Սաղմոսավանք
Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Սաղմոսավան գյուղում: Այն 13-րդ դարի կառույց է, որը Կիրակոս Գանձակեցին դասել է հայկական 8 նշանավոր մենաստանների շարքին:
Անվան ծագում
Վանական համալիրը «Սաղմոսավանք» անունն ամենայն հավանականությամբ ստացել է «սաղմոս» բառից, որը նշանակում է օրհներգություն, եկեղեցական հոգևոր երգ: Ասում են՝ «Սաղմոսավանք» անունը վանական համալիրը ստացել է եկեղեցում հնչող սաղմոսներից:
Ի դեպ, Սաղմոսավանքը դասվում է այն հոգևոր կենտրոնների շարքին, որոնց անունով կոչել են մոտակա գյուղը: Քանզի սկզբնական շրջանում վանական համալիրը հայտնի է եղել որպես անապատ՝ մենաստան, իսկ Սաղմոսավան գյուղը հիմնադրվել է միայն 1830-ականներին և կոչվել վանքի անունով: Սաղմոսավանը փոքր գյուղ է՝ հիմադրված Կարսից փախած հայերի կողմից:
Վանական համալիրի անվան հետ ուղղակիորեն կապված է Սաղմոսավանքի ակուստիկ կառույց լինելու հետ:
Սաղմոսավանք ակուստիկ եկեղեցի
Բազմիցս խոսելով հայկական ճարտարապետության և հատկապես հայկական եկեղեցաշինության մասին, անընդհատ նշում ենք նրանց առանձնահատուկ լինելն ու յուրահատուկ մոտեցումը: Բայց շատ հաճախ այդպես էլ չենք հասկանաում, թե հատկապես ինչի մասին է խոսքը:
Խոսելով անվան ծագման մասին, նշեցինք, որ վանական համալիրն իր անունը ստացել է սաղմոսներից: Բանն այն է, որ ինչպես հայկական մի շարք եկեղեցիներ, այդ թվում նաև Սաղմոսավանքը, ունի բնական ակուստիկա: Հատկապես միջնադարյան եկեղեցիների զգալի մասը կառուցված են ակուստիկ ճշգրիտ հաշվարկներով: Սա խոսում է հայ ճարտարապետների և շինարարների բացառիկ վարպետության մասին: Ժամանակակից ուսումնասիրողների համար զարմանալի է թվում այդ ճշգրիտ և հստակ հաշվարկների համադրումը ճարտարապետական հորինվածքի և շինարարական հմտության հետ:
Եկեղեցիների ակուստիկության վրա ազդում է թե՛ քարի տեսակը, թե՛ արտաքին և ներքին ճարտարապետությունը՝ որմնախորշերի, ավանդատների առկայությունը, սյուների արմատավորումը: Պատահական չէ նաև այն փաստը, որ միջնադարյան եկեղեցիներն ունեցել են անհամեմատ հաստ պատեր՝ մինչև 1.50մ, և անհարթ շարվածք: Հայկական եկեղեցիների սլացիկությունը, ճոխ և բարդ ճարտարապետական լուծումները մտածված են եղել ի նպաստ ակուստիկության՝ ձայնը հնարավորինս երկար պահելու նպատակով:
Ի դեմս ժամանակակից եկեղեցիների, որոնք ունեն շատ լավ և հարթ մշակված՝ հիմնականում մարմարե քարերից կառուցված շարվածք, կորցրել են հայկական եկեղեցաշինությանը բնորոշ լուծումներն ու երբեմնի հզոր ակուստիկան: Պատճառն այն է, որ անհարթ մակերեսները, խորությունները, գոգավորությունները ակուստիկայի լավագույն չափորոշիչներն են: Իսկ ներկայիս եկեղեցիները փորձելով ներդաշնակել ժամանակակից ճարտարապետական ոճին՝ կորցնում են իրենց բնորոշ ոճն ու ակուստիկան:
Ահա այս ամենով էլ պայմանավորված, կարող ենք ենթադրել, որ Սաղմոսավանքի ակուստիկության շնորհիվ, սաղմոսների հնչեղությունն առանձնահատուկ է թվացել և վանքը որոշել են այդպես էլ անվանել՝ «Սաղմոսների վանք», «Սաղմոսավանք»:
Ավանդություն
Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմադրել է Գրիգոր Լուսավորիչը, ով Հովհաննավանքից գալով Քասաղի կիրճ, հիմնում է Սաղմոսավանքն ու իր մոտ կանչելով մի շարք այլ հոգևորականների, հաստատվում այնտեղ: Մեկ այլ ավանդության համաձայն՝ Գր. Լուսավորիչը Արագածի գագաթից նկատում է այս վայրը, գալիս է և հիմնում եկեղեցի: Հետագայում նա իր շուրջն է հավաքում այլ հոգևորականների և նրանց սաղմոսներ սովորեցնում:
Պատմություն
Սաղմոսավանք վանական համալիրը պատմական վկայություններում հանդիպում է 12-րդ դարի թվագրմամբ: Այնտեղ ապրել է վարդապետ Հովհաննես Մունջը, ով Սաղմոսավանքում դպրոց էր հիմնել: Սակայն Սաղմոսավանքը որպես վանական համալիր ձևավորվել է միայն 13-րդ դարում՝ Վաչուտյանների օրոք: Վերջիններիս շնորհիվ ծաղկում էր ապրել նաև Հովհաննավանքը, որը դարձել էր Վաչուտյանների տոհմական վանքը:
Վանական համալիրի գլխավոր՝ Սբ. Սիոն եկեղեցին, կառուցվել է 1215թ. Վաչե Վաչուտյանի և իր կնոջ՝ Մամախաթունի հովանավորությամբ: Եկեղեցու կառուցումից հետո, Վ. Վաչուտյանը հոգ է տանում նաև եկեղեցու տնտեսական ապահովության համար և նվիրաբերում մոտակա գյուղերից մեկը: Սբ. Սիոն եկեղեցու կառուցումը տևում է 20 տարի՝ ավարտվելով 1235թ.:
Ի դեպ, Մամախաթունը հիշատակվում է նաև Սանահինի և Հաղպատի վանքերի վկայություններում՝ նա ձիթհանքեր է նվիրել այս վանական համալիրներին:
Սբ. Սիոն եկեղեցու ավարտին, Վ. Վաչուտյանի որդի Քուրդ Վաչուտյանը սկսում է ևս մի եկեղեցու՝ Սբ. Աստվածածնի կառուցումը: Նա միաժամանակ 1240-ականներին սկսում է Հովհաննավանքի գավթի կառուցումը: Իսկ 1255թ. սկսում նաև գրատան կառուցումը:
Ճարտարապետություն
Սբ. Սիոն եկեղեցին արտաքինից ուղղանկյուն հատակագծով և կենտրոնագմբեթ կառույց է: Իսկ ներսից խաչաձև է՝ անկյուններում ունենալով երկհարկ ավանդատներ: Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է գավիթը, որը հանդիսանում է Սբ. Սիոն եկեղեցու նախամուտքը: Չնայած Սբ. Սիոն եկեղեցին պարզ է իր արտաքին և ներքին հարդարանքով, սակայն ի հակառակ դրան, գավիթն ավելի ճոխ հորինվածք ունի՝ ընդարձակ սրահով և զույգ սյուներով:
Եկեղեցու ներսում՝ հարավ-արևմտյան կողմում գտնվում է երկհարկանի զետեղարան: Ամենայն հավանականությամբ այն օգտագործվել է որպես գրապահոց: Եկեղեցու արևմտյան կողմում պատն ամբողջությամբ ագուցված են խաչքարեր:
Սբ. Սիոն եկեղեցու հարավային կողմում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը նույնպես ունի ուղղանկյուն հատակագիծ: Եկեղեցու պատերից մեկին պատկերված է իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը, ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը:
Հոդվածը գրելիս օգտվել ենք Լ. Կիրակոսյանի «Հայկական եկեղեցիների ակուստիկ առանձնահատկությունները» գիտական հոդվածից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: