Ընձառյուծը Հայաստանում
Առաջավոր Ասիա տարածաշրջանը հանդիսանում է բազմաթիվ վտանգված կենդանատեսակների բնակավայր, բայց առավել վտանգված է առաջավորասիական (անվանում են նաև կովկասյան կամ պարսկական) ընձառյուծը։ Ներկայումս ընձառյուծի պահպանությունը բնապահպանական խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ էկոտարածաշրջանի համար: Ներառված է ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Ընձառյուծը Հայաստանում
Առաջավորասիական ընձառյուծ աշխարհում հաշվվում է ընդամենը 500-600 հատ: Հայասատում մոտ երկու տասնամյակ առաջ ընձառյուծի գրեթե ոչ մի հետք չէր մնացել որսագողերի պատճառով, որոնք հասել էին նույնիսկ լեռնային շրջաններ այս զգուշավոր կենդանիների հետևից: Եվ միայն 2006 թ-ից սկսած ընձառյուծներ են նկատվել Հայաստանում, և ըստ WWF-Հայաստանի, երկրի հարավային երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում գրանցվել են 7 ընձառյուծ: Ըստ գրական աղբյուրների, ավելի վաղ այն նաև երկրի հյուսիսում է նկատվել:
Հայաստանում ընձառյուծները մեծ թիվ չեն կազմել: 2007 թվականին ապրել է երկու արու, բայց քանի որ արուները սիրում են հաճախակի փոխել իրենց բնակության վայրը՝ հեռացել են: Ընձառյուծներ մեզ մոտ չեն նկատվել մինչև 2013 թ.: Մեր երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում ընձառյուծների հայտնվելը մասնագետները կապում են Հայաստանում բեզոարյան այծերի քանակի ավելացման հետ: Հայաստանի տարածք ընձառյուծներն անցնում են Թուրքիայից և Իրանից:
Ընձառյուծի անվան ծագումը
Հնում ընձառյուծին համարում էին, որպես առյուծի և հովազի հիբրիդ, որն իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Որն էլ ենթադրում է, որ ծագել է παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է հնդիրանական «պանդարաբ» բառի տարբերակը, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»:
Նկարագրությունը
Ընձառյուծը շատ ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը կարող է հասնել 126-183 սմ, իսկ պոչի երկարությունը` 94-116 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն հասնում է մինչև 90 կգ: Էգերը սովորաբար իրենց չափսերով զիջում են արուներին: Ընձառյուծի մեջքը լինում է դեղին կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, վարդանախշաձև սև բծերով: Հանդիպում են նաև լրիվ սև մորթիով ընձառյուծներ (Ճավա կղզում)։ Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը համեմատաբար կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, բայց թույլ զարգացած հոտառություն։
Ընձառյուծի թողած հետքերը
Ընձառյուծն իր հետևից բազմաթիվ նշաններ է թողնում, այդ թվում նաև փորվածքներ ու քերծվածքներ: Այդ փորվածքների առկայության դեպքում կարող ենք նույնիսկ դատողություններ անել կենսունակության և ապրելավայրի վիճակի մասին: Փորվածքներ թողնում են հիմնականում հասուն արուները, հազվադեպ նաև էգերը, որոնք բազմացման շրջանում ավելի հաճախ նշում են հարևան արահետները: Ի տարբերություն հետքերի, ընձառյուծի փորվածքները գետնի վրա ավելի երկար են մնում: Ծառերի վրա ավելի քիչ են քերվածքները, որոնք գտնելու համար ավելի շատ փորձ ու ուշադրություն է անհրաժեշտ և գիտելիք տեղանքի մասին: Հասուն արու առանձնյակի հետքի լայնությունը կազմում է 8.0-9.5 սմ, էգինը՝ 6.0-7.5 սմ, ձագի հետքը՝ 5.5-6.5 սմ է:
Տարածվածությունը և կենսամիջավայրը
Առաջավորասիական ընձառյուծը տարածված է Ասիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Իրանում, Արելևելյան Թուրքիայում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Ադրբեջանում: Բնակվում է չոր լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Ընձառյուծներն իրենց բնակության վայրի ընտրության հարցում շատ ուշադիր են, որոնց համար ամենահարմարավետ ապրելավայրը գիհու նոսրանտառներն են` ժայռոտ ծածկերով, խորը կիրճերով և քարքարոտ լանջերով: Որջը սարքում են հաստաբուն ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Հասուն արու առանձնյակի տարածքը կարող է հասնել մինչև 30 հազ. հեկտարի, էգինը՝ 10 հազ. հեկտարի: Սնվում է մկնանման կրծողներով, նապաստակներով, վայրի խոզերով, այծյամներով, եղջերուներով, նաև լեշերով ու ձկներով: Ուժեղ և ճարպիկ կենդանի լինելով, որս անում է դարանակալելով։
Բազմացումը
Ընձառյուծների զուգավորումը Հայաստանում տեղի է ունենում ձմռան ամիսներին՝ դեկտեմբերի վերջից մինչև փետրվարի սկզբը: Ձագերը ծնվում են ապրիլին, ունենում են երկու ձագ, երբեմն նաև չորս ձագ: Ձագերը կաթով կերակրվում են երեք (երբեմն՝ 6–8) ամիս: Հինգ ամսականում ձագերը կարող են մանր կենդանիներ որսալ, իսկ մեկ տարեկան ձագն արդեն ունի հասուն էգի չափսեր և կարող է ինքնուրույն կյանք վարել: Ընձառյուծը զգուշավոր կենդանի է, նա հրաշալի է քողարկվում: Բնության մեջ չափազանց դժվար է այս կենդանուն տեսնելը: Ընձառյուծն անազատ պայմաններում ապրում է 21 տարի։
Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: