Սանահին վանական համալիր
Սանահին վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի հարավ՝ Դեբեդ գետի աջակողմյան բարձրադիր սարահարթի վրա: Կա վարկած, որ Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո՝ «սա քան զնա հին» իմաստով: Եղել է հայ միջնադարյան հոգևոր-մշակութային և գիտակրթական խոշոր կենտրոն: Սանահին և Հաղպատ վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Պատմությունը
Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը ոչ թե հիմնադրվել է 10-րդ դարում, այլ վերակառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա, իսկ վերակառուցումից հետո անվանվել Սբ. Աստվածածին: Հետևաբար վանքը մինչ այդ արդեն ունեցել է կրոնավորների խումբ, գրչատուն, սակայն լայն տարածում է գտել միայն 10-րդ դարում, իսկ համբավն ու հեղինակությունը մեծացել են Ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո: Եվ 979թ. վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության հոգևոր կենտրոն, եպիսկոպոսանիստ: Վանքի շուրջը համախմբվում են այնպիսի տոհմեր, ինչպիսիք են Զաքարյանները, Մամիկոնյանները, Աշոտյանները և այլ մեծանուն գործիչներ, գիտնականներ, գրիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ: Ճարտարապետական և տարաոճ շինություններով վանքը համալրվել և ավարտուն տեսքի է հասցվել 13-րդ դարի սկզբին:
Սանահին վանական համալիրում իրենց ներդրումն են ունեցել Արարատյան կողմնակալության իշխանաց-իշխան, Հովհաննավանքի գլխավոր նվիրատուներ Վաչե Ա-ն և նրա կինը՝ Մամախաթունը, որոնք վանական համալիրին են նվիրել ձիթհանքեր:
Ճարտարապետությունը
Սանահին վանական համալիրի կազմում են չորս եկեղեցիները՝ Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ՝ իրենց գավիթներով, ինչպես նաև Սբ. Հակոբ և Գ. Լուսավորիչ եկեղեցիները: Առանձին ուշադրության են արժանի նաև զանգակատունն ու գրատունը: Վանքում են գտնվում Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Հատուկ կարևորություն ունեն աղբյուրների շենքերն ու գեղաքանդակ խաչքարերը:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Այն համալիրի հնագույն շինությունն է: Պատմությունը փաստում է, որ այն կառուցել են հայ քաղկեդոնական դավանության պատճառով հալածված և Հայաստան փախած հայերը՝ հավանաբար 930-ականներին: Այդ շրջանում գահակալում էր Աբաս Ա Բագրատունի թագավորը:
Եկեղեցին արտաքինից քառանկյան մեջ ներփակված և առանց սյուների գմբեթակիր սրահ է: Ինչպես բնորոշ է հայկական եկեղեցաշինությանը՝ անկյունային ավանդատների շնորհիվ սրահը ստանում է խաչաձև տեսք: Գմբեթի թմբուկն ի սկզբանե եղել է բազմանիստ, սակայն 1652թ. վերանորոգումից հետո այն դարձրել են գլանաձև: Ներսում պահպանվել է շրջանաձևությունը՝ պատված որմնանկարներով, որոնք այսօր միայն հազիվ նշմարելի են: Եկեղեցու ներսից՝ չորս անկյուններում կան չորս ավանդատներ, իսկ արևելյան կողմի ավագ խորանը բարձրադիր է: Եկեղեցին հետագա վերանորոգումների ընթացքում հորինվածքային որևէ փոփոխությունների չի ենթարկվել, ինչի շնորհիվ պահպանվել են հնագույն աղոթարանի մնացորդները:
Գավիթի հատակագիծը հյուսիս-հարավ ուղղությամբ ձգված ուղղանկյուն է, որը երկու կամարակապ սյունաշարով բաժանվում է երեք հավասար նավերի՝ յուրաքանչյուրը ծածկված գլանաձև թաղով և երկթեք տանիքով: Գավիթն ունեցել է միջանցիկ դեր՝ հնարավորություն տալով անցնելու եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան: Ճարտարապետական ներքին հարդարանքը պարզ է և զուսպ:
Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
Հայտնի է նաև Գլխավոր կամ Կաթողիկե անուններով: Տեղակայված է համալիրի հարավարևելյան կողմում, դեպի վեր ձգվող հորինվածքով և ծավալներով համարվում է գլխավոր շինությունը: Կառուցվել է Աշոտ Ողորմածի և իր կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ: Կառույցի տիպը, ինչպես Սբ. Աստվածածին եկեղեցու դեպքում, խաչագմբեթ է, սակայն ի տարբերություն նախորդի, ունի երկհարկ ավանդատներ։
Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից, որոնցից առաջինը հետագայում փակվել է՝ եկեղեցիների միջև ճեմարանի սրահը կառուցելու նպատակով։ Արտաքին հարդարանքից նշմարելի են տպավորիչ դեկորատիվ սյուները՝ պսակված կիսաշրջան կամարներով: Այս մոտեցումը նկատելի է նաև Մարմաշենում, Անիի Մայր տաճարում:
Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում տեղադրված է մի խորաքանդակ՝ Աշոտ Ողորմածի և Խոսրովանույշի որդիներ՝ Կյուրիկեի ու Սմբատի պատկերներով: Իր հորինվածքային մտահաղացմամբ և ոճավորմամբ այս խորաքանդակը հետագայում հիմք է հանդիսացել Հաղպատի խորաքանդակի համար՝ լինելով նշանավոր երևույթ հայ միջնադարյան մոնումենտալ արվեստում:
Տաճարը 11-րդ դարից սկսած բազմաթիվ անգամներ վերանորոգվել է (1181թ., 1652թ., 1881թ.), սակայն չի ենթարկվել որևէ կերպարային փոփոխության: Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս 10-րդ դարում ունեցել են ընդհանուր գավիթ, սակայն 1181թ. իրականացված վերանորոգման աշխատաքների արդյունքում այն քանդվել է: Վերակառուցված նոր գավիթն ունի քառակուսի հատակագիծ, կենտրոնակազմ է՝ քառասյուն դահլիճով: Այն արևմտյան կողմից հարում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն: Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատերը նույնպես ծածկված են եղել որմնանկարներով, որոնք հիմա նկատելի չեն: Սակայն որմնակամարներից մեկի վրա փորագրված արձանագրությունից մեզ է հասել ճարտարապետի անունը՝ Ժամհայր:
Սբ. Հակոբ և Գ. Լուսավորիչ եկեղեցիներ
Սբ. Հակոբ եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է և գլխավոր հուշարձանախմբից գտնվում է 70մ հեռավորության վրա: Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 2-րդ կեսին: Ունի գմբեթավոր դահլիճ, արտաքուստ ուղղանկյուն է, իսկ ներքուստ՝ խաչաձև հատակագծով: Եկեղեցին ավերվել է 1753թ., իսկ քարերի մեծ մասը հետագայում օգտագործվել է 1815թ. Ս. Անենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Սբ. Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք՝ 12 մ հեռավորության վրա է գտնվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն՝ ըստ 1061 թվականի արձանագրության, կառուցվել է Հրանուշ թագուհու պատվերով: Եկեղեցու կառուցման արձանագրության մեջ Գրիգոր Լուսավորչին նվիրված լինելու մասին չի հիշատակվել, անհայտ է նաև կառուցման ստույգ ժամանակը: Իսկ ահա 1652թ.՝ 600 տարի անց կատարված վերանորոգչական աշխատանքների վերաբերյալ արձանագրության մեջ հստակ նշվում է անունը:
Եկեղեցու հատակագիծը կլոր է, իսկ ներսից այն խաչաձև է: Համեմատաբար վեր սլացող ծավալները կրճատվել են 1612թ. վերանորոգման աշխատանքների ժամանակ՝ հատկապես վնասելով արտաքին կամարաշարքերը:
Դամբարաններ
Սանահին վանական համալիրում դամբարանները չորսն են: Առաջինը գտնվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ: Այնտեղ են թաղվել Կյուրիկյան թագավոորության հիմնադիր Գուրգենը և Դավիթ Անհողինը: Այս մասին վկայող արձանագրության տապանաքարը ևս գտնվում է դամբարանի տարածքում:
Դամբարաններից կարևոր է ու առավել ուշադրության արժանի Զաքարյանների դամբարանը: Այն գտնվում է պարսպից դուրս՝ հարավային կողմում: Դամբարանը կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների կողմից 1189թ: 1187թ. մահացել էր նրանց հայրը՝ Սարգիս Զաքարյանը, և դամբարանը կառուցվել է հենց նրա գերեզմանաքարի վրա:
Դամբարան Է նաև Գրիգոր Վարդապետ Տուտեորդու հուշարձանը: Ճարտարապետորեն ձևավորված պատվանդանն արևմտյան կողմից ունի նեղլիկ աստիճաններ: Այս հորինվածքը նմանակում է Օձունի կոթողը: Պատվանդանի վրա կանգնած է մի պերճաշուք խաչքար, որի թիկունքին կա մի ընդարձակ արձանագրություն: Այն վկայում է, որ կոթողը կերտել է Մխիթարը 1184թ.: Գրիգոր Վարդպետը մահացել է 12-րդ դարի սկզբին, իսկ դին ամփոփված է խաչքարի առջև:
Վանքի շրջապարսպի հարավարևելյան եզրում սրբատաշ բազալտով 19-րդ դարի վերջում նույնպես կառուցվել է դամբարան, որը պատկանում է Զաքարյանների ժառանգորդներ՝ Արղության-Երկայնաբազուկներին:
Զանգակատուն
Վանական համալիրներում զանգակատներ կառուցելու մշակույթը սկսվել է 11-րդ դարից: Առաջին հայտնի զանգակատունը Մարմաշեն եկեղեցու զանգակատունն է: Սանահինի զանգակատունն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 13-րդ դարի վերջին՝ Աբասի որդի Վազի կողմից: Տեղակայված է համալիրի հյուսիսարևմտյան եզրին: Այն եռահարկ, աշտարակաձև շինություն է, որը կարող է ծառայել նաև որպես դիտակետ: Առաջին հարկը նկուղային է, երկրորդը՝ եռախորան աղոթարան, երրորդը՝ խաչվող կամարներով ուղղանկյուն սրահ: Հիմնականում մշակված է արևմտյան ճակատը’ մուտքի աղեղնաձև կամարով, լուսամուտներով, երկարաձիգ խաչով:
Գրատուն
Գրատունը կառուցվել է 1063թ. վանահայր Դիոսկորոս Սանահնեցու նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Գրատունը կոչվել է նաև նախշարատուն, քանի որ մատյաններն ու մասունքները պահվում էին այնտեղ: Արտաքինից ունի զուսպ հարդարանք, իսկ ներսից որմնախորշերը ծառայել են որպես դարակ ձեռագրերի համար: Գրատունը հայկական գրատների մեջ հնագույնն է և իր հատակագծային չափերով ամենամեծը: Հետագայում՝ մեկ դար անց, Սանահինի գրատան օրինակով կառուցվել է նաև Գոշավանքի գրատունը:
Մագիստրոսի ճեմարան
Ճեմարանը Սբ. Աստվածածին եկեղեցու շարունակությունն է և գտնվում է Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիների մեջտեղում: Այն անվանում են նաև Մագիստրոսի ակադեմիա՝ ի պատիվ 10-րդ դարի հայ նշանավոր գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու: Ճեմարանում մեծամասամբ դասավանդում էին հումանիտար գիտություններ, սակայն այստեղ գրվում էին քննախոսություններ, ուսուցանում էին փիլիսոփայություն. գեղագրություն և մանրանկարչություն։
Այն իրենից ներկայացնում է երկարավուն, ուղղանկյուն մի սրահ: Ներսից պատերին հարող կամարների շնորհիվ ստեղծվում էին խորշեր, որոնք ամենայն հավանականությամբ ծառայում էին որպես նստատեղեր: Ճեմարանի կառույցը իր կառուցողական լուծումներով համարվում է 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին բնորոշ ճարտարապետության վառ օրինակ:
Ավանդություն
Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Դիվան Հայ վիմագրության» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