5 կարևորագույն բան, որ տալիս են մեզ արշավները
Մշտապես կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց առօրյան և հանգիստը չեն պատկերացնում առանց շարժման, առանց վրանների, խարույկի, առանց ուսապարկի և միաժամանակ այնպիսիններ՝ ովքեր չեն հասկանում, թե ի՞նչը կարող է լինել հետաքրքիր նման «հանգստի» մեջ:
Այս հոդվածում փորձել ենք բացահայտել և հասկանալ, թե ինչ կարող են տալ արշավները մարդկանց և մի փոքր «համոզել» վերջիններին, որ արշավները ոչ միայն հանգստի կազմակերպման հետաքրքիր, այլև օգտակար տարբերակ են:
Ինչու՞ արշավել: Ի՞նչ է տալիս արշավը մարդուն:
Ամենաառաջինն իր կարևորությամբ արշավների ճանաչողական գործառույթն է: Մեր երկիրը, լինելով զանազան հակադրությունների լեռնային երկիր, ամեն օր կարիք է զգում նորովի բացահայտման: Իրար հերթափոխող և միմյանցից տարբեր լանդշաֆտներ, տարբեր բարձրություններով լեռնային գագաթներ, անդնդախոր կիրճեր և ընդարձակ հովիտներ… Այս ամենը և դեռ ավելին բացահայտելու և ճանաչելու միակ բանալին արշավներն են:
Արշավները փոքրիկ քայլեր են դեպի ինքնազարգացում
Երբ ուղեղում «խառնաշփոթ» է, իսկ հոգին թեթևության կարիք է զգում, լավագույն թերապիան՝ ուղևորվել լեռնային արշավների: Արդյունքում, ոգեշնչման նոր եզրեր, նոր շարժիչ ուժ՝ ներդաշնակ լինելու ինքդ քո և բնության հետ:
Արշավներն ունեն առողջարարական գործառույթ ևս
Բարելավում են օրգանիզմի դիմադրողականությունը, ամրապնդում պատրաստվածությունը՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես՝ զարգացնելով տոկունություն, բարձրացնելով սթրեսակայունությունը և ամրացնելով կամքի ուժը:
Լեռնային մաքուր և առողջարար օդ, հաղթահարած բազում կիլոմետրեր՝ այս ամենն իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն շնչառական և սիրտ-անոթային համակարգի վրա, այլև, ինչու չէ, նաև օգնում են ազատվել ավելորդ քաշից, ինչը նույնպես ամուր առողջության գրավական է: Արդյունքում ունենում ենք՝ առողջ մարմին + ներդաշնակ հոգի:
Նոր ծանոթություններ և նոր շրջապատ
Առհասարակ էքստրեմալ պայմաններում մարդիկ շփման մեջ դառնում են առավել բաց և ազատ և, որ ամենակարևորն է` ավելի շատ են սկսում միմյանց վստահել: Լինում են իրավիճակներ, որոնց շնորհիվ արշավախումբը համախմբվում և դառնում է մեկ ամուր կոլեկտիվ, իսկ ընդհանուր առմամբ արշավը հենց ինքնին յուրատեսակ իրավիճակ է, երբ ձևավորվում է միասնական ուժ և ոգի:
Հիասքանչ տեսարաններ
Եվ վերջում՝ իհարկե ոչ վերջինն իր կարևորությամբ՝ արշավների ընձեռած հնարավորությունն է բացահայտել այնպիսի տեսարաններ, որոնք անգամ ամենաուժեղ երևակայություն ունեցող մարդու պատկերացումներում լինել չեն կարող:
Աշխարհում չկա երևի ավելի հիասքանչ ու ռոմանտիկ երևույթ, քան լեռներում արևածագ դիմավորելը: Տեսնել այդ ամենը թռչնի թռիչքի բարձրությունից, ունենալ այն զգացողությունը, ասես ուր որ է կդիպչես երկնքին, կպառկես ամպերին ու կհանգստանաս, այս ամենը և, իհարկե, ավելին հնարավոր է միայն արշավներին մասնակցելու միջոցով:
Բացի ստացած աննկարագրելի էմոցիաներից + բոնուս գեղեցիկ լուսանկարներ:
Արշավներն առաջացնում են կախվածություն
Վերջում, սակայն, չենք կարող չնշել արշավների ամենամե՜ծ թերության մասին՝ արշավներն առաջացնում են կախվածություն, այնպես որ զգույշ եղեք :) Հաղթահարելով մեկ ուղի, ունենալով մեկ վերելք, նահանջելն այլևս անհնար կդառնա:
Հավանեցի՞ր նյութը: Ուզու՞մ ես անել առաջին քայլդ և նորովի բացահայտել Հայաստանը: Մեր արշավները կօգնեն քեզ այդ հարցում:
Նյութը՝ Փայլուհի Տիրացույանի