Հաճախ մտածում եք ո՞րն է ամենամեծ վտանգը լեռնային արշավների ժամանակ։ Առաջին բանը որ կգա ձեր մտքին այդ հարցից հետո՝ վատ եղանակը, կայծակը, փոթորիկը, վայրի կենդանիները կամ թունավոր օձերը։ Բայց այստեղ կարևոր է հիմնվել փաստերի և հետազոտությունների վրա։ Վերը թվարկված վտանգներից ամենաիրականը գելխեղդներն են, որոնք լեռներում հսկում են նախիրները։ Հիմնականում սրանք հայկական գամփռներն են, Ալաբայները կամ կովկասյան հովվաշները, և այլ գելխեղդ շներ։ Նախապես նշենք որ այս հոդվածում հիմնականում անդրադառնալու ենք Հայաստանի տարածքում հանդիպող վտանգներին։Մենք կարող ենք փաստել, որ աշխարհի այլ երկրներում վայրի կենդանիների պատկերը այլ է։
Վերջին քսան կամ հնարավոր է մի փոքր ավել տարիների հետազոտությունները խոսում են այն մասին որ մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, երբ վայրի կենդանիները հարձակվել են զբոսաշրջիկների վրա։ Մինչ շները կատաղի հաչոցներով դիմավորում են անծանոթին,ով մոտեցել է նախրին, որը գտնվում է շան պաշտպանության տակ։ Բարեբախտաբար նման դեպքերում գրեթե միշտ շան տերը մոտակայքում է լինում և կարողանում է շանը պահել օտարների վրա հարձակվելուց։ Նման վտանգների կարելի է հանդիպել Աժդահակ լեռան վերելքի ժամանակ, կամ եթե արշավ եք իրաանացնում Գեղամա լեռներում:
Բայց ամեն դեպքում անհրաժեշտ է իմանալ մի քանի տարրական քայլեր հովվաշներից պաշտպանվելու համար:
Գելխեղդների հոգեբանությունը
Առաջին հերթին եկեք հասկանանք, թե ինչ հոգեբանություն ունեն այս շները և փորձենք համեմատականներ անց կացնել այլ վայրի կենդանիների հետ, ինչպես օրինակ գայլերը։ Գայլերը, ինչպես շատ վայրի կենդանիներ, խուսափում են մարդկանցից: Դրան հակառակ՝ շները ապրում են մարդկանց հետ և չեն վախենում նրանցից։ Կարելի է ասել, որ մարդը օտար չէ շան համար։ Այս է պատճառը, որ գայլերն ու արջերը կփորձեն շրջանցել մարդկանց և կհարձակվեն միայն այն դեպքում, երբ նրանք այլևս տեղ չունեն գնալու կամ եթե մարդիկ մոտեցել են նրանց բներին։ Իհարկե մենք չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ կենդանին կարող է սոված լինել և հնարավոր է վտանգավոր հարձակում կատարի։ Բայց այս երևույթը այնքան բնական ու շատ հանդիպող չէ ինչքան շների դեպքում։ Լեռներում շները ունեն հստակ առաքելություն, այն է՝ հսկել նախիրը։ Եվ այսպիսով սա գելխեղդի գործն է, հարձակվել նրա վրա, ով կփորձի մոտենալ իր պահպանության տակ գտնվող տարածքին։
Բարեբախտաբար այս ամենը տեղի չի ունենում հանկարծակի, ինչպես օրինակ վայրի կենդանիների դեպքում: Շները հիմնականում հաչոցներով կվազեն մոտեցող մարդուն ընդառաջ և մոտավորապես հարյուր մետր հեռավորությունից կսկսեն հաչել՝ հենց իրենց տարածքի սահմանների մոտ՝ զգուշացնելով, որ եթե մոտենաք ձեզ համար ամեն ինչ այդքան էլ լավ չի վերջանա: Այն նույնն է՝ ինչ կաներ ցանկացած սահմանապահ: Նա նախազգուշական կրակոց կարձակեր օդում, որպեսզի զգուշացնի չմոտենալ:
