Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանն աշխարհի հնագույն քարտեզներում հոդվածում արդեն ցույց ենք տվել, որ այս տարածաշրջանը միշտ է Հայաստան կոչվել, նույնիսկ այն դարերի ընթացքում, երբ նվաճված էր օտարների կողմից։ Մինչդեռ Հայկական լեռնաշխարհ տերմինը և դրա տարածքը ֆիզիկաաշխարհագրական խոր ուսումնասիրութան չի ենթարկվել, և ընդհուպ մինչև 18-րդ դարը շատ հեղինակներ հիմնվել են Ստրաբոնի տեղեկությունների վրա։
Հայաստանն ըստ Ստրաբոնի
Ըստ Ստրաբոնի՝ «Հայաստանի հարավը պաշտպանված է Տավրոսից, որը բաժանում է այն Եփրատի և Տիգրիսի միջև գտնվող ամբողջ երկրից, որ կոչվում է Միջագետք, արևելքից կցվում է Մեծ Մարաստանին և Ատրոպատենին, հյուսիսից՝ գտնվում են Կասպից ծովի վերևի՝ Պարաքոաթրասի լեռները և Աղվանք ու Վրացիք և Կովկասը, որ շրջապատում է այդ ժողովուրդները հասնելով Հայաստան, միանում է Մոքսիկյան և Կողքսի լեռներին։ Մինչև Տիբարների կոչված երկիրը, արևմուտքից գտնվում է Տիբարանի ժողովուրդը և Պարիադրես լեռը և Սկյուդիսես լեռը՝ մինչև Փոքր Հայք և Եփրատի հովիտը, որ բաժանում է Հայաստանը Կապադովկիայից և Կոմմագենից»
Ստրաբոն, Քաղեց և թարգմանեց Հ. Աճառյանը, Երևան, 1940, էջ 53:
Բրիտանական հանրագիտարան
Ըստ բազմաթիվ հեղինակների, ինչպես նաև Բրիտանական հանրագիտարանի՝ «Հայաստանը լեռնային տարածություն է, որը զբաղեցնում է շուրջ 400 000 ք․կմ տարածություն»։ Իհարկե այստեղ հաշվի չի առնված Կիլիկիայի հայկական պետության զբաղեցրած տարածքը։
Հայաստան և Հայկական լեռնաշխարհ տերմինների տարբերությունը
Նախքան Հայկական լեռնաշխարհի ուսումնասիրությանն անցնելը, պետք է հստակ կարողանանք իրարից տարբերել Հայկական լեռնաշխարհ ու Հայաստան տերմինները։ Պետք չէ շփոթել Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, Պատմական Հայաստան, Հայոց աշխարհ հասկացությունները: Հայկական լեռնաշխարհի տարածքը մեծամասամբ համընկնում է Մեծ ու Փոքր Հայքի տարածքի հետ և դա է շփոթության պատճառը, որ երբեմն նույնացնում են այս երկու հասկացությունները։ Սակայն պետք է հստակ տարբերել Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ տերմինները։ Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է, որը մեծ մասամբ համընկնում է Պատմական Հայաստանի տարածքի հետ։ Հայաստան հասկացությունն ունի քաղաքական բնույթ և ցույց է տալիս որոշակի տարածք, որտեղ այժմ գոյություն ունի հայկական պետություն։ Հայաստանն օգտագործվում է լայն և նեղ իմաստներով: Մի դեպքում Հայաստան ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Մյուս դեպքում Հայաստան ասելով հասկանում ենք պատմա-աշխարհագրական այն տարածքը, որտեղ ծագել, ձևավորվել և զարգացել է հայ ժողովուրդը: Վերջինս ավելի շատ օգտագործվում է պատմական Հայաստան իմաստով:
Հայաստանի աշխարհագրական ուսումնասիրությունները
Հայաստանի աշխարհագրական ուսումնասիրությունները նոր թափ են առնում 18-րդ դարից սկսած։ Դարի սկզբին Իտալիայի Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրված Մխիթարյան Միաբանությունում, սկսվում է ականավոր աշխարհագրագետների աշխատությունների հրատարակումը։
1751 թ. Վենետիկում լույս է տեսել պատմական Հայաստանի քարտեզն, ըստ հին և նոր քարտեզագետների և աշխարհագրագետների, որը կարելի է համարել Շիրակացու “Աշխարհացույցի” բացակայող քարտեզին փոխարինողը:
Ռուբեն Գալչյանի անձնական հավաքածու
Ս․ Ագոնցի և Ղ․ Ինճիճյանի ջանքերով լույս է տեսնում «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (1802-1806) տասը հատորանոց աշխատությունը, որով փաստորեն հիմք է դրվում Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությանը։
1822 թվականին Վենետիկում լույս է տեսնում Ղ․Ինճիճյանի «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» աշխատությունը։ Հեղինակը հունա-հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա-աշխարհագրական պատկերը՝ նահանգների ու գավառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ։ «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին։
Ղ․ Ինճիճյանի աշխատությունների հիման վրա 1857 թ․-ին Վենետիկում լույս է տեսնում Մանուել Քաջունու «Աշխարհագրություն հին և նոր Հայաստանեայց» ուսումնական ձեռնարկները, որտեղ Քաջունին առանձին բաժնով անդրադառնում է Հայաստանի լեռներին։
1864-թ․-ին լույս է տեսնում Ներսես Սարգիսեանի «Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս» աշխատությունը։
Հայաստանի աշխարհագրության դասականը Ղևոնդ Ալիշանն է։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագիրը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործը «Շիրակ»-ն է (1881 թ․)։ Նա երբեք Հայաստանում եղած չլինելով հանդերձ կարողանում է մանրամասնորեն ներկայացնել գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885 թ․), «Այրարատ» (1890 թ․) և «Սիսական» (1893 թ․) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը և բնակավայրերը։
Սկսած 19-րդ դարից Ռուսական և Եվրոպական հետազոտողների կողմից մեծանում է հետաքրքրությունը դեպի Հայաստանը։ Հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսի հետազոտողներից լեռնաշխարհի գիտական ուսումնասիրության գործում մեծ դեր են խաղացել Հ․Լինչը, Ֆ․ Օսֆալդը, Ա․Ղուկասովը և, իհարկե, գերմանացի երկրաբան Հ․Աբիխը։ Աբիխը տասնյակ տարիներ անցկացրեց Հայկական լեռնաշխարհում և գրեց բազմաթիվ գիտական աշխատություններ։
Հերման Վիլհելմ Աբիխ
Գերմանացի երկրաբան
Բիբլիական լեգենդներով պարուրված Մասիս լեռը մշտապես դեպի իրեն էր գերում քրիստոնյա ուխտավորներին, ճանապարհորդներին և բնագետներին ողջ աշխարհից։ Այն գրավիչ էր իր մեծությամբ և խորհրդավոր անհասանելիությամբ։ Ակոռիի 1840 թվականի ավերիչ երկրաշարժն էլ ավելի գրավեց Եվրոպական երկրների գիտական աշխարհի ուշադրությունը։ Եվրոպական երկրներից բազմաթիվ երկրաբաններ հետաքրքրվեցին այստեղ տեղի ունեցող երկրաբանական պրոցեսներով, բայց առաջին հերթին հետազոտական քայլեր ձեռնարկեց Ռուսական կայսրությունը։ Ա․ Հումբոլդտի խորհրդով Ռուսական կայսրության ճարտարագետները դիմում են Հ․ Աբիխին, ով արդեն լայն ճանաչում ուներ եվրոպական գիտական շրջանակում։
1844 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ի թույլտվությամբ, Աբիխը մեկնում է Արևելյան Հայաստան, որն այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Հայաստանում Աբիխը հանդիպում է հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, ում միջոցով էլ ծանոթանում է Խաչատուր Աբովյանի հետ։ Աբովյանը պետք է հանդես գար որպես թարգմանիչ և ուղեկցեր Աբիխին դեպի Արարատ լեռ։ Առաջին մի քանի փորձերն ապարդյուն են անցնում։ Արշավախմբին չի հաջողվում բարձրանալ Մեծ Մասիսի գագաթ, բայց, ի վերջո, նրանք հասնում են իրենց նպատակին և կատարում ուսումնասիրությունները։
Աբիխի գիտական գործունեությունը
Աբիխի գիտական գործունեությունը Հայկական լեռնաշխարհում բավականին բեղմնավոր և բազմակողմանի էր, այն վերաբերում էր երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության բոլոր ոլորտներին։ Անհնար է համառոտ նշել մեծ գիտնականի գիտական ձեռքբերումները, որոնք ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ աշխարհի երկրաբանական գիտության մեծ ձեռքբերումներից են։
Նա առաջին գիտնականներից էր, ով կանգնած էր սեյսմոտեկտոնիկայի ակունքներում։ Նրա պատկերացումները լեռնակազմական պրոցեսների, երկրաշարժերի, հրաբխականության մասին հետագայում ուսումնասիրվել և կատարելագործվել են ժամանակակիցների և հետնորդների կողմից։
1882 թ-ին Վիեննայում լույս է տեսնում, արդեն աշխարհահռչակ գիտնական, Հ․Աբիխի «Geologie des Armenishen Hochlandes» ֆունդամենտալ աշխատանքը՝ նվիրված Հայկական լեռնաշխարհի ընդհանուր երկրաբանությանը։ Շնորհիվ նրա աշխատությունների համաշխարհային գիտական համայնքը առաջին անգամ իմացավ այդ հսկա ֆիզիկա-աշխարհագրական միավորի մասին։
Թեև Աբիխի ուսումնասիրությունների ժամանակաշրջանում Հայաստանն անկախ պետություն չէր, սակայն այս տարածաշրջանում գերակշռող էթնիկ տարրը հայերն էին, մշակույթը հայկական էր, տարածքը չուներ հստակ սահմաններ, բայց կոչվում էր Հայաստան։ Հ․ Աբիխն առաջինն էր, ով առանձնացրեց լեռնաշխարհը, որպես առանձին ֆիզիկաաշխարհագրական միավոր, որը ծալքաբեկորային լեռներով շրջապատված «լեռնային կղզի» է։ Եվ տրամաբանական էր, որ լեռնաշխարհն Աբիխի կողմից պետք է կոչվեր Հայկական լեռնաշխարհ։ Ուշադրություն դարձրեք, որ Հայկական լեռնաշխարհ ու Հայաստան տերմինները տարբերվում են իրարից, և այժմ Հայկական լեռնաշխարհի մոտ 10 տոկոսի վրա է գտնվում Հայաստանը։ Մնացած մեծ մասը գտնվում է Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի տարածքում։
Հայկական լեռնաշխարհ տերմինն իբրև ինքնուրույն միավոր
Աբիխի շնորհիվ Հայկական լեռնաշխարհ տերմինն իբրև ինքնուրույն միավոր մտավ լայն գիտական շրջանառության մեջ և ընդունվեց 19-20-րդ դարերի այնպիսի աշխարհահռչակ գիտնականների, աշխարհագրագետների և ճանապարհորդների կողմից, ինչպիսիք են Է․ Զյուսը, Հ․ Լինչը, Ֆ․ Օսվալդը, Ա․ Վոեյկովը, Ֆ․ Լևինսոն-Լեսինգը, Ա․ Լյայստերը, Ա․ Ռեյնհարդտենը և այլոք։ Ներկայումս տերմինն օգտագործվում է աշխարհի բոլոր հանրագիտարաններում և աշխարհագրական տեղեկատուներում։
– Ասիան հասկանալու համար պետք է մոտիկից ճանաչել Հայաստանը
Հենրի Ֆինիս Բլոս Լինչ
(ապրիլի 18, 1862 թ․ – նոյեմբերի 24, 1913 թ․)
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայտնի աշխարհագրագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ, թագավորական աշխարհագրական ընկերության անդամ, 1906-1910 թթ Անգլիայի խորհրդարանի անդամ։
Հ. Լինչը երկու անգամ այցելել է Հայաստան՝ 1893 թ.-ի օգոստոսից մինչև 1894 թ.-ի մարտ և 1898 թ.-ի մայիսից սեպտեմբեր: Ճանապարհորդությունների ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան. ուղևորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը (1901 թ., հայերեն համառոտ թարգմանություն՝ 1913-1914 թթ), որը կազմված է երկու հատորից՝ «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ:
Հատուկ արժեք է ներկայացնում Հայաստանի մեծ քարտեզը , որը նա ստեղծել է երկրաբան և քարտեզագիր Ֆ. Օսվալդի հետ համատեղ:
Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ քարտեզներից ուշագրավ է Լինչի քարտեզը։
Ֆելիքս Օսվալդ
1898 թվականի Հ. Լինչի հայկական գիտարշավին մասնակցում էր նաև անգլիացի երկրաբան, դիվանագետ, Նոթինգհեմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆելիքս Օսվալդը: Նա ուսումնասիրել է Հայկական Լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը Տրապիզոն-Էրզրում-Վան կտրվածքով, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907)։ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հետազոտությունների արդյունքներն առաջին անգամ շարադրվել էին Օսվալդի՝ «Քննախոսություն Հայաստանի երկրաբանության» մոնումենտալ երկի մեջ (1906)։ Արժեքավոր էին Օսվալդի՝ Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ դիտողությունները։
Այնուհետև Օսվալդը հրատարակում էր «Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացման պատմության շուրջը» աշխատությունը գերմաներեն լեզվով (1910)։ «Ռեգիոնալ երկրաբանության ձեռնարկ» մատենաշարով 1912 թվականին, անգլերեն լեզվով, լույս է տեսնում նրա «Հայաստան» մենագրությունը։
20-րդ դարում ավելի շատ պատմաբաններ ու աշխարհագրագետներ են զբաղվել Հայկական լեռնաշխարհի նկարագրությամբ։ Նրանցից են՝ Լեոն, Դոլենսը, Ա․ Խաչը, Ա․ Ղանալանյանը, Ս․ Երեմյանը, Թ․ Հակոբյանը, Ս․ Մելիք-Բախշյանը, Ս․ Բալյանը, Լ․ Զոհրաբյանը, Ա․Բաղդասարյանը, Ա․ Ոսկանյանը, Հ․ Գաբրիելյանը, Խ․ Նազարյանը, Գ․ Շիրինյանը և այլոք։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: