info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը

Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը

Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը

Ողջ մնացածի սիստեմատիկ սխալն ընտրության սիստեմատիկ սխալի տարատեսակ է, երբ մի խմբի՝ ողջ մնացածների մասին, շատ տեղեկություն ունենք, իսկ մյուսի՝ մահացածների մասին՝ չունենք ընդհանրապես: Ինչի արդյունքում մարդը փորձում է հետևություններ անել՝ դիտարկելով միայն ողջ մնացածներին և աչքաթող անելով մահացածների դեպքերը:

Այս երևույթը հայտնաբերվեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Ամերիկյան ռմբակոծիչները մեծ կորուստներ էին կրում Գերմանիայի վրա հարձակումների ժամանակ: Կորուստները պետք էր նվազեցնել և դրա համար որոշում է ընդունվում ուժեղացնել ռմբակոծիչների զրահապատումը: Սակայն անհնար էր ամբողջ ինքնաթիռը զրահապատել՝ վերածելով այն տանկի, քանի որ այն շատ կծանրանար և չէր կարողանա օդ բարձրանալ: Որոշվում է ետ վերադարձած ինքնաթիռներն ուսումնասիրելով պարզել դրանց առավել խոցելի հատվածները և զրահապատել միայն դրանք: Այս գործը հանձնարարվում է հունգարացի մաթեմատիկոս Աբրահամ Վալդին:

Դուք հիմա մտածում եք, թե ի՞նչ կապ ունի սա լեռների ու արշավների հետ, այնպես չէ՞: Համբերություն, մի քիչ էլ կարդացեք ու կհասկանաք:

Հետ վերադարձած ինքնաթիռներն ունեին գերմանական զենիթային թնդանոթներից և կործանիչներից խոցումներ: Եվ բոլոր ինքնաթիռների վրա հիմնականում խոցված էին թևերի ծայրերը, ֆյուզելյաժի մեջտեղի մասը, հորիզոնական փետրավորումներն ու պոչը: Առավել քիչ խոցված տեղեր կային շարժիչների, օդաչուների խցիկի և վառելիքով բաքերի հատվածում: Արդյո՞ք սա նշանակում է, որ պետք էր զրահապատել թևերն ու ֆյուզելյաժը: Առաջին հայացքից՝ այո: Տրամաբանական է՝ որքան շատ են կպել այդ հատվածներին, ուրեմն հենց այդ հատվածն է ամենաից խոցելին: Եվ սա կլիներ ճակատագրական սխալ, եթե Վալդը չնկատեր հետևյալը․ Վալդը պնդեց, որ վերադարձած ինքնաթիռների խոցված հատվածները զրահապատելու կարիք չկա, ընդհակառակը, պետք է զրահապատել հենց այն հատվածները, որտեղ ոչ մի թշնամու արկ չի կպել: Բանն այն էր, որ եթե այս ինքնաթիռները, խոցված լինելով տվյալ հատվածներում, շարունակել էին օդում մնալ և վերադարձել էին, նշանակում է որ այդ հատվածները ինքնաթիռի համար ոչ մի կենսական նշանակություն չունեն, իսկ այ մյուս հատվածներում խոցված ինքնաթիռներն անկում են ապրել, հենց այդ պատճառով էլ մենք չենք տեսնում այդ դեպքերը: 

Հենց այսպես էլ առաջացավ «Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը» տերմինը: Այս հայտնագործությունը բազում կյանքեր փրկեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ և մի փոքր էլ մոտեցրեց յուրայինների հաղթանակը:

«Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը» տերմինը

Նույն սխալ դատողությամբ են մարդիկ առաջնորդվում երբ պնդում են, որ մեքենայի ամրագոտին պետք չէ ամրացնել, քանի որ ինչ-որ մեկի ընկերը վթարի է ենթարկվել առանց ամրագոտին ամրացնելու, և նրան ոչ մի բան էլ չի եղել, կամ մյուսի ընկերը վթարի է ենթարկվել ամրացված ամրագոտիով, չի հասցրել արձակել ամրագոտին և ողջ-ողջ այրվել է մեքենայի մեջ: Նման դեպքերն, իհարկե, չեն բացառվում, և հնարավոր է՝ տեղի ունենան: Սակայն մենք դիտարկեցինք առանձին դեպք՝ կարելի է ասել բացառություն, չդիտարկելով միլլիոնավոր դեպքեր, երբ ամրագոտին կյանքեր է փրկել և ուրիշ միլլիոններ, որոնք մահվան ելք են ունեցել ամրագոտին չամրացնելու հետևանքով:

