Շատիվանք կամ Շատիկ անապատ, Շատին վանք՝ ահա այս անուններով է հայտնի Վայոց Ձորի Շատին գյուղից 4կմ արևելք գտնվող վանքը: Վանքի մասին հիմնական տեղեկությունները մեզ են հասել Ստ. Օրբելյանի շնորհիվ: Նրա վկայությամբ վանքը կառուցել են 922թ. Աբաս Ա Բագրատունի թագավորի, Սյունյաց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի օրոք:
Անվան ծագումը
Շատին գյուղը տեղակայված է Եղեգիս գետի և ժայռերի միջև գտնվող նեղ տարածության վրա: Շատին գյուղի տարածքում նախկինում եղել են երկու այլ ավելի հին գյուղեր՝ Ոստինք և Անգեղի: Սակայն ինչպես գյուղի, այնպես էլ վանքի անվան դեպքում չկան որևէ տեղեկություններ: Կարող ենք միայն ենթադրել, որ վանքը պարզապես կոչել են գյուղի անունով:
Ստ. Օրբելյանը իր աշխատությունում նկարագրել է մի վանքի աշխարհագրական դիրքը և այլ ճարտարապետական ու կառուցողական մանրամասներ, սակայն վանքի անուն չի նշել: Տեղագրության բացատրությունում նա նշել է, որ վանքը գտնվում է Ոստինք գյուղի մոտակայքում: Իսկ երկու գյուղերի գլխին՝ արևելքից բարձրացող բարձրավանդակի վրա՝ Շատին վանքից բացի այլ հուշարձաններ չկան:
Ուստի միանշանակ պարզ է դառնում, որ Ստ. Օրբելյանը նկարագրել է հենց Շատիվանքը: Սակայն հետաքրքրական է նաև այն, որ պատմիչի՝ վանքի տեղագրության բացատրությունը, անում է Ոստինք գյուղի միջոցով, ինչից կարող ենք ենթադրել, որ Շատին գյուղն այդ շրջանում գոյություն չի ունեցել: Այս շղթայական հետևություններից պարզ է դառնում, որ գուցե Շատիվանք անունը ոչ թե համանուն գյուղի անունով են կոչել, այլ հակառակը:
Անկախ հետազոտող Տ. Մկրտչյանն իր «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» նշում է, որ Շատիվանքը նույն Վերին Նորավանքն է: Նա նաև նշում է. «Հայտնի է, որ դեռևս 15-րդ դարի վերջերին Վերին Նորավանքում ապրել է Շատիկ անունով մի ճգնակյաց, որի անունով էլ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը Վերին Նորավանքն անվանել է Շատիկի վանք»։
Պատմությունը
Պատմիչ Ստ. Օրբելյանը վանքը կոչել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»: Արդեն 17-րդ դարում նոր վանքի հիմնադիրը Հակոբ Ջուղայեցին էր: Նա թողնելով իր վաճառականի աշխարհիկ կյանքը, գալիս է Շատիվանք և դառնում վանքի կրոնավոր՝ իր միջոցները ներդնելով վանքի բարգավաճման համար: 17-րդ դարում վանքն ունեցել է 90 հոգուց բաղկացած միաբանություն, որոնց օժանդակությամբ Սարգիս եպիսկոպոսը Եղեգիս գետի վրա կառուցել է Ծատուրի կամուրջը (1666թ.):
Շատիվանքը եղել է նաև կրթական և գրչության կենտրոն՝ ունենալով դպրոց և գրատուն: Վանքում պահպանվող ձեռագրերի մեծ մասը պատկանում էին Հ. Ջուղայեցուն: Այս առումով նրա դերը վանքի կրթական կյանքում շատ մեծ էր: Արտադրական և մեծածավալ օժանդակ շենքերի քանակը, միաբանության մեծությունը խոսում են վանքի տնտեսական և հոգևոր կյանքի հզորության մասին:
Ճարտարապետություն
Վանքի հուշարձանների մեծ մասը՝ սեղանատները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը, պատկանում են հին շրջանին (10-14-րդ դարեր): Շատիվանքն, ամենայն հավանականությամբ, ավերվել է 14-րդ դարում, քանի որ վանքի տարածքից գտնված արձանագրությունները, խաչքարերի բեկորների թվագրություններն ավարտվում են 14-րդ դարով:
Հայկական եկեղեցիներին և վանքերին՝ անկախ ժամանակաշրջանից, բնորոշ են եղել թաքստոցներն ու գաղտնուղիներ: Եվ Շատիվանքը նույնպես բացառություն չէ: Չնայած վանքից այժմ հիմնականում ավերակներ են մնացել, սակայն գաղտնուղին կարելի է նկատել:
Սբ. Սիոն եկեղեցի
17-րդ դարում՝1655թ. Շատիվանքի տեղում կառուցում են նոր Սբ. Սիոն եկեղեցին: Շատիվանքից պահպանվել են միայն Սբ. Սիոն եկեղեցու պատերի ստորին հատվածները, այսինքն հին վանքի ավերակները, պահպանված քարերը, օգտագործել են նոր վանքի կառուցման ժամանակ: Վանքի մնացած հատվածն ամբողջությամբ կառուցված է բազալտե քարերից:
Սբ. Սիոնը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ կանգնած չորս հենասյուների վրա: Տանիքը երկթեք է, խորանը՝ կիսաշրջանաձև, որի երկու կողմերում տեղակայված են ուղղանկյուն ավանդատները: Եկեղեցին ունի ընդարձակ բակ, որը շրջապատված է պարիսպներով: Դրանք տեղ-տեղ ամրեցված են կիսաշրջանաձև բուրգերով:
Պարսպի հարավային հատվածում են պահպանվել հին շրջանի շինությունների ավերակները: Տարածված են եղել բնակելի և այլ երկհարկ շենքեր: Վերին հարկում տեղակայված են եղել կացարանները, իսկ առաջինում՝ խոհանոցը, մառանները: Սակայն օժանդակ շենքերի ավերակներ կան նաև պարսպի այլ կողմերում, որոնցից հնագույնը գտնվել է արևելյան հատվածում: Արևմտյան պարսպին կից՝ վանքի ընդարձակ ախոռներն են, որոնք վերանորոգվել էին 1739թ.: Պարսպից դուրս՝ հյուսիս-արևելյան կողմում գերեզմանատունն է, իսկ հարավ-արևելյան կողմում՝ ջրաղացի ավերակները: Այն կառուցված է ձորակի եզրին և ունի եզակի կառուցողական առանձնահատկություններ:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Դիվան Հայ վիմագրության» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: