Վազել կամ քայլել սիրող ու դրանցով զբաղվող մարդիկ սովորաբար լինում են առողջ ու սթրեսադիմացկուն: Վազելն ու քայլելը հավասարապես կարող են դրական ազդել ձեր մարմնի և հոգու առողջության վրա, սակայն կարևոր է հասկանալ, թե դրանցից որն է ձեզ առավել համապատասխան: Մեր օրերում առողջ ապրելակերպը դարձել է շատ թրենդային և տարածված, ինչը շատ ողջունելի է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի գիտակից են և, հետևաբար, առավել մեծ ուշադրություն են հատկացնում իրենց սեփական կարիքներին: Իսկ մարզված լինելը, առողջ սնվելն ու ներկա պահով ապրելն այն հիմնական կարիքներից են, որ մարդ արարածը կարող է ունենալ:
Վազելն ու քայլելն այն ամենապարզ ու հավելյալ միջոցներ չպահանջող սպորտաձևերից են, որոնցով կարելի է մշտապես զբաղվել և ավելորդ պատճառաբանություններ չհորինել ծուլությունն արդարացնելու համար: Թե՛ վազքը, թե՛ քայլքը, կարող են դառնալ մեր ապրելակերպը, որով կարող ենք լուծել մի շարք խնդիրներ՝ կապված առողջության, մարմնի և տրամադրության հետ: Դրանք կարող են մեծ էներգիա տալ, օգնել բարելավել սրտի և նյութափոխանակության աշխատանքները, ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև խանգարող ու անպետք մտքերից:
Թեև այս երկու սպորտաձևերն էլ շատ դրական հատկություններ ունեն, սակայն կարևոր է կողմնորոշվել՝ որն է առավել ձեզ համապատասախան, և ինչպես կարող եք ավելի արդյունավետ դրանցով զբաղվել:
Վազք
Եթե դուք ցանկանում եք արագ կերպով ազատվել ավելորդ քաշից, վազքը հենց այն է, ինչ պետք է ձեզ: Վազելու ընթացքում մարդը 1 րոպեում ավելի շատ կալորիա է այրում, քան՝ քայլելու ընթացքում: Եթե վազելու դեպքում 30 րոպեում մենք կարող ենք այրել 396 կալորիա, քայլելու դեպքում այրված կալորիաները կլինեն 228: Ամեն դեպքում, ծանրաբեռնված ու պարբերական վազքն ունենում է նաև քաշի ավելացման էֆեկտ: Դա պայմանավորված է նրանով, որ մարմնի մկաններում արտադրվող գլիկոգենի քանակը մեծանում է, և մկանները սկսում են նույնպես մեծանալ: Բացի դրանից՝ արագ այրված կալորիաներն արագ վերականգնվելու հատկություն ունեն, ու վազքի արդյունքում առաջացած լավ ախորժակը կարող է ոչ այնքան դրական հետևանքների հանգեցնել: Այնպես որ, այս հարցում պետք է ճիշտ կանոնակարգել վազքի չափն ու դրան համապատասխան սննդակարգը:
Վազելը կարող է լավացնել ձեր նյութափոխանակությունը և նպաստել թոքերի աշխատանքի բարելավմանը: Սակայն հարկ է նշել, որ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ շատ ծանրաբեռնված վազքը նրանց հակացուցված է: Ընդհանրապես, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ վազքով զբաղվելուց առաջ պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ:
Կարևոր է նաև հաշվի առնել, որ ոչ գրագետ ու ծանրաբեռնված վազքը կարող է նաև մկանային վնասվածքների պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, վազքով զբաղվելուց առաջ պետք է հաշվի առնել թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունները, և պատշաճ ձևով նախապատրաստվել դրան:
Քայլք
Նման հին ասացվածք կա. «նրանք, ովքեր շատ են քայլում, երկար են ապրում»: Քայլելու դեպքում կալորիները համամետաբար դանդաղ են այրվում, քան՝ վազելու, սակայն քայլելու առավելությունները շատ են: Քայլքն ինքն իրենով դժվար է սպորտաձև համարել, եթե այն չի իրականացվում, օրինակ, արշավների տեսքով: Սակայն, անկախ նրանից, թե որտեղ ու ինչ հանգամանքներում եք քայլում, այն միանշանակ դրականորեն կարող է ազդել ձեր առողջության ու ինքնազգացողության վրա:
Քայլելը հակացուցումներ գրեթե չունի, դրանով կարող են զբաղվել բոլոր տարիքային խմբերն ու առողջական խնդիրներ ունեցողները: Այն լավացնում է շնչառությունը, դրականորեն է ազդում թոքերի ու սրտանոթային համակարգի վրա: Շատ բժիշկներ մի շարք հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս երկար ու շատ քայլել: Երկար քայլող մարդիկ ավելի դանդաղ, բայց ավելի հիմնավոր կերպով են ազատվում ավելորդ քաշից: Այս դեպքում կալորիաները դանդաղ են այրվում, դանդաղ էլ վերականգնվում են:
Քայլելու առավելությունների շարքում ամենագլխավորը ցանկացած իրավիճակում դրանով զբաղվելու համրարավետությունն ու այլ գործողությունների հետ համատեղելիությունն է: Օրինակ, կարելի է որևէ նոր քաղաքի ծանոթանալ քայլելու միջոցով, քայլելով գնալ գնումներ կատարելու, հանդիպել ընկերներին ու միասին քայլել և այլն: Այս գործողությունների շարքը կարելի է անընդհատ շարունակել, սակայն ամենօգտակար, արդյունավետ ու հետաքրքիր քայլելու տարբերակը, իհարկե, արշավելն է:
Այս դեպքում քայլելն իսկապես վերածվում է սպորտաձևի, որը նաև հնարավորություն է ընձեռնում լինել բնության գրկում ու վայելել այնպիսի տեսարաններ, որոնք մեր առօրյա կյանքում չենք կարող տեսնել: Արշավների դրական ազդեցությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն ամենագլխավոր առավելությունն այն է, որ այս ապրելակերպը միաժաման մեծ ազդեցություն է թողնում մարդու մարմնի ու հոգեկան վիճակի վրա:
Armenian Geographic-ն արդեն երկար տարիներ կազմակերպում է արշավներ Հայաստանի տարբեր լեռներում: Պետք է ուրախությամբ նշենք, որ վերջին տարիներին հետաքրքրությունն այս սպորտաձևի և ժամանցի միջոցի նկատմամբ մեծացել է, ու մարդիկ ավելի ոգևորությամբ ու ակտիվորեն են մասնակցում արշավներին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: