Սերգեյ Պետրոսյան
Սերգեյ Պետրոսյան ՝ մենեջմենթի մասնագետ, աշխատում է ՏՏ ոլորտում, ArmGeo ակումբի անդամ։
Ստացվել էր այնպես, որ սկսեցի արշավել այն ժամանակաշրջանում, երբ շատ խառը մտքեր ունեի, մեղմ ասած՝ հաշտ չէի ինքս իմ հետ: Ինձ ու գրեթե բոլորին լեռները սովորեցնում են հասկանալ ինքդ քեզ, ժամանակ են տալիս քայլելու ու ինքդ քո հետ խոսելու բնության մեջ, որտեղ երևի ավելի շատ դրական էներգիա կա։ Արշավները թույն հնարավորություն են հայրենիքդ ճանաչելու համար։
Լեռներն ինձ սովորեցերել են փոքր պահերը վայելել: Երբ դու ունես հաշված րոպեներ տեսնելու մայրամուտը, փորձում ես ամեն վայրկյանը ապրել, որը և անդրադառնում է կյանքիդ մնացած ակնթարթների վրա։ Արշավները թույն հնարավորություն են նաև ծանոթությունների համար, նոր հետաքրքիր մարդկանց հետ ես շփվում, ընկերանում և այլն։
Լեռներում․․․
Լեռներ բարձրանալը սկզբում ֆիզիկական տեսանկյունից էի դիտարկում՝ այս գագաթն էլ գնացի, հաղթահարեցի, ընկերացա լեռան հետ, ինքս իմ ուժերը էլի փորձեցի։
Հետո մի ինչ-որ պահից սկսած լեռները դարձան շատ հարազատ, սկսեցի խորանալ դրա բարձրանալու ընթացքի մեջ, համեմատել սպորտի, բիզնեսի, աշխատանքի հետ, կյանքում ունեցածս ձեռքբերումների, նպատակներին հասնելու և անհաշվելի նմանություններ գտա դրանց մեջ։
Ծարասարից մինչև Դիզափայտ
Ոնց շատերը կպատասխանեն՝ բոլոր արշավներն էլ տպավորիչ են, ամեն արշավ անպայման ինչ-որ դրվագով հիշարժան է դառնում, նոր ծիծաղելի քոմենթներից մինչև թույն տեսարաններ, բայց կառանձնացնեմ երեքը՝
Ծարասարի մայրամուտը
Ասում են՝ Վանի մայրամուտը աննման է, ես դեռ չեմ տեսել, բայց տեսածներիցս Ծարասար լեռան մայրամուտն ամենալավն էր ու տպավորիչը))
Քարկատարի գագաթը
АrmGeo- ի հետ դեպի Տապալոց լեռան արաշվին ես ու ընկերս խմբից առանձնացանք ու բարձրացանք Քարկատար: Ձմեռային արշավ էր, իսկ ես համապատասխան հագուստ չունեի, ու բավականին դժվար ստացվեց: Չնայած գագաթը երևում էր, բայց չկարողացա հասնել ու մինչև օրս Քարկատարը այն միակ գագաթն է, որ փորձել եմ, բայց չեմ հասել։
Դիզափայտ
Հադրութի շրջանի ամենաբարձր գագաթ Դիզափայտն իմ համար մի քիչ ավելի մեծ նշանալություն ունեցող գագաթ էր: Արմատներս Հադրութի շրջանի երբեմնի Հարար գյուղից են: Գյուղը վաղուց չկա, բայց արշավական ընկերս՝ Տիգրան Վարագը, մոտավոր ցույց տվեց՝ գյուղը որտեղ է եղել։
Երբ սկսեցի հաճախ արշավել, մոտս նպատակ էր դարձել բարձրանալ այս գագաթը: Հետաքրքիր էր՝ ինչպիսին է տեսարանը վերևից, որտեղ նախնիներս են ապրել: ArmGeo-ի հետ կարողացա անել դա։
Ես՝ ArmGeo-ում
Առաջին արշավս ArmGeo-ի հետ շատ պատահական ստացվեց, մինչ այդ ընկերներով փոքր արշավներ արել էինք, բայց մեծ խմբային արշավի առաջին անգամ գնացել եմ հենց ArmGeo-ի հետ։ Ստացվել էր այնպես, որ ընկերներիցս մեկի հետ էինք մասնակցում արշավին։
Բայց կեսից մոռացա ընկերոջս մասին, որովհետև Գեղամա լեռներն անչափ սիրուն էր: Աժդահակն առաջին խմբային արշավս էր 2016 թ.-ին, դրան գումարվել էին հետնապահի՝ Հրաչուհու հորդորները, որ, չնայած սպորտային լինելուս, Աժդահակը հեշտ չի լինելու բարձրանալ, որը ևս մի խթան էր՝ ինձ Աժդահակի գագաթ հասցնելու։
Արշավականները․․․
Արշավականները հասարակ մարդիկ են, ովքեր ուզում են մոտ լինել բնությանը, ծանոթանալ իրենց նման հասարակների հետ, պատրաստ են հողի վրա հաց ուտել, ունեն ներքին մարտահրավերներ ու խիզախություն դրանց հետ առճակատվելու, ուզում են մոտ լինել բնությանը։
Եթե լեռները, արշավները քոնն են, բնությունը չի թողնի հեռանաս, կարևորը ճանապարհը սկսես այնպիսի մարդկանց հետ, որոնք առաջին քայլերդ կհամեմեն հետաքրքրությամբ ու դու կսիրես ոչ միայն լեռները, այլև մարդկանց:
Սերգեյ Պետրոսյան