Վանի բերդի բարձունքից նայում ենք Վարագ լեռանը: Եղանակը անհանգստության առիթ է տալիս: Ամպեր են կուտակվում Վարագի վրա: Վաղն առավոտյան պետք է սկսենք վերելքը: Երկար եմ սպասել այս օրվան: Դեռ ուսանողական տարիներից անիրականանալի երազանքների թվում էր նաև Վարագ լեռը: Անհանգստությունս վերելքի հետ չի կապված: Խմբի մասնակիցներից բոլորը վստահելի մարդիկ են, իրար հետ շատ սարեր ենք բարձրացել, «վարագներ»՝ քիչ:
«Վարագները» բեկումնային են մեր կյանքում, «վարագները» երկար մտածելու և խորհելու նյութ են տալիս: Վարագի վերելքն առավել քան կարևոր է, ինչ էլ լինի պիտի հասնենք գագաթ: Վանի բերդի բարձունքում նստած, նայում ենք Վանի հնագույն թաղամասին՝ Քաղաքամեջին, որը հռչակվել է 1915-ի ինքնապաշտպանությամբ: Հայկական Վանից ոչինչ չի մնացել: Նախկին Քաղաքամեջ թաղամասից մնացել են միայն 2 մզկիթի մինարեթ և մի կիսավար եկեղեցի:
Մտքերով գնացի մի դար հետ, փորձեցի պատկերացնել Վանի աշխույժ փողոցները, շուկան, գրադարանները, դպրոցներն ու մանկապարտեզները: Քաղաքամեջում գտնվում էր քաղաքի 12 եկեղեցիներից 7-ը, որոնցից Ս. Նշանը, Ս. Պողոսը, Ս. Տիրամայրը, Ս. Վարդանը, Ս. Ծիրանավորը, Ս. Սահակը գործող էին:
Մենք հիմա նստած ենք այնտեղ, որտեղից առնվազն երեք հազարամյակ մարդիկ նայում են Վանին ու Վարագին: Նրանց մեջ եղել են զորավարներ, զինվորներ, բանվորներ, վանեցիներ, այժմ նաև զբոսաշրջիկներ: Իմ մեջ կա թվարկածներից առնվազն երկուսը՝ ես վանեցի զբոսաշրջիկ եմ: Ցույց տալով դեպի Քաղաքամեջ ասեցի, որ պապս այստեղ է ծնվել: Ընկերներս էլ սկզբում զարմացան: Այո՛ պապս, ոչ թե հեռու նախնիներս: Սկսեցի պատմել, թե ինչպես թրքաքրդական յաթաղանի տակ ընկան նաև իմ նախնիները, և ինչպես այդ դեպքերից 53 տարի անց պապս գտավ իր եղբորը:
Գլխի վերքը
Ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում, մի սովորական օր թակում են մի սովորոկան բնակարանի դուռը: Բենժամենը բացելով տեսնում է մի քանի տղամարդու, որոնցից մեկը ուրախությամբ ու տխրությամբ լի աչքերով իրեն է նայում, այդ մարդու աչքերում այնքան հուզմունք կա, որ թվում է՝ հիմա կարտասվի: Բայց ո՞վ է այդ տղամարդը, ինչո՞ւ է այդպես նայում: Մարդկանցից մեկը ներկայանում է որպես կազմակերպության միջնորդ և ասում է.
– Պարո՛ն Բենժամեն, սա ձեր եղբայրն է, որի հետ ճակատագիրը ձեզ բաժանեց մանուկ հասակում: Նա ապրում է Սովետական Հայաստանում, երկար տարիներ փնտրելուց հետո գտել է Ձեզ:
Բենժամենը չի հավատում տեսածին ու լսածին: Ինչպե՞ ս կարող է այդպիսի բան լինել: Այսքան տարի անց: Հնարավոր չէ: Մոտենում է անծանոթ տղամարդուն և ձեռքը տանում է գլխին, հանելով նրա գլխարկը շոշոփում գլուխը և ասում.
– Այո՛, եղբայրս է:
Նրանք փաթաթվում են, և այդ մի քանի վայրկյան տևող պահին Բենժամենի աչքի առաջ անցնում է գաղթի ճանապարհը: Նրան ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է այն տեսարանը, երբ քուրդ ձիավորը հարվածում է իր փոքր եղբոր՝ Շահբազի գլխին: Նա հիշում է՝ ինչպես էր իր մանկական փոքր ձեռքերով պահում եղբոր գլխի վերքը, որպեսզի կանգնեցնի արյունահոսությունը: Աչքի առաջ գալիս են իր արյունոտ ձեռքերը և լացող եղբոր արյունոտ դեմքը: Ավելի պինդ է գրկում եղբորը, որ էլ երբեք բաց չթողնի:
Հիմա, տարիներ անց նա կրկին ձեռքը դրեց եղբոր գլխին և շոշափելով սպին ճանաչեց եղբորը:
53 տարի անց
1975 թ. հունիսի 11-ին, ֆրանսիական Պյույ քաղաքում, 53 տարվա բաժանումից հետո “Վելայի Լա Վերվեն” թեյերի արտադրամասի աշխատակից Բենժամեն Շահբազյանը հանդիպեց իր եղբորը՝ Հայկական Սոցիալիստական Հանրապետության քաղաքացի, լուսանկարիչ Շահբազ Շահբազյանին:
Վան
Շահբազյանների ընտանիքը ապրում էր Վանում: Մանուկ Շահբազյանն ու Մարիամ Անդոնյանն ունեին երեք զավակ՝ երկու տղա և մի աղջիկ: Նրանք ապրում էին աղքատ պայմաններում: Կանոնավոր կերպով թուրքերին անասուն, հացահատիկ և գինի էին տալիս: Հայրենիքը լքելով հայրը մեկնում է ԱՄՆ գումար աշխատելու, որպեսզի ֆինանսապես օգնի իր ընտանիքին:
Ջարդերից հետո Մանուկ Շահբազյանի ճակատագիրը հայտնի չէ:
Շահբազյանների ընտանիքը լքում է Վանը 1917 թ.-ին և մեկնում Երևան: Կյանքի պայմանները ծանր են, քանզի տիկին Շահբազյանը հազիվ ապրուստի գումար է վաստակում աշխատելով որպես հավաքարար: Երեխաները ստիպված էին ինչ-որ կերպ հոգալ իրենց կարիքները: Նրանք այգիներից միրգ ու բանջարեղեն են գողանում՝ սովը թեթևացնելու համար: Մի քանի անգամ նույնիսկ ողորմություն են խնդրում փողոցում:
Վերադարձ Վան
Վեց ամիս հետո, քաղաքական իրավիճակի փոխվելուց հետո, նրանք վերադառնում են հայրենի քաղաք՝ Վան: Այստեղ նրանց սպասվում էր խորը հիասթափություն. այժմ նրանք ունեին միայն տուն և ուրիշ ոչինչ: Տեսնելով, որ վիճակն անտանելի է, նրանք 1918-ին կրկին ստիպված լքում են Վանը, բայց այս անգամ ուղղությունը Բաղդադն է: Ճանապարհի ընթացքում 250-300 հայերի խումբը, որոնց թվում Շահբազյանների ընտանիքն էր, ընկնում է թուրքերի ձեռքը:
Մի կին իր զգեստի տակ պահելով կարողանում է փրկել երկու եղբայրներին, մոր և քրոջ ճակատագիրն անհայտ է (հավանաբար սպանվում են):
Երեխաները գերի են ընկնում: Մահից փրկված բանտարկյալները, որոնց թվում էին որբ Շահբազյան եղբայրները, հայտնվում են ճամբարում: Այստեղ պայմանները շատ ծանր էին: Կերակրվում էին հում եգիպտացորենով, առվույտով և նույնիսկ մարդկային մսով:
Գալիս է առաջին փրկության հնարավորությունը: Թուրքիայի կառավարությունը փոխանակվում է բանտարկյալներով: Բենժամենն ու Շահբազը նրանց թվում են: Ճակատագրիրը նրանց հասցնում է Բաղդադ, այնուհետև Երուսաղեմ:
Փախուստ մանկատնից
Երուսաղեմում երեխաներն ապրում են մանկատանը: Սակայն մեծ եղբայրը չի հարմարվում որբանոցի կարգերին: Նա 6 այլ երեխաների հետ փախնում է մանկատնից: Նրանց շատ արագ բռնում են: Փախնելու մտքից նրանց հետ սովորեցնելու համար յոթին էլ ծեծում են մյուս աշակերտների ներկայությամբ: Սակայն պատիժն անիմաստ էր, քանի որ փախուստի հաջորդ փորձը պսակվում է հաջողությամբ:
Այդիպսով, 12-13 տարեկան հասակում Բենժամենը ընկերոջ հետ փախնում է մանկատնից: Փոքր եղբորն իր հետ չի վերցնում, քանի որ չգիտեր գլխի գալիքը և չի ուզում վտանգել եղբոր կյանքը:
Անցնելով հարյուրավոր կիլոմետրեր ոտքով Բենժամենն ու ընկերը հասնում են Բեյրութ: Կացարան ունենալու միակ միջոցը ամերիկյան որբանոցն էր: Նրանք այնտեղ են ներկայանում՝ առանց ընդգծելու Երուսաղեմի որբանոցից փախչելու փաստը: Բացատրում են, որ Թուրքիայից են եկել և ուտելու ոչինչ չունեն: Վեց ամիս անց Ֆրանսիայի հողամշակութային միությունը երիտասաարդներին Ֆրանսիայում աշխատելու առաջարկ է անում: Հազարավոր այլ հայերի թվում Բենժամենը ճանապարհ է ընկնում և 7 օրից հասնում է Մարսել:
Ճակատագիրը բերեց Բենժամենին Ֆրանսիա, որտեղ նա պիտի ապրեր ողջ կյանքը: Շահբազն էլ մանկատնից հետո հաստատվում է սովետական Հայաստանում:
Վերջին անգամ 53 տարի առաջ էր Բենժամենը տեսել եղբորը: Լքել էր նրան առանց հրաժեշտի, մի օր կրկին հանդիպելու ակնկալիքով:
Վարագ լեռան գագաթին
Եվ հիմա նստած Վարագի գագաթին նայում եմ Վան քաղաքին ու Վանա լճին: Միգուցե մենք առաջին հայերն ենք 100 տարի անց ոտք դնում Վարագի գագաթին: Չգիտեմ: Նախնիներս երևի ամեն օր Վանից էին նայում Վարագին: Նրանց մտքով չէր կարող անցնել, որ մի օր Վանում հայեր չեն ապրելու և իրենց թոռները բարձրանալու են Վարագը ո՛չ թե որպես հովիվ կամ հայդուկ, այլ որպես լեռնագնաց: Բարձրանալու են Վարագ՝ պատմական հայրենիք գտնելու, լսածն ու կարդացածը համեմատելու, հարցերին պատասխաններ ստանալու և ավելի շատ հարցեր հավաքած գնալու են կրկին վերադառնալու սպասումով:
Կարդացեք նաև
Վարագ լեռը
Վարագա ճոխ գյոզալը
Տիգրան Շահբազյան, 2018
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: