info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Դասեր Շատաևից

Վերելք Կազբեկ լեռ

Վերելք Կազբեկ լեռ

Վլադիմիր Շատաևին հանդիպեցի Կազբեկի մետեոկայանի մոտ: Սա մեր առաջին հանդիպումը չէր: Առաջին անգամ նրան հանդիպել էի Մոսկվայում՝ Եվրասիական ալպինիզմի և ժայռամագլցման կոնֆերանսի ժամանակ: Երկու օր իրար հետ նստել ենք մի սեղանի շուրջ, դա արդեն մեծ պատիվ էր ինձ համար, վերջում էլ իր գրած գիրքը ստորագրեց ու նվիրեց ինձ: Այդ ժամանակ մտածեցի, որ թոռներիս պատմելու բան կունենամ:

Վերելք Կազբեկ

2016-ի օգոստոսի 4-ին բարձրացանք Կազբեկի մետեոկայան: Սա այն վայրն էր, որտեղ պետք է գիշերեինք: Դրսում կանգնած զրուցում էինք, երբ նկատեցի, որ հեռվում կանգնած տարեց մարդը ծանոթ է: Միանգամից չճանաչեցի, բայց հենց համոզվեցի, որ ինքն է՝ արագ քայլերով մոտեցա: Մի քիչ զրուցեցինք: Փորձառու մարդկանց հետ թեկուզ մի քանի րոպե զրույցից կարող ես դասեր քաղել: Երկու դաս Շատաևից, որոնց մասին ուզում եմ կիսվել ընթերցողի հետ:

  1. Սար բարձրանալիս պետք է քայլել այնպիսի տեմպով, որ չքրտնես: Եթե քրտնում ես, ուրեմն ջանք ես գործադրում: Վերելքը պետք է հանգիստ լինի:
  2. Տարիքի հետ լեռնագնացները ծնկների հետ խնդիրներ են ունենում: Եթե ուզում ես խնդիր չունենալ, ուրեմն երբեք սարից վազելով մի իջի:

Նույն գիշերը ինքն էլ էր մեր պես պատրաստվում գագաթ գնալ: Ճանապարհին իրար չտեսանք: Գագաթ հասնելուց հետո բոլորը նկարվում ու արագ իջնում էին, եղանակը անբարենպաստ էր վայելելու համար: Մենք էլ նկարվեցինք, մի փոքր ուշքի եկանք ու Շատաևը հասավ գագաթ: Մտածեցի ուրեմն ճակատագիր է, մի հատ պետք է գագաթին էլ նկարվենք, որ թոռներիս ցույց տալու բան ունենամ :)

Վլադիմի ՇատաևԽՍՀՄ ալպինիզմի հավաքականի գլխավոր մարզիչ: Այնուհետև Ռուսաստանի ալպինիզմի հավաքականի գլխավոր մարզիչ: Բարձրացել է Էվերեստ, Շիշապանգմա, Անապուռնա, Կոմունիզմի պիկ, Մակ-Կինլի և այլ գագաթներ:

Շատաևի կինը նույնպես ալպինիստ էր: Մահացել է Լենինի պիկից իջնելու ճանապարհին: Նա այն 8 հոգանոց կանանց խմբի ղեկավարն էր, որը մնաց ձնաբքի մեջ:

Գագաթին խնձոր կերեք

Գագաթին մոտեցա, շնորհավորեցի: Շոկոլադ առաջարկեցի, հրաժարվեց: Հանեց խնձորն ու սկսեց ուտել: Նկարվելու ժամանակ էլ խնձորը պահեց օբյեկտիվի դիմաց: Կարծում եմ դա երրորդ դասն էր: Գագաթին խնձոր կերեք:

Այս պահին Վլադիմիր Շատաևը 79 տարեկան է:

Կազբեկի գագաթին

Տիգրան Շահբազյան

Օգոստոս,2016

Կարդացեք նաև՝