Ինչպե՞ս պահել շների հարձակման դեպքում
Այսպիսով հարց է առաջանում. Ինչպե՞ս պահել մեզ, որպիսզի մասերի չբաժանվենք 80 կիլոգրամանոց գելխեղդի կողմից: Առաջին հերթին չպետք է խախտել նրանց սահմանը, երկրորդը՝ պետք չէ պարալիզացված կանգնել, ինչպես կանեիք օրինակ օձ տեսնելիս: Դուք պետք է կանխեք շների կողմից շրջափակումը: Շատ հավանական է, որ ձեզ կարող են հանդիպել ավել քան 1 կամ 2 շուն: Նրանք հիմնականում խմբով են պահպանում հոտը և նրանցից յուրաքանչյուրն ունի իր հանձնարարությունը:
Գելխեղդ հանդիպելիս ցանկալի է շարունակել շարժվել, որպեսզի թույլ չտաք նրան շրջափակել ձեզ ՝ փորձելով հեռանալ նրանց տարածքից: Հետո, ամեն ինչ նույնն է, ինչպես այլ վայրի կենդանիներին հանդիպելիս: Անհրաժեշտ է բարձր ձայներ հանել և վախ ցույց չտալ, գործել ինքնավստահ: Եթե դուք խմբով եք քայլում, ապա կանգնեք միմյանց հնարավորինս մոտ: Այս ձևով շների աչքում տպավորություն կստեղծվի, որ դուք մեծ ու ուժեղ եք:
Մեկ անգամ չէ, որ ինձ գելխեղդ է մոտեցել և սկսել ագրեսիվության նշաններ ցույց տալ: Նման դեպքերում պետք է հիշել, որ բնության մեջ դիվանագիտություն և փոխհամաձայնություններ չկան: Եթե շան կողմից ագրեսիա կա, պետք է ցուցաբերել հանգիստ վարքագիծ, բայց միևնույն ժամանակ այնպես պահել, որ շները հասկանան, որ իրենց առջև ուժեղ արարած է կանգնած: Պետք է շարունակել նահանջել՝ պարզելով արշավային փայտերը առաջ ՝ դրանով սահմանանշելով ձեր տարածքը, որպիսզի թույլ չտաք շանը ավելի մոտենալ: Էքստրեմալ իրավիճակներում, որպես պաշտպանության միջոց կարելի է օգտագործել ձեռքի տակ ընկած ցանկացած իր՝ քար, արշավային փայտեր, դանակ և այլն:
Ինքնապաշտպանության այլ եղանակները
Բայց եթե դուք կենդանիների իրավունքների ուժեղ պաշտպան եք, կան նաև այլ՝ ավելի քաղաքակիրթ և հարմար, ինքնապաշտպանության միջոցներ, որոնք չեն վնասի շներին: Ես նույնպես այս կերպ եմ մտածում, բայց այնուամենայնիվ ինքնապաշտպանության բնազդի դեմ դժվար է պայքարել: Այսպիսով առաջնահերթ ունեցեք ձեզ հետ փոքրիկ պայթուցիկներ կամ ինչ որ այլ բան, որը ուժեղ ձայն և լույս է արձակում: Սակայն պետք չէ մոռանալ նաև հրդեհային անվտանգության մասին, եթե դուք, օրինակ, անտառում եք, կամ տարածքում չոր խոտածածկ կա: Պայթուցիկները օգտագործելիս անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի չվնասենք շրջակա միջավայրն ու մեզ: Պայթուցիկները վախեցնում են կենդանիներին և նրանք որոշ ժամանակ չեն անհանգստացնի ձեզ:
Պայթուցիկները կարելի է օգտագործել նաև կանխարգելիչ նպատակներով: Օրինակ գիշերակացով վրանային արշավների ժամանակ կարող եք քնելուց առաջ վրանատեղիի տարածքում մի քանի պայթուցիկ նետել: Բայց պետք է զգուշանալ նաև ձնահոսքերից, եթե իհարկե տարածքում խիտ ձնածածկ կա:
Եթե շները սպասվածից ավելի են մոտեցել, ապա այստեղ մնում է երկու իրատեսական տարբերակ՝ էլեկտրաշոկեր կամ արցունքաբեր սփրեյ: Գազային կամ բնեվմատիկ ատրճանակների մասին չենք խոսի, քանի որ առաջին հերթին ճիշտ չէ զբոսաշրջկների հետ քայլել զենքով, և հետո այն անտեղի ուշադրություն է գրավում:
Այսպիսով եկեք խոսենք միայն էլեկտրաշոկերի և արցունքաբեր սփրեյի մասին:
Էլեկտրաշոկեր
Էլեկտրաշոկերը ունի մի շարք անհարմարություններ: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է կենդանուն շատ մոտ լինել և որոշակի ֆիզիկական ճնշում գործադրել: Այս ձևով շան կողմից կծելու հավանականությունը մեծ է: Բացի այդ այն այդքան էլ օգտակար չէ, երբ դու հանդիպում ես վայրի կենդանու, քանի որ նրանց հաստ մազածածկը կարող է խանգարել էլեկրտաշոկին:
Արցունքաբեր սփրեյ
Այսպիսով արցունքաբեր սփրեյը մնում է լավագույն տարբերակը: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Կան արցունքաբեր սփրեյների մի քանի տեսակներ: Այս սփրեյները դասկարգվում են կամ ըստ վնսասակար հիմքի, կամ ըստ սփրեյի ուժգնության: Դրանք լինում են աերոզոլային, հեղուկ կամ երկուսը համատեղ: Երրորդ տարբերակը ամենալավ և ամենատարածված տարբերակն է: Դու միաժամանակ ստեղծում ես պաշտպանիչ գազային ամպ և ստանում հնարավորություն ցողելու սփրեյը կենդանու վրա մի քանի մետր հեռավորությունից:
Ցանկացած արցունքաբեր սփրեյի մեջ կա գրգռիչ և ինչքան բարձր է գրգռիչի խտությունը, այնքան թշնամին ավելի շատ է տառապում: Տարբեր գրգռիչներ ունենում են տարբեր արդյունք, բայց նպատակը մեկն է՝ ժամանակավորապես կասեցնել թշնամու հարձակումը:
Ինչպե՞ս օտագործել
Այժմ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս օգտագործել սփրեյը: Այն շատ պարզ է, ընդամենը պետք է վերցնել տարան, ուղղել այն դեպի թշնամին և սեղմել կոճակը: Եթե ուզում եք ավելի լավ արդյունք ունենալ՝ ուղղեք այն ուղիղ քթին կամ աչքերին: Բայց, այնուամենայնիվ, պետք է հետևել անվտանգության կանոններին: Պետք է ուշադիր լինել, որ սփրեյի գլխիկը ուղղված լինի հենց թշնամու ուղղությամբ, որպեսզի ձեր սեփական աչքերը չվնասեք: Ինչպես նաև օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել քամու ուղղությունը:
Այսպիսով վերը թվարկված միջոցները պետք է որ բավարար լինեն ինքնապաշտպանության համար, եթե այս ամենը խելացի օգտագործեք: Եվ մշտապես պետք է հիշել, որ մենք նպատակ չունենք վնասել որևէ կենդանու: Բոլոր այս միջոցները ընդունելի են միայն ծայրահեղ իրավիճաներում, երբ շան տերը մոտակայքում չէ, որպեսզի հանգստացնի նրան:
Նման վտանգներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս արշավել խմբով, կամ պարզապես միանալ մեզ :