների ժամանակ չինական մետաքս, ճենապակի, պարսից կավագործության նմուշներ ու ներկանյութեր են հայտնաբերվել Անիում:
Իսկ մինչ օրս Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզում, պահպանվում է Օրբելյանների քարավանատունը, որն էլ որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար:
Մետաքսի ճանապարհը հսկայական դեր է խաղացել Արևելքի ու Արևմուտքի միջև: Այն եղել է ոչ միայն առևտրական ճանապարհ, այլև կամուրջ է հանդիսացել մշակութային, կրոնական, լեզվական ու տեխնոլոգիական փոխանակումների համար ու փոխադարձ հարստացրել է մասնակից երկրների մշակույթը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: