Ժայռապատկերները Հայաստանում
Հայաստանի լեռները հարուստ են ժայռապատկերներով, որոնք պահպանվել են դեռևս մեր թվարկությունից առաջ եղած ժամանակներից, ու այդ է պատճառը, որ ժայռապատկերները Հայաստանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Ժայռապատկերն այլ կերպ անվանում են պետրոգլիֆ, որն առաջացել է հունարեն petros և glyphein բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են քար և փորել:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանն իր հարցազրույցներից մեկում նշում է, որ ժայռապատկերը պատկերային մտածողության արգասիք և արտահայտություն է, քանի որ մարդը միշտ էլ պահանջ է զգացել արտահայտելու իր տեսածն ու ապրածը թե՛ խոսքով, թե՛ պատկերով:
Հայտնի է, որ նախկինում մարդիկ օգտագործել են ժայռապատկերները հաղորդակցվելու նպատակով, ու այդ է պատճառը, որ դրանք շատ հաճախ նշանագրեր են, որոնցով մարդիկ նկարագրել են իրերն ու երևույթները։
Կարելի է ասել, որ ժայռապատկերները կարևոր հարստություն են ներկայացնում, քանի որ դրանք մեծ ինֆորմացիա են պարունակում տվյալ դարաշրջանի մարդկանց կենցաղի, հոգևոր ու մտավոր պատկերացումների վերաբերյալ՝ հանդիսանալով պատմական սկզբնաղբյուրներ։ Ժամանակին ժայռապատկերները գրավոր աղբյուրներ են ծառայել՝ նպաստելով պահպանել ու փոխանցել ավանդույթներն ու սովորությունները։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում կա ավելի քան 20-30 հազար ժայռապատկեր։
Ինչպես են առաջացել ժայռապատկերները
Ինչպես արդեն նշեցինք, ժայռապատկերները ստեղծվել են հազարամյակներ առաջ ու պահպանվել են մինչ այսօր՝ վկայելով անցյալի բարքերի, մարդու գործունեության տեսակների ու ոլորտների մասին։ Հարություն Մարտիրոսյանն իր «Գիտությունն սկսվում է նախնադարում» գրքում նշում է, որ բնության նկատմամբ մարդկային պատկերացումների մեջ կատարված խոր փոփոխություններն իրենց արտահայտումն են գտնում նաև Հայաստանի նեոլիթ-էնեոլիթյան և բրոնզեդարյան արվեստի մեջ, ու լիովին ձևավորված բանական մարդուն հետաքրքրում են բնության երևույթների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը։ Այս շրջանի արվեստի համար բնորոշ է դառնում պատկերների պայմանականացումը, ոճավորումը և պատմողական բարդությունը։ Կենդանիների պատկերների հետ մեկտեղ նշանակալի դեր են կատարում մարդկային կերպարները որսի ու զինական ընդհարումների տեսարաններում։ Մարդկանց գործունեությունն այդ ժամանակ դառնում է արվեստի կենտրոնական թեման։
Հ․ Մարտիրոսյանն իր աշխատության մեջ փաստում է, որ Հայկական լեռնաշխարհը չափազանց հարուստ է այս տիպի հուշարձաններով, որոնք բազմազան, բազմաբովանդակ, միանգամայն ինքնատիպ ժայռապատկերների մեծ ու փոքր կուտակումներ են, որ տարածված են Արագածի փեշերից մինչև հայկական Տավրոսի լանջերը, մինչև Ասորիք-Պաղեստինի ու Իրաքի սահմանները։ Ժայռապատկերների առանձնապես մեծ խմբեր կան Սևանա լճի ավազանը եզերող Գեղամա և Վարդենիսի, Վայոց ձորի և Սյունյաց լեռներում։
Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների պատկերախմբերը
Հայաստանի ժայռապատկերների մեծ մասը գտնվում են Գեղամա լեռներում։ Հ. Մարտիրոսյանն իր վերնշյալ աշխատության մեջ նշում է, որ Գեղամա լեռների պատկերախմբերն իրենցից ներկայացնում են նախնադարյան որսորդ-անասնապահերի նվիրական սրբատեղիներ, հին արվեստի ու պաշտամունքի տաճարներ։ Լեռնային սրբատեղիների այս պատկերախմբերը հստակ պատկերացում են տալիս տեղական համայնքների գոյատևման ու զարգացման նախապայմանների՝ կենդանական հարուստ աշխարհի բազմազանության, բնակլիմայական պայմանների ու բուսական աշխարհի, ժամանակի տնտեսական զբաղմունքների՝ որսորդության, անասունների ընտելացման ու բուծման մասին։
Գեղամա սարերի պատկերների մեջ աչքի են ընկնում կենդանիների ամենատարբեր տեսակների ահռելի քանակն ու բազմազանությունը։ Այդ կենդանիներից են բիզոնը, վայրի ցուլը (կամ կովը), կովկասյան ազնիվ եղջերուն, գիգանտ եղջերուն, իշայծյամը, կխտարն ու ջեյրանը, ձին, վայրի էշը, աղվեսը, գայլը, վարազը, լուսանը, առյուծը, ընձառյուծը, մի շարք մանր կենդանիներ, շների տարատեսակները, սողունների զանազան տիպերը, բադը, սագը, արագիլը, կարապը, կաքավը և այլն։
Այս կենդանիների մի մասն այժմ իսպառ անհետացել է Հայաստանից։ Հիշյալ կենդանատեսակների մի զգալի մասը ներկայացված է Հայաստանի ժայռապատկերներում որսորդական տեսարանների մեջ։
Ժայռապատկերների հիման վրա ժամանակի ընթացքում մարդիկ առասպելներ են հյուսել։ Նմանատիպ առասպելների մասին կարելի է կարդալ Հարություն Մարտիրոսյանի աշխատություններում։ Օրինակ, ըստ Հ․ Մարտիրոսյանի ուսումնասիրությունների՝ Գեղամա լեռների Փոքր Պայտասար գագաթի ստորոտին ընկած ժայռապատկերներից մեկում կարելի է տեսնել երկգլխանի, հաստամարմին օձավիշապի հսկա ֆիգուր՝ խաչաձև ու կիսակլոր բաց վերջավորություններով։ Կիսակլոր վերջույթը նման է բաց երախի, նրա մեջ ներգծված է օղակաձև կամ սկավառակաձև մի մարմին, որն արվեստի հին հուշարձաններում խորհրդանշում է արևը։ Օձավիշապի խաչաձև վերջույթի տակ պատկերված է այծի ֆիգուր, որը ստորադասված է հրեշին։ Հ․ Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ օձավիշապը հաղթում է արևին, կլանում է այն կամ պահում իր երախում։
Ուխտասարի ժայռապատկերները
Ուխտասարի հնավայրում նույնպես կարելի է հանդիպել հազարավոր ժայռապատկերների։ Դրանք ցրված են լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ և ձորակներում։ Հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերեր, որոնք մոտավոր թվագրվում են մ․թ․ա․ 5-2-րդ հազարամյակներով: Այդ ժայռապատկերները պատկերում են մարդկանց՝ հիմնականում որսի, աշխատանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի և ընտանի կեն դանիներ, երկնային լուսատուներ, տիեզերական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաև անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը:
Ուխտասարում եղած ժայռապատկերների վերաբերյալ նույնպես կան բազմաթիվ առասպելներ։ «Գիտությունն սկսվում է նախնադարում» աշխատության մեջ Հ․ Մարտիրոսյանը նաև ներկայացնում է Ուխտասարի մի շարք ժայռապատկերների վերաբերյալ ենթադրյալ առասպելները։ Օրինակ, նա ասում է, որ Ուխտասարի մի ժայռապատկերում երևում է, որ մարդակերպ էակներն իրենց մեջ կրում են արև-կայծակ հատկանիշներ ու դրանցով մարտնչում են օձավիշապների դեմ։ Ըստ Հ․ Մարտիրոսյանի՝ այստեղ արև-կայծակ աստվածը հենված է երկրին, նրա վերջավորություններից ճառագայթների փնջեր են ժայթքում, կլոր գլխի վրա լուսնամահիկ կա (ինչպես Քրիստոսի պսակը)։ Օձավիշապը, որ ուղղված է դեպի արևը և լուսինը, դեպի մարդակերպ աստծո գլուխը, կռվում է նրա դեմ։
Ուխտասարում եղած այլ ժայռապատկերներում ևս երևում է, որ հրեղեն աստվածները մարտնչում են օձավիշապների դեմ։ Այդ ժայռապատկերներից մեկում ևս պատկերված են մարդակերպ էակի ու օձի ֆիգուրները, սակայն մարդակերպ ֆիգուրն այստեղ զուրկ է ճառագայթաձև անդամներից։ Այդ ֆիգուրը պարզապես հաղթանդամ է, առնական ու աջ կողմի նրբանով նա գետնին է գամել թավալվող օձի գլուխը։
Սառցալիի ժայռապատկերները
Մեր արշավների ընթացքում Սառցալի լեռան ստորոտին հանդիպել ենք բազմաթիվ ժայռապատկերների։ Հաշվի առնելով փորագրված պատկերները՝ կարելի է ենթադրել, որ այս ժայռապատկերները համեմտաբար նոր են։ Սրանց մասին դժվար է տեղեկատվություն գտնել, որովհետև ըստ երևույթին այս ժայռապատկերները դեռևս պատշաճ ձևով չեն ուսումնասիրվել։ Մեզ մնում է հույս հայտնել, որ այս ժայռապատկերներն առաջիկայում կարժանանան ժայռապատկերաբանների ուշադրությանը և մանրամասն կհետազոտվեն, քանի որ, կարծում ենք, դրանք իրենցից մեծ արժեք են ներկայացնում։
Աշխարհագրությունը
Հայաստանում ժայռապատկերները տարածված են գրեթե ամբողջ երկրով մեկ։ Ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանի տվյալներով՝ ՀՀ-ում ժայռապատկերներ կարելի է գտնել Երևանում՝ Ավանում, Արարատի մարզում՝ Խոսրովի անտառում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Մեծամորում, Սուրբ Շուշանիկում, Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան վրա, Մաստարայում, Արտինում, Կաքավաձորում, Շամիրամում, Ոսկեհատում, Ագարակում, Գեղամավանում, Քուչակում, Ապարանի ջրամբարի տարածքում, Շիրակի մարզում՝ Տիրաշենում, Հոռոմում, Հայկաձորում, Ձիթհանքովում, Անիպեմզայում, Երերույքում, Լոռու մարզում՝ Նեղոցում, Կողեսում, Լոռիբերդում, Տավուշի մարզում՝ Գոշում, Կոտայքի մարզում՝ Զովունիում, Պտղնիում, Բալահովտում, Բջնիում, Գեղարդում, Գեղամա լեռներում, Գեղարքունիքի մարզում՝ Լճաշենում, Գավառում, Վարդենիկում, Սևսարում, Վարդենիսի լեռնանցքում, Վարդենիսի լեռներում, Այրքում, Ներքին Շորժայում (Քեթի), Սյունիքի մարզում՝ Ուխտասարում, Ջերմաջրում, Ծղուկում, Կարկառում, Մուրադ սարում (Հուսոսար), Զորացքարում, Քարաշենում, Նավասարում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: