Սեպուհ լեռ
Դարանաղյաց լեռներ
Բարձրությունը՝ 3030 մ
Սեպուհ լեռը կոչվել է նաև Դարանաղյաց, Մանյա լեռ, Մանյա այրք, Մանեի քարանձավների լեռ և Սեպուռ։ Գտնվում է Անտիպոնտական լեռներում, Կամախի բարձրավանդակում, Երզնկայի դաշտի արևմտյան կողմում։ Լանջերը անտառապատ են, ապառաժոտ։ Լեռան լանջերին կան անդնդախոր ձորեր ու քարանձավներ։
Մովսես Խորենացին հիշատակում է, որ Մանեն, որը սուրբ Հռիմսիմյանց խմբի անդամներից մեկն էր, չգնաց մյուսների ճանապարհով և բնակվեց այս լեռան վրա, մի քարայրում և դրա համար էլ լեռը կոչվեց Մանեի քարայրների լեռ։ Մանեի մահից հետո այս քարայրում է հաստատվում Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Վարդան Արևելցու Տրդատ թագավորը գնում է Սեպուհ լեռ Գրիգորին տեսնելու։ Նա Գրիգորին է նվիրում իր սուրը, որը նվեր էր ստացել Կոնստանդին կայսրից։ Գորիգորն օրհնել է սուրը, այնուհետև այն կախել է օդում, որպեսզի սուրը ծառայի որպես միաբանության նշան, սակայն թուրն օդում կախված տեսանելի էր միայն արժանիներին։ Ըստ մի այլ ավանդության Տրդատ թագավորը յուրայիններից դավաճանված թունավորվել է Սեպուհ լեռան վրա ու մահացել։
Սեպուհ լեռան հարավային լանջին է գտնվում Թորդան գյուղը։ Թորդանում է եղել հեթանոսական «Սպիտակափառ դուռ» հատուկ մեհյանը: Ըստ աղբյուրների այստեղ է եղել Բարշամ աստծո փղոսկրից, լեռնային բյուրեղներից ու արծաթից կերտած հիասքանչ արձանը: IV դարում Գրիգոր Լուսավորիչն այն քանդել է տալիս և նրա տեղը կառուցում է եկեղեցի։ Եկեղեցին այժմ հայտնի է «Ինն սրբոց գերեզմանք» անունով, քանի որ այստեղ հետագայում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի և նրա տոհմի շառավիղ կաթողիկոսներ՝ Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի, եկեղեցական գործիչներ Դանիել Ասորու և Խադի աճյունները, ինչպես նաև Տրդատ Գ թագավորի, նրա կնոջ՝ Աշխենի և քրոջ՝ Խոսրովդուխտի աճյունները:
Սեպուհ լեռը կոչվել է նաև Գոհանամ։ Գոհանամ անունը կապվում է լեռնաշխարհի 2 լեռան հետ։ Մեկը Սեպուհն է, մյուսը՝ Այծպտկունքը։ Գոհանամ անվան ծագման մասին արդրադարձել ենք Այծպտկունք լեռան նկարագրության մեջ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