info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ռաֆթինգը Հայաստանում

Ռաֆթինգ Հայաստանում

Ռաֆթինգ Հայաստանում

Արագահոս գետն իսկակական դրախտ կարող է թվալ, երբ հայտնվես վրան լաստանավով:

Ռաֆթինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Չնայած նրան, որ այն համարվում է սպորտաձև, շատ հաճախ դրանով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար: Ռաֆթինգ տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել՝ ռաֆթինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով: Դրանց մեջ կարող են տեղավորվել 4-20 հոգի՝ կախված նավակի չափից ու կառուցվածքից: Նավակներն ունեն հատուկ թիակներ, որոնք օգտագործվում են շարժվելու ու ուղղությունը կառավարելու համար: Քանի որ սա առաջին հերթին սպորտաձև է, սովորաբար այն կազմակերպվում է մրցութային սկզբունքով: Այսինքն՝ մի քանի խումբ իրար հետ գետ են դուրս գալիս ու մրցարշավ ունենում: Չնայած դրան՝ մրցակցությունը պարտադիր չէ: Եթե դուք էքստրիմի սիրահար եք, սպորտի այս տեսակն այն է, ինչ պետք է անպայման փորձեք:

Ռաֆթինգ Հայաստանում

Պատմությունը

Ի սկզբանե ռաֆթինգը, ինչպես և Սապբորդինգը, չի ստեղծվել որպես սպորտաձև և զվարճանքի միջոց: Մոտ երկու դար առաջ այն ի հայտ եկավ՝ որպես անհայտ գետերն ու դրանց շրջակայքը ուսումնասիրելու միջոց: Այնուամենայնիվ, այսօր մարդիկ ռաֆթինգով են զբաղվում մեծապես զվարճանալու համար: Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ առաջին ռաֆթինգը տեղի է ունեցել 1811 թվականին «Snake» (օձ) գետի վրա, սակայն ոչ պատշաճ պատրաստվածության պատճառով այդ ուղևորությունը կարճ է տևել: Առաջին ռետինե լաստանավը պատրաստվել է 1840 թվականին ՝ լեյտենանտ Ջոն Ֆրեմոնտի և Հորաս Հ. Դեյի կողմից: Այնուհետև՝ 1842 թվականին, Ջոն Ֆրեմոնտն առաջին ռաֆթինգն իրականացրեց «Պլատե» գետի վրա: Դրանից 100 տարի անց այս սպորտաձևը սկսեց իրականացվել կոմերցիոն նպատակներով: Ռաֆթինգ իրականացնող ընկերությունների բացման ճշգրիտ ժամկետներն անհայտ են, սակայն 1972 թվականին ռաֆթինգը որպես սպորտաձև առաջին անգամ ներառվեց Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերում: Դե, իսկ այսօր արդեն ռաֆթինգը դարձել է զարգացող ու ավելի շատ տարածում գտնող էքստրեմալ սպորտաձևերից մեկը:

Ռաֆթինգ Հայաստանում

Ունենալով հարուստ բնաշխարհ՝ Հայաստանը շատ նպաստավոր տեղ է նման սպորտաձևերի համար: Այնուամենայնիվ, էքստրեմալ տուրիզմի այս տեսակը մեր երկրում բավականին նոր է: Հայաստանում ռաֆթինգ սկսել են իրականացնել մոտ 3 տարի առաջ, և այժմ այն ​​ավելի ու ավելի տարածում է գտնում: Այստեղ ռաֆթինգ իրականացնելու հիմնական գետերն են Ձորագետը, Քասաղը, Թարթառը և Դեբեդը: Սակայն, հարկ է նշել, որ սիրողական նպատակներով ռաֆթինգ Հայաստանում իրականացնելու ամենահարմար ու ապահով գետը Դեբեդն է, դրա համար «Armenian Geographic»-ը կազմակերպում է ռաֆթինգի ուղևորություններ հիմնականում Դեբեդ գետի վրա: Ռաֆթինգի ուղևորությունները ուղեկցվում են նաև փոքր արշավներով և ջրային ջամփինգով (թռիչք կամրջից գետի մեջ): Ընկերությունը տրամադրում է նաև փրկարարական բաճկոններ ու սաղավարտներ:

Ռաֆթինգ Հայաստանում

Ինչո՞ւ զբաղվել ռաֆթինգով

Սպորտի այս տեսակը գուցե այնքան էլ տարածված չէ, բայց սա լիցքաթափվելու ու առօրյա հոգսերից կտրվելու լավագույն միջոցներից է: Ադրենալինը, որ մարդիկ ստանում են ռաֆթինգով զբաղվելու արդյունքում, օգնում է մեծ էներգիա ստանալ ու ավելի երջանիկ զգալ: Շատ մասնագետներ վստահեցնում են, որ ռաֆթինգով զբաղվելն օգնում է ազատվել ավելորդ քաշից ու մարզել բոլոր մկանները: Այդպիսով, նրանք փաստում են, որ այս սպորտաձևը կարող է նաև շատ դրական ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա: Այսինքն՝ ռաֆթինգը դրականորեն կարող է ազդել ձեր հոգու և մարմնի վրա՝ լավացնելով ձեր ինքնազգացողությունը: Իսկ մեր կողմից կարող ենք նաև ավելացնել, որ սա բնությանն ավելի մոտ զգալու և միաժամանակ լավ ժամանակ անցկացնելու հիանալի եղանակ է:

Ռաֆթինգ Հայաստանում

Ի՞նչ պետք է իմանալ ռաֆթինգով զբաղվելուց առաջ

Մինչև այս գայթակղիչ սպորտաձևով զբաղվելու փորձն ունենալը, կարևոր է հաշվի առնել այն բոլոր նրբություններն ու դժվարությունները, որ կարող են լինել ռաֆթինգով զբաղվելու ընթացքում: Դրա համար եթե դուք ձեր առաջին փորձերն եք անում, խորհուրդ է տրվում դրանք անել մասնագետների հետ և անպայման ավելի մարմանդ գետերի վրա: Աստիճանաբար, դառնալով ավելի հմուտ, դուք կարող եք փորձել դա անել լեռնային և քարքարոտ գետերում՝ երբեք չմոռանալով անվտանգության մասին: Իհարկե, ինչքան վտանգավոր է տեղանքը, այնքան մեծ է այդ փորձից ստացած ադրենալինը, սակայն երբեք ռիսկի մի դիմեք, եթե վստահ չեք, որ կարող եք հաղթահարել խոչընդոտները:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում