Հայերը Պրոկուդին-Գորսկու լուսանկարներում
Ռուս քիմիկոս և լուսանկարիչ Սերգեյ Միխայլովիչ Պրոկուդին-Գորսկին ապրել է 1863-1944 թթ.: Առավել հայտնի է գունավոր լուսանկարչության ոլորտում կատարած իր պիոներական աշխատանքներով և 20-րդ դարի սկզբների Ռուսաստանը փաստերով ներկայացնելու իր նվաճմամբ: Միևնույն ժամանակ համարվում է գունավոր լուսանկարչության առաջին ներկայացուցիչը: 1900-ականներին նա նախաձեռնեց մի ծրագիր՝ իրականացնել լուսանկարչական ուսումնասիրություն ամբողջ Ռուսական Կայսրությունում: Նիկոլայ 2-րդ ցարի համաձայնությունն ստանալուց հետո, 1909-1915 թթ. ուսումնասիրություն կատարեց Կայսրության 11 շրջաններում, ճանապարհորդելով հիմնականում երկաթուղային տրանսպորտով, որը հովանավորում էր տրանսպորտի նախարարությունը:
Լուսանկարիչը իր ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայերին: Ստորև ձեզ ենք ներկայացնում Պրոկուդին-Գորսկիի կողմից արված լուսանկարները և նրա տված բնորոշումները հայկական տարազի, մշակութային առանձնահատկությունների, կենցաղի վերաբերյալ:
Տարազով հայ կինը
Այս նկարում պատկերված է կին, որը հագել է Հայկական ավանդական համազգեստ (տարազ): Նրա կապույտ և կարմիր թավշյա համազգեստը կազմված է հագուստից ու գոգնոցից և զարդարված է ոսկեգույն թելով ասեղնագործ նախշազարդերով: Շատ մշակույթներում ասեղնագործությունն ու ժանյակները եղել են բարձր հասարակության ատրիբուտներում, մինչդեռ Հայաստանում դրանք յուրաքանչյուր կնոջ հագուստի ձևավորման մաս էին կազմում: Ամենօրյա կյանքում և տոն օրերին հայ կանայք հաճախ կրում էին գլխաշոր, ինչպես այս կինը, որը ձևավորված էր ոսկեգույն դրամներով: Ի հակադրություն տղամարդկանց, որոնք հագնվում էին ոչնչով աչքի չընկնող ոճով, որով հարմար էր խառնվել տարբեր էթնիկ խմբերի հետ և բիզնեսով զբաղվել, կանայք խնամքով զարդարում էին իրենց հագուստը: Հաշվի առնելով, որ նրանք տնից դուրս գալու շատ առիթներ չունեին, այս գեղեցիկ ձեռագործ հագուստը կարող էր հիանալի տարբերակ լինել պատշաճ ներկայանալու համար:
Հայ կանայք տոնական զգեստով. Արդվին
Այդ ժամանակ Կայսրությունը զարմանալի բազմազանություն ուներ 150 մլն. բնակչությամբ, որից էթնիկ ռուսները կազմում էին միայն կեսը: Լուսանկարչին գրավեց այս բազմազանությունը, փաստերով ներկայացնելու ավանդական համազգեստներն ու կյանքի ձևերը: Այս նկարն արված է Արդվինում (Սև ծովի շրջան, ներկայիս Թուրքիա), պատկերված են երկու հայ կանայք նստած նստարանին իրենց տոնական զգեստով: Կանանց հագուստները արտացոլում են հայկական հարուստ մշակութային ավանդույթներն ու ազգային բնութագիրը: Գեղեցիկ ձևավորված զգեստները պատրաստված էին մետաքսից, ատլասից կամ թավիշից, զարդարված ժանյակներով և ոսկեգույն կամ արծաթագույն ասեղնագործ զարդանախշերով: Սպիտակ շղարշե քողերն օգտագործվում էին որպես գլխաշոր:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: