Շվանիձորի ջրանցույցը
Շվանիձորը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ բարեկարգ գյուղերից է: Տարածվում է նույնանուն գետի ստորին հոսանքի երկու կողմում: Բաժանված է մի քանի թաղերի (Մարդոնց, Նազունց, Ներքին, Վանունց, Տերանց և այլն): Շվանիձոր գյուղն աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատակապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող ջրանցույցը (XVII դ.):
Այն միաթռիչք է` կառուցված սրբատաշ բազալտով, գործում է մինչև օրս և միջնադարյան Հայաստանի նմանատիպ ինժեներական կառույցներից ամենաարժեքավորն է:
Բնագետ, հնագետ, երկրաբան Դյուբուա դը Մոնպերեն (XIX դ.) իր ճանապարհորդական նոթերում զարմանք է հայտնել` գյուղում տեսնելով մի գեղեցիկ ակվեդուկ, որն այգիների ոռոգման համար ջուրն ուղղում է ձորի մի կողմից մյուսը:
Շվանիձորի պատմամշակութային հուշարձանները
Շվանիձոր գյուղի մյուս հուշարձաններից են գյուղամիջում կառուցված Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1879 թ)` շրջակա ավերված գերեզմանոցով, եկեղեցուց ոչ հեռու գտնվող հնձանը (XX դ. սկիզբ), պարզունակ խաչքարերը, խորհրդային իշխանության հաստատման համար զոհվածների հուշաղբյուրը (1596 թ), միհարկանի և երկհարկանի տները` առանձին բակերով, թոնրատներով, մարագներով և այլն:
Գյուղի շրջակայքում պահպանվել են Բերդին Քար միջնադարյան ամրոցի ավերակները, Գոմերանց (XVII – XIX դդ.), Վերին Շեն (XVII – XIX դդ.), Թեղուտ (XVII – XIX դդ.) գյուղատեղիներն իրենց եկեղեցիներով:
Թեղուտ գյուղատեղիի արևելյան մասում` ձորակի լանջին, պահպանվել են մի քանի ջրաղացի ավերակներ: Վերին Շենի մոտ են XVII – XVIII դդ. միաթռիչք կիսավեր կամուրջը և Սարգիս զորավարի դամբարանը (XVIII դ.): Սարգիսը Դավիթ-Բեկի զորավարներից էր, գործել է Մալև և Շվանիձոր գյուղերի տարածքում և իր սխրագործությունների համար սրբացվել է ժողովրդի կողմից:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Սիփան Գրիգորյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: