Շաքիի ջրվեժ ՝ գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար:
Ջրվեժի անվան հետ կապված կա առասպել: Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Հայաստանի ջրվեժները
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Մեկ այլ ավանդություն ասում է․
Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: