Սևանավանք
Սևանավանք վանական համալիրը՝ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Տեղակայված է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին։ Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։
Պատմություն
Ըստ ավանդության Սևանավանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին և հեթանոսական մեհյանի տեղում կանգնեցրել է նոր հավատքը խորհրդանշող փայտակերտ մի խաչ։ Որոշները պնդում են, Սևանավանքի տարածքում նա կառուցել էր Սբ․ Հարություն (այժմ խոնարհված) եկեղեցին։ Հիմքից կարելի է ենթադրել, որ մեծ չափերի է եղել, կենտրոնագմբեթ բազիլիկ ոճի։
Մատենագրական ու վիմագրական տվյալների համաձայն Սևանա եկեղեցիները կառուցվել են 874 թվականին, վանքի առաջնորդ Մաշտոց Եղվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղվարդեցի 897-898թ․թ․) օրոք։
Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է Մարիամ իշխանուհու կողմից 874 թվականին։
Վանքը բազմիցս թալանվել և ավերվել է մոնղոլական և լենկթեմուրյան արշավանքների ժամանակ։ Վերակնգնումը սկսվել է 1444 թվականին Հայրապետական Աթոռը Էջմիածնում վերահստատելուց հետո։
1990-ական թվականին բացվել է Սևանավանքի դպրանոցը և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով կոչվել է Վազգենյան հոգևոր դպրոց։
20-րդ դարում Սևանա լճի ջրի մակարդակը իջել է և կղզին վերածվել է թերակղզու։ Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է։
Ավանդազրույց
Ավանդության համաձայն Մաշտոց Եղվարդեցի վանականը, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր, երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցիներ կառուցել։
Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, ով խոստացել էր երեսուն եկեղեցի կառուցել՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու (Սյունյաց Վասակ իշխանի)։ Իշխանուհին տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում է համալիրի՝ Սբ․ Առաքելոց, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին եկեղեցիների կառուցումը։
Վանքի հեղինակությունը միջնադարում այնքան մեծ էր, որ ժողովուրդը համարել է, որ երեք անգամ Սևան ուխտի գնալը հավասար է մեկ անգամ Երուսաղեմում լինելուն: Սակավաթիվ մարդիկ էին կարողանում վանք հասնել, քանի որ բոլոր կողմերից շրջապատված էր ալեծուփ ջրերով: Ասում են այնքան խստակրոն էին եկեղեցու սպասավորները, որ կնոջ ոտքն, առհասարակ, արգելված էր միաբանություն: Միայն Մարիամ իշխանուհին է մուտք ունեցել վանք, ում համար Առաքելոց եկեղեցու հյուսիս արևմտյան կողմում փոքրիկ անցք էր բացվել դեպի իր խուցը` վերջինիս հաղորդակից դարձնելով սուրբ պատարագներին:
Սևանի ճակատամարտ
Սևանավանքը հայտնի է նաև որպես միջանադարյան Հայաստանի առավել նշանավոր արմրոցներից մեկը, որտեղ 921 թվականին տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Բագրատունու (Երկաթի) (914 – 921 թ․թ․) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը։
Համաձայն պատմության, Աշոտ Երկաթը երդվել էր դուրս մղել արաբ զավթիչներին Հայաստանի տարածքից։ Պաշտպանությունը կենտրոնացվել էր Սևանա կղզում։ Սակայն ուժերը անհավասար էին։ Առավոտը ծագեց և Սևանը պատվեց թանձր մառախուղով։ Իրենց շարժումը սկսեցին հայկական նավերը, որոնցում տեղադրել էին վառվող ջահերը։ Աշոտ Երկաթը լսելով ձկնորսների խորհուրդը, հարձակում է սկսեց այնպես, որ արևը հարվածում էր վաղ առավոտյան հակառակորդի նետահարների աչքերին, և նրանք չէին կարողանում ճիշտ թիրախ ընտրել։
Ճարտարապետություն
Սևավանավնքը ունեցել է չորս եկեղեցի, մեկ գավիթ և օժանդակ շինություններ։
Դժբախտաբար Սբ․ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին սովետական շրջանում ապամոնտաժվել է (1931 թ․)։ Եկեղեցու քարերն օգտագործվել են որպես շինանյութ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։
Սբ․ Առաքելոց և Սբ․ Աստվածածին եկեղեցիներին կից գոյություն ուներ մատենադարան և դպրոց։ Վանքի տարածքում է եղել նաև միաբանությանը պատկանող բնակելի և օժանդակ շինությունները։ Կղզում երկար ժամանակ պահպանվել էր մի քառաթև, կամիր քարից կերտված խաչքար, որը ըստ ավանդության օծել էր Գրիգոր Լուսավորիչը։ Խաչքարը հետագայում կորել է։
Սբ․ Կարապետ և Սբ․ Առաքելոց եկեղեցիները իրենց հատակագծային ձևերով ու ծավալատարածական հորինվածքով վերարտադրում են վաղ միջնադարում մշակված եռաբսիդ կենտրոնագմբեթ փոքր տաճարների տիպը։ Երկու եկեղեցիները՝ դրսից և ներսից խաչաձև տեսք ունեն։ Եկեղեցիները կառուցված են գլխավորապես կիսամշակ քարերով, իսկ սրբատաշ քարերը օգտագործվում են միայն առավել կարևոր մասերում (կամարներ, գմբեթ, թմբուկ և այլն)։
Երկու եկեղեցիների տեսքը պարզ է, առանց քանդակների և այլ հարդարանքների։ Չնայած դրան, կղզում կանգնեցված եկեղեցիները ներգործում են իրենց ծավալային ձևերով և ուրվանկարով, որոնք պարզորոշ գծագրվում են կապույտ երկնքի և լճի զմրուխտ ֆոնի վրա։ Եկեղեցիների տեղադրությունը, նրանց բացարձակ չափերի տարբերությունը գիտակցականորեն հետապնդել է մի հիմնական նպատակ հասնել ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնականությանը, նրանց փոխադարձ սերտ կապին։
Առաքելոց եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է քառասյուն գավիթ, որը կանգուն է եղել մինչև 1930-ական թվականները։ Գավիթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով (որոնք այժմ պահպանվում են Հայաստանի պամության թանգարանում և Էրմիտաժում)։ Ենթադրվում է, որ խայակները բերվել են որևէ պալատական շենքից։
Հայրապետի և Հրէպէկայի խաչքար
Առաքելոց եկեղեցու հյուսիսային պատի տակ է գտնվում Սևանի խաչելիության տեսարանով (Ամենափրկիչ) խաչքարը: Ի սկզբանե խաչքարի տեղադրության վայրը եղել է Սևանի ափամերձ հատվածում գտնվող Նորաշեն գյուղը, որտեղից և 19-րդ դ․ վերջին տեղափոխել են Սևանավանք։ Քիվին առկա արձանագրությունից իմանում ենք, որ այն կերտել է Տրդատ կազմողը 1653 թվականին ի բարեխոսություն Հայարպետի և Հրէպեկայի։
Խաչքարի վրա տեղադրված են 9 տեսարաններ՝ Խաչելիությունը, Դժոխքի ավերումը, Քրիստոսի երկրորդ գալուստը, Ամենակալը չորեքպերյան աթոռին, մեղքի կշիռը, դատաստանին սպասվող մեղավորներն ու արդարները, Աստվածածինը մանկան հետ, եզն ու էշը՝ որպես ցուցում Ծննդի։ Խաչարձանի կենտրոնում խաչելիությունն է․ Քրիստոսը խաչված է ծաղկուն խաչի վրա։ Խաչի երկու կողմերում կանգնած են Մարիամ Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը։
Խաչելիության տակ խաչքարային քանդակում Դժոխքի ավերման տեսարան է։ Քրիստոսի ոտքերի տակ «դժոխքի դռներն են», աջով բռնել է Ադամի ձեռքը, որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը։ Ձախ ձեռքի խաչգավազանով խոցում է օձամարմին գալարուն վիշապներից մեկին, իսկ աջով մյուս վիշապի բերանից դուրս է հանում իրար ձեռք բռնած Ադամին և Եվային։ Հորինվածքի վերին աջ անկյունում պատկերված ծառը, որը խորհրդանշում է դրախտը, ծանրաբեռնված է խաղողի ողկյուզներով, ոչ կանոնիկ մի պատկեր, որը սակայն լիովին համապատասխանում է իդեալական կենսատարածքի՝ որպես խաղողի այգու մասին հայ միջնադարյան պատկերացումներին (իդեալական աշխարհի, այդ թվում դրախտի՝ որպես խաղողի այգու մասին հայ միջնադարյան պատկերացումների ու պատկերագրության վերաբերյալ)։
Քիվից ներքև, ձախ կողմում կրկին Հիսուսն է «Ամենակալ» տիպի պատկերավորմամբ։ Աջ ձեռքը բարձրացել է վեր, օրհնելու համար, իսկ ձախը տարել կրծքին։ Այս տեսարանում Քրիստոսը շրջապատված է կենդանակերպի 4 կենդանիներով՝ Մաթեոս – մարդ, Մարկոս – առույծ, Ղուկաս – ցուլ, Հովհաննես – արծիվ։
- Մաթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը նույնացվում է առյուծի խորհրդանշով, որովհետև իր Ավետարանը սկզբում առույծի նման քաջաբար հայտարարում է, որ Հիսուսը Աստծո որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Այս պատկերաքանդակից ներքև Մարիամն է գրկում առած մանուկ Հիսուսին։ Ապա պատկերված է երկու կենդանի էշ ու եզ, որով Տրդատը ցանկացել է պատկերել Հիսուսի ծննդյան տեսարանը։ Կենդանիներից էլ ցած պատկերված են երեք թագազարդ ֆիգուրներ, կանգնած իրար կողքի, ձեռքերն աղոթավորի ձևով ափով դեպի ներս։ Նույնացվում է մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն է վերջին դատաստանի տեսարանի հետ կապված, իբրև խաչարձանի ձախ կողմի պատկերագրության մաս։
Հակադիր կողմում վերից վար, վերջին դատաստանն է պատկերված․ ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից Արեգակն ու Լուսինը, իսկ սրանց տակ չորս հրեշտակներ՝ փողերը բերանները։ Այս պատկերաքանդակից ներքև պատկերված է մեղքի և արդարության կշեռքը, սատանաներից մեկը բարձրացնում է մի թաթը, իսկ մյուս թաթով ցած քաշում, որ մեղքն ավելի ծանրանա։ Իսկ ներքևում մեղավորների դասն է երեք ֆիգուրներով։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: