Միշտ մտածել եմ Արարատ բարձրանալու մասին, բայց համարձակությունս չէր հերիքում:
Մեկ տարի հետևում էի ԱրմՋեոյի էջին, և մեկ օր արթնացա ու որոշեցի, որ Արարատ բարձրանալու օրը եկել է: Երեք օրվա ընթացքում պատրաստեցի անհրաժեշտ իրերս և միացա խմբին, որպեսզի վերջապես իրականացնեմ երազաքս՝ բարձրանալ ու տեսնել Արարատը, և մեր պատմությունը «վերևից»:
Մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով
Բավականին հեշտ բարձրացանք, քանի որ բոլորս միավորված էինք մեկ նպատակով, և մեզ հետ հմուտ ուղեկցորդներ էին: 50 հոգով բարձրացանք մեկ անձի պես` մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով:
Արարատը՝ որպես նպատակ, և առաջ մղող ուժ
Վերելքի դժվարությունները զուտ կենսական էին, սարի վրա ապրելու պայմաններն էին բարդ, բայց այդ դժվարությունները մանրուքներ էին, երբ մտածում էի նպատակիս կարևորության մասին։
Արարատի սրտից լսվող երգերը
Առավոտյան ճամբարում Հրաչը միացնում էր «Առաջին սիրո երգը», և այսպես պատրաստվում էինք: Այդ պատճառով Արարատի մասին մտածելիս միշտ մտքում երգում եմ՝ «զեփյուռն էր խաղում թփերում»…)))
Այսպես վերապրում եմ այդ օրերը:
Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով
Վերելքից ամենահիշվող պահը գագաթին հասնելն էր, երբ բոլորս գրկել էինք իրար և լաց էինք լինում՝ հոգնածությունից ու հուզմունքից: Արարատը սեր է, այն մեր սիրտն է՝ միշտ եղել է, և կմնա։
Իմ երազանքի ճանապարհը քարքարոտ էր, բայց այն ինձ ավելի հայրենասեր դարձրեց։ Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով։ Երևի նորից կվերադառնամ Արարատի մոտ։
Իլոնա Մարկոսյան
Առաջիկա արշավներ