Քաջքար լեռ
Արևելապոնտական լեռներ
Խաղտյաց լեռները տարածվում են Ծանախ (Խարշատ) գետից մինչև Ճորոխի գետաբերանն ընկած հատվածում։ Լեռնաշղթան ունի 2 լեռնաճյուղ՝ Զիգանայի և Տրապիզոնի։ Նրանց միջև է Զիգանայի լեռնանցքը, որով Արծաթահանը կապվում է Տրապիզոնի հետ: Խաղտյաց լեռների ամենաբարձր հատվածը Քաջքարի լեռներն են։ Լեռների հյուսիսային լանջերը երկար են ու մասնատված, ձգվում են դեպի Սև ծով։ Գետերը հարուստ են սահանքներով ու ջրվեժներով։
Սև ծովի ծովափնյա ծանծաղուտը (մինչև 200 մ) գրեթե բացակայում է, դաշտավայրը կտրուկ իջնում է դեպի հատակ. ափից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա ծովի խորությունը հասնում է 1000 մ-ի:
Քաջքար լեռ
Քաջքար լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսում` Խաղտյաց (Պարխարի, Քաջքարի) լեռնաշղթայում` Խոտրջրի շրջանում: 5-րդ դարի պատմիչները հիշատակում են Պարխար(յան) կամ Պարիադրես(յան) ձևերով: Ադոնցը այս լեռների անունը համեմատում է Բարխ ամրոցի անվան հետ:
Լեռների անունն առաջացել է Քաջք բառից։ Գագաթից հարավի ուղղությամբ նայելիս բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը: Լեռան հյուսիսահայաց՝ դեպի Սև ծով իջնող լանջերը խոնավ են և անտառապատ։ Ծովահայաց անտառապատ լանջերին է գտնվում Համշենի շրջանը։
Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր:
Ծովալիճը (Deniz gyol) գտնվում է Քաջքարի հարավային լանջին:
Պարզ եղանակին գագաթից երևում է նաև Մասիս լեռան գագաթը:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Նորայր Հովհաննիսյանի, Արթուր Մանուչարյանի և Տիգրան Վարագի