Հիմա կամաց-կամաց սկսեցիք հասկանալ չէ՞, թե ի՞նչ կապ ունի այս ամենը լեռների հետ: 

Պարզապես փոխարինեք ամրագոտին ճիշտ հանդերձանքով, առաջին օգնության դեղարկղիկով, բնության մեջ ավտոնոմ գոյատևելու տարրական գիտելիքներով, իսկ գերմանական զենիթային թնդանոթներն ու ավտովթարները՝ սարերում եղանակի վատթարացմամբ, ամպրոպ-կայծակներով, կենդանիների հարձակումով, անտառում մոլորվելով, ձնահոսքով, լեռնային հիվանդությամբ և ցրտահարվելով: Ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել: 

Այս երևույթը որոշեցինք քննարկել, քանի որ սա շատ բնորոշ մոտեցում է լեռներ գնացողների և առհասարակ էքստրեմալ սպորտաձևերով զբաղվողների շրջանակում՝ ինչը հանգեցնում է դժբախտ պատահարների:

Երբ լեռներին, մեղմ ասած, անծանոթ մեկը որոշում է ինչ-որ լեռնագագաթ «նվաճել», նա իր հետ երբեք չի նախատեսում ունենալ դեղարկղիկ, կապի միջոց, power bank, ջրի և սննդի բավարար պաշար: Բացառության կարգով նրա բախտը բերում է, և իրեն ոչինչ չի պատահում։ Նա վերադառնում է ու բոլորին սկսում բացատրել, որ օրինակ՝ Արարատ կամ Կազբեկ բարձրանալու համար պետք չեն 500 դոլլար արժողությամբ կոշիկներ և ուղեկցորդի թանկարժեք ծառայություններ: 

«Եղվարդի Ադիդասով գնացի եկա, ոչ մրսել եմ ոչ էլ»:

Այս ամենի հետ մեկտեղ հղում է անում, թե ինչպես են «մեր պապերը» մի ժամանակ բարձրացել նույն լեները, երբ մեր Redfox-երն ու La Sportiva-ները չկային: Եվ վե՛րջ, երկաթ-բետոնե հիմնավորում, որն անհեռատես կամ թեմայից անտեղյակ մարդկանց համար հիմք է ծառայում:

Բնության գրկում ցանկացած միջոցառում կազմակերպելիս եղեք մաքսիմալ ուշադիր և գրագետ, հաշվի առեք հնարավոր բոլոր ռիսկերը, խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ, ի վերջո մի փոքր կարդացեք դրա մասին համացանցում: Անկախ նրանից գնում եք Լաստիվերում ձեր ծննդյան օրը նշելու, թե Էվերեստն եք բարձրանում: Մի առաջնորդվեք այն դատողությամբ, որ «իմ հետ փորձանք չի լինի»: Հիշե՛ք, որ մեր գործում անվտանգության ցանկացած կանոն գրված է արյունով և 21-րդ դարում ցանկացած երևույթ չի կարող համարվել ճիշտ, եթե չունի գիտական բացատրություն հիմնված հետազոտությունների և փորձերի վրա: Իսկ լեռներում այդ հետազոտություններն արված են մարդկային կյանքերի գնով:  

Այս նյութով մենք չենք հորդորում պարտադիր դիմել հենց մեզ և օգտվել մեր ծառայություններից, կամ մեր գործընկերների թաքնված գովազդ չենք անում: Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն անվտանգությանը, և լեռների հարցում զարգացնեն իրենց գիտելիքները։

Պլանավորե՛ք գրագետ, արշավե՛ք ապահով:

Բլոգ Հայաստանի մասին