Արարարտին հասնելու ճանապարհը սիրով ու լույսով էր լցված
Արարատ բարձրանալ որոոշել եմ վերելքից մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ մի քանի ամիս հետաքրքրվում էի միայն։ Մի օր արթնացա, ու կարծես Արարատը կանչեր ինձ, ես էլ լսեցի ձայնին: Վերելքը՝ 22.08.2024
Արարատում ամեն բան աննման, հիասքանչ ու հրաշալի էր
Վերելքն ավելի բարդ էի պատկերացնում ու տրամադրվել էի, որ դժվար է լինելու։ Հեշտ չէր իրականում, բայց երբ նպատակի ու գաղափարի համար ես բարձրանում, ներքին ուժեր են միանում, որոնք օգնում են դժվարությունները հաղթահարել։ Ամենամեծ բարդությունը քարերի վրայով իջնելն էր: Մնացած ամեն ինչն աննման, հիասքանչ ու հրաշալի էր։
Արարատն օգնում է հասնել ու ճանաչել իրեն
Ամեն կիլոմետրում տարբեր մտքեր էին օգնում դժվարությունները հաղթահարել։ Գրելով դժվար է նկարագրել..․ սկզբում զրուցում էի ինձ հետ, հետո դա այլևս չէր օգնում: Սկսեցի մտքումս խոսել մեծ Պապիկիս հետ: Նա Սեբաստիայից էր, շատ ուժ տվեց: Մի պահ սկսեցի խոսել Ծնողներիս հետ… հետո մնացի մեն-մենակ Սարի հետ, վերջին 150 մետրը միայն Սարի հետ էի խոսում, հանձնվեցի ու բարձրացա։
Վերելքի ճանապարհին մի քանի երգեր եմ հիշել՝ «Առաքել Մուշեղ, լեռներուց իջան», Արտո Թունջբոյաջյանի «Արարատը», որովհետև շատ էինք լսում, իսկ վերջին 150 մետրի վրա լսում էի «Это здорово-Николай Носков», ես էլ եմ զարմացած, թե ինչու։
Արարատն իմ մի կտորն է
Մինչ վերելքը՝ Արարատն ասոցացնում էի անհասանելի, սուրբ ու լուսավոր մի կետի հետ, վերելքից հետո՝ իմ մի կտորն է, մի մասնիկը։
Դեռ ամբողջությամբ չեմ գիտակցել, թե ինչ փոխեց Արարատն իմ կյանքում, բայց ինձ ավելի շատ տանը զգացի, քան Արևելյան Հայաստանում եմ զգում… հիմա գիտեմ տունս որտեղ է։ Կյանքս փոխվեց 5165-ով և նույնիսկ ավելին՝ պատրաստվում եմ վերադառնալ Արարատի մոտ․ այնտեղ ինձ կարող եմ բնութագրել լիարժեք բառով։
Սիրո ու լույսի ճանապարհը
Արարատի գագաթին լիարժեքության, կատարյալ ապահովության ու զորության զգացում ունեցա։ Վերջին 100-150 մետրի վրա՝ Արարատին հանձնվելու պահն ամենահիշվողներից է: Այդ պահը 180 աստիճանով փոխեց ինձ։
Երազանքիս հասնելու ճանապարհը լույսով ու սիրով էր լցված։
Վարդուհի Գումրույան
Առաջիկա արշավներ