Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը
Ողջ մնացածի սիստեմատիկ սխալն ընտրության սիստեմատիկ սխալի տարատեսակ է, երբ մի խմբի՝ ողջ մնացածների մասին, շատ տեղեկություն ունենք, իսկ մյուսի՝ մահացածների մասին՝ չունենք ընդհանրապես: Ինչի արդյունքում մարդը փորձում է հետևություններ անել՝ դիտարկելով միայն ողջ մնացածներին և աչքաթող անելով մահացածների դեպքերը:
Այս երևույթը հայտնաբերվեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Ամերիկյան ռմբակոծիչները մեծ կորուստներ էին կրում Գերմանիայի վրա հարձակումների ժամանակ: Կորուստները պետք էր նվազեցնել և դրա համար որոշում է ընդունվում ուժեղացնել ռմբակոծիչների զրահապատումը: Սակայն անհնար էր ամբողջ ինքնաթիռը զրահապատել՝ վերածելով այն տանկի, քանի որ այն շատ կծանրանար և չէր կարողանա օդ բարձրանալ: Որոշվում է ետ վերադարձած ինքնաթիռներն ուսումնասիրելով պարզել դրանց առավել խոցելի հատվածները և զրահապատել միայն դրանք: Այս գործը հանձնարարվում է հունգարացի մաթեմատիկոս Աբրահամ Վալդին:
Դուք հիմա մտածում եք, թե ի՞նչ կապ ունի սա լեռների ու արշավների հետ, այնպես չէ՞: Համբերություն, մի քիչ էլ կարդացեք ու կհասկանաք:
Հետ վերադարձած ինքնաթիռներն ունեին գերմանական զենիթային թնդանոթներից և կործանիչներից խոցումներ: Եվ բոլոր ինքնաթիռների վրա հիմնականում խոցված էին թևերի ծայրերը, ֆյուզելյաժի մեջտեղի մասը, հորիզոնական փետրավորումներն ու պոչը: Առավել քիչ խոցված տեղեր կային շարժիչների, օդաչուների խցիկի և վառելիքով բաքերի հատվածում: Արդյո՞ք սա նշանակում է, որ պետք էր զրահապատել թևերն ու ֆյուզելյաժը: Առաջին հայացքից՝ այո: Տրամաբանական է՝ որքան շատ են կպել այդ հատվածներին, ուրեմն հենց այդ հատվածն է ամենաից խոցելին: Եվ սա կլիներ ճակատագրական սխալ, եթե Վալդը չնկատեր հետևյալը․ Վալդը պնդեց, որ վերադարձած ինքնաթիռների խոցված հատվածները զրահապատելու կարիք չկա, ընդհակառակը, պետք է զրահապատել հենց այն հատվածները, որտեղ ոչ մի թշնամու արկ չի կպել: Բանն այն էր, որ եթե այս ինքնաթիռները, խոցված լինելով տվյալ հատվածներում, շարունակել էին օդում մնալ և վերադարձել էին, նշանակում է որ այդ հատվածները ինքնաթիռի համար ոչ մի կենսական նշանակություն չունեն, իսկ այ մյուս հատվածներում խոցված ինքնաթիռներն անկում են ապրել, հենց այդ պատճառով էլ մենք չենք տեսնում այդ դեպքերը:
Հենց այսպես էլ առաջացավ «Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը» տերմինը: Այս հայտնագործությունը բազում կյանքեր փրկեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ և մի փոքր էլ մոտեցրեց յուրայինների հաղթանակը:
«Ողջ մնացածի սիստեմատիկ սխալը» տերմինը
Նույն սխալ դատողությամբ են մարդիկ առաջնորդվում երբ պնդում են, որ մեքենայի ամրագոտին պետք չէ ամրացնել, քանի որ ինչ-որ մեկի ընկերը վթարի է ենթարկվել առանց ամրագոտին ամրացնելու, և նրան ոչ մի բան էլ չի եղել, կամ մյուսի ընկերը վթարի է ենթարկվել ամրացված ամրագոտիով, չի հասցրել արձակել ամրագոտին և ողջ-ողջ այրվել է մեքենայի մեջ: Նման դեպքերն, իհարկե, չեն բացառվում, և հնարավոր է՝ տեղի ունենան: Սակայն մենք դիտարկեցինք առանձին դեպք՝ կարելի է ասել բացառություն, չդիտարկելով միլլիոնավոր դեպքեր, երբ ամրագոտին կյանքեր է փրկել և ուրիշ միլլիոններ, որոնք մահվան ելք են ունեցել ամրագոտին չամրացնելու հետևանքով:
Հիմա կամաց-կամաց սկսեցիք հասկանալ չէ՞, թե ի՞նչ կապ ունի այս ամենը լեռների հետ:
Պարզապես փոխարինեք ամրագոտին ճիշտ հանդերձանքով, առաջին օգնության դեղարկղիկով, բնության մեջ ավտոնոմ գոյատևելու տարրական գիտելիքներով, իսկ գերմանական զենիթային թնդանոթներն ու ավտովթարները՝ սարերում եղանակի վատթարացմամբ, ամպրոպ-կայծակներով, կենդանիների հարձակումով, անտառում մոլորվելով, ձնահոսքով, լեռնային հիվանդությամբ և ցրտահարվելով: Ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել:
Այս երևույթը որոշեցինք քննարկել, քանի որ սա շատ բնորոշ մոտեցում է լեռներ գնացողների և առհասարակ էքստրեմալ սպորտաձևերով զբաղվողների շրջանակում՝ ինչը հանգեցնում է դժբախտ պատահարների:
Երբ լեռներին, մեղմ ասած, անծանոթ մեկը որոշում է ինչ-որ լեռնագագաթ «նվաճել», նա իր հետ երբեք չի նախատեսում ունենալ դեղարկղիկ, կապի միջոց, power bank, ջրի և սննդի բավարար պաշար: Բացառության կարգով նրա բախտը բերում է, և իրեն ոչինչ չի պատահում։ Նա վերադառնում է ու բոլորին սկսում բացատրել, որ օրինակ՝ Արարատ կամ Կազբեկ բարձրանալու համար պետք չեն 500 դոլլար արժողությամբ կոշիկներ և ուղեկցորդի թանկարժեք ծառայություններ:
«Եղվարդի Ադիդասով գնացի եկա, ոչ մրսել եմ ոչ էլ»:
Այս ամենի հետ մեկտեղ հղում է անում, թե ինչպես են «մեր պապերը» մի ժամանակ բարձրացել նույն լեները, երբ մեր Redfox-երն ու La Sportiva-ները չկային: Եվ վե՛րջ, երկաթ-բետոնե հիմնավորում, որն անհեռատես կամ թեմայից անտեղյակ մարդկանց համար հիմք է ծառայում:
Բնության գրկում ցանկացած միջոցառում կազմակերպելիս եղեք մաքսիմալ ուշադիր և գրագետ, հաշվի առեք հնարավոր բոլոր ռիսկերը, խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ, ի վերջո մի փոքր կարդացեք դրա մասին համացանցում: Անկախ նրանից գնում եք Լաստիվերում ձեր ծննդյան օրը նշելու, թե Էվերեստն եք բարձրանում: Մի առաջնորդվեք այն դատողությամբ, որ «իմ հետ փորձանք չի լինի»: Հիշե՛ք, որ մեր գործում անվտանգության ցանկացած կանոն գրված է արյունով և 21-րդ դարում ցանկացած երևույթ չի կարող համարվել ճիշտ, եթե չունի գիտական բացատրություն հիմնված հետազոտությունների և փորձերի վրա: Իսկ լեռներում այդ հետազոտություններն արված են մարդկային կյանքերի գնով:
Այս նյութով մենք չենք հորդորում պարտադիր դիմել հենց մեզ և օգտվել մեր ծառայություններից, կամ մեր գործընկերների թաքնված գովազդ չենք անում: Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն անվտանգությանը, և լեռների հարցում զարգացնեն իրենց գիտելիքները։
Պլանավորե՛ք գրագետ, արշավե՛ք ապահով: