Գեղամա լեռների ժայռապատկերներն ու վիշապները
Գեղամա լեռներ
Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Այն ունի հրաբխային ծագում և հարուստ է հանգած հրաբուխներով: Գեղամա լեռների միջին բարձրությունը կազմում է մոտավոր 2500 մ: Լեռնավահանի ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է (3597մ): Գեղամա լեռների ժայռապատկերները մեծաթիվ են: Այստեղ հայտնաբերվել նաև մեծ քանակությամբ քարե առեղծվածային կոթողներ, որոնց անվանում են վիշապներ կամ վիշապաքարեր: Երկրաբանների համար Գեղամա լեռնաշղթան, իր գթածոներով, դրախտ է երկրի վրա, ինչպես նաև բոլոր լեռնագնացների համար՝ իր տպավորիչ տեսարաններով և հանգած հրաբուխներով:
Ժայռապատկերներ
Գեղամա լեռների ժայռապատկերները կամ պետրոգլիֆները՝ քարերի վրա փորագրված հատուկ պատկերներ են: Պետրոգլիֆ անվանումը ծագել է հունարեն petros և glyphein բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են քար և փորել: Որոշ ժայռապատկերներ պատկերում են իրական կյանքից դրվագներ, մինչդեռ շատ ուրիշ օրինակներ պատկերում են միանգամայն վերացական երևույթներ: Որոշ տեսություններ պնդում են, որ ժայռապատկերները տեղեկատվության փոխանցման միջոց են եղել, իսկ որոշները դրանց վերագրում են կրոնական և ծիսական տարբեր նշանակություններ:
Ժայռապատկերները հանդիպում են ամբողջ աշխարհում, և մեծամասամբ կապվում են նախապատմական ժամանակաշրջանի հետ: Գեղամա լեռների տարածքում գտնվել են ավելի քան 12 000 ժայռապատկերներ: Մարդու կենցաղի գրեթե բոլոր բնագավառները պատկերված են ժայռապատկերներում: Դրանցից որոշները պատկերում են նախնադարյան մարդուն՝ որսի, կռվի ժամանակ, պարելիս կամ հողագործությամբ զբաղվելիս: Որոշ ժայռապատկերներ էլ պատկերում են նախնիների, հերոսների, տարբեր ոգիների և պտղաբերության պաշտամունքի տեսարաններ: Ժայռապատկերների վրա հաճախ կարելի է գտնել տարբեր կենդանիների՝ եղնիկների, բեզոարյան այծերի, հովազների պատկերներ:
Վիշապներ
Վիշապները կամ վիշապաքարերը յուրահատուկ քարակոթողներ են՝ բազալտե սյան վրա քանդակված տարբեր կենդանիների պատկերներով, որոնք հանդիպում են միայն ներկայիս Հայաստանի և Հայկական Լեռնաշխարհի բարձր լեռնային գոտիներում: Դրանք հիմնականում հայտնաբերվել են ծովի մակարդակից 2000-3000 մ բարձրությունների վրա: Այս քարե հուշաձանները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Նրանք հավանաբար իրենց անունը ստացել են հին հայկական լեգենդներից, որտեղ վիշապները հսկա հրեշներ էին, որոնք ապրում էին լեռներում և ջրերի մոտակայքում: Անվանումը կարող է կապված լինել նաև քարերի վրա արված պատկերների հետ: Ամեն դեպքում Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնի են նման կոթողների մոտ 150 օրինակ, որոնցից մոտ 100-ը Հայաստանի տարածքում:
Ըստ իրենց ձևի և պատկերագրության մենք առանձնացնում ենք վիշապաքարերի 3 հիմնական տեսակ: Առաջինը դրանք ձկնակերպ վիշապներն են: Երկրորդ դասի մոտ քարի վրա պատկերում է ցլի մորթի՝ տարածված քարի վերևի հատվածում կամ ամբողջ երկայնքով: Երրորդ տեսակն այս երկուսի համատեղումն է՝ իրենից ներկայացնում է նախորդ երկու պատկերների միախառնումը: Վիշապների մեծ մասը հանդիպում է ուղղահայաց դիրքով կանգնած, սակայն կան նաև գետնին հորիզոնական դիրքով պառկած վիշապներ: Գրեթե բոլոր վիշապների վրա պատկերներն ու փորագրությունները հանդիպում են քարի վերևի հատվածում, իսկ ստորին մասը միշտ առանց պատկերաքանդակների է: Այս փաստը հուշում է, որ վիշապաքարերը ուղղահայաց կանգնեցված քարակոթողներ են եղել:
Հայկական լեռնաշխարհի ամենաշատ վիշապները հայտնաբերվել են Գեղամա լեռներում:
Դե իսկ Հայկական լեռնաշխարհի վիշապների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: