Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Տնտեսագետ, բանկային ոլորտ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Այնպես չէ, որ մի օր նստեցի և որոշեցի. արշավական ոգին իմ մեջ միշտ էլ եղել է, դեռ վաղ մանկուց միշտ երազում էի հագնել ուսապարկ և գնալ սարեր։ Առաջին գիտակցված, պատրաստված արշավը եղավ շատ տարիներ առաջ՝ Արագածի Հարավային գագաթ։ Փորձ չունեի, չէի պատկերացնում՝ ինչ է ինձ սպասվում, իսկ սպասվում էր ինձ բավականին վատ եղանակ, ոչ համապատասխան հագուստ և դժվար վերելք։ Շատ էի հոգնել և տանջվել, սակայն երբ հասա գագաթ ամեն ինչ մոռացվեց։ Այնպիսի՜ տեսարան էր՝ վայրկյանը մեկ փոխվող եղանակը, խառնարանի աննկարագրելի գույները։
Արշավներին մասնակցելուց հետո ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Սկսել եմ ավելի արագ ճանաչել մարդկանց. արշավի դժվարությունների և տարբեր իրավիճակների ժամանակ միանգամից հասկանում ես՝ ով ով է։ Արշավը չի հանդուրժում եսասիրություն, էգոիզմ, անտարբերություն. արշավի ժամանակ բոլորս կարծես մի օրգանիզմ ենք, և ամեն մեկիցս է կախված մեր անվտանգությունը։
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Ճիշտն ասած, ոչ մի բան չեմ փնտրում, ես ուղղակի արշավում եմ:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Շատ եմ սիրում «Высота» կինոնկարը:
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Վստահ եմ, որ ամենատպավորիչ արշավս դեռ առջևում է. մի քանի գագաթներ կան, որ դեռ չեմ եղել։ Իսկ այս պահի դրությամբ տպավորված եմ արշավներով դեպի Սևաժայռ, Խուստուփ և Ծղուկ։
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Կան մի քանիսը՝ Արարատ, Կուսանաց:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Ազատություն, անհոգություն, էներգիա:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Իմ խոսքերը չեն՝ արշավանկաններն այն հաջողակներն են, ում բախտ է վիճակվել աշխարհին լեռների գագաթներից նայել (Անի Մոսյան):
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
ArmGeo-ում հայտնվեցի իմ լավ ընկերոջ՝ Լուսինե Արշակյանի շնորհիվ։ Առաջին անգամ գնացի արշավ դեպի Այրիքար։ Հատկանշական է, որ երկրորդ, թե երրորդ արշավից հետո հասկացա, որ «այ, սրանք իմոնք են», միանգամից ձևավորվեցին ջերմ և մտերմիկ հարաբերություններ ակումբի անդամների հետ, ինչը, ի վերջո, վերածվեց ընկերության։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Միայն մի բան՝ արշավեք և դա կփոխի ձեր կյանքը:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: