info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ճանաչիր բարեկամներիդ և թշնամիներիդ

Արշավի ժամանակ հանդիպող անակնկալներ

Արշավի ժամանակ հանդիպող անակնկալներ

Բնության հետ առնչվելիս յուրաքանչյուրիս պարտքն է բացահայտել ու պահպանել դրա գաղտնիքները: Կան մի շարք արշավի ժամանակ հանդիպող անակնկալներ, որոնք մեզ մատուցում է բնությունը և որոնց հետ պետք է ծանոթ լինել նախքան արշավի մեկնելը: Քիչ չեն դեպքերը, երբ բնությունը մեզ օգնության ձեռք է մեկնում այն պահին, երբ մարդուց ոչինչ կախված չի լինում: Դեռ հնուց, ինչպես շատ ու շատ տեղերում, Հայաստանում ևս մշակվել են բազմաթիվ դեղաբույսեր, հատապտուղներ, որոնք բուժման նպատակով են կիրառվել: Փաստորեն, բացի այն, որ բույսերը դիտվել են որպես գեղեցկություն, եղել են պաշտամունքի առարկա, անփոխարինելի են եղել և մնում նաև բժշկության մեջ:

Ճանաչիր բարեկամներիդ և թշնամիներիդ

Ծաղիկներ

Կան զանազան ծաղկաբույսեր, որոնք հանգստացնում են նյարդային համակարգը, իջեցնում են արյան ճնշումը, կանխում մի շարք հիվանդությունների առաջացումն ու զարգացումը: Մեր հանրապետությունում իրենց բուժիչ հատկություններով հայտնի են հետևյալ բուսատեսակները.

Օշինդր

Արմատները և տերևներն օգտագործվում են ջղաձգության, ցնցումների և այլնի դեպքում: Հիմնականում տարածված է լինում Արարատյան դաշտում: Օշինդրի մեծ քանակությունը խոսում է այն մասին, որ հողը տեղանքում բերրի է:

Օշինդր

Երիցուկ

Տերևներն օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հիվանդությունների առկայության դեպքում: Երիցուկով պատրաստած լուծույթը օգտագործվում է ձեռքերի և ոտքերի ուռուցքները բուժելու, կոկորդի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում:

Երիցուկ

Եղեսպակ

Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Տերևներով պատրաստած լուծույթն օգտագործվում է կոկորդը, բերանի խոռոչը ողողելու նպատակով: Տարածված է Երևանի շրջակայքում, Գառնիում, Արզնիում, Գեղարդում, Վեդիում:

Եղեսպակ

Խոճկոտիկ

Տերևները հավաքում են ծաղկման շրջանում: Օգտագործվում է հազի, հարբուխի, թոքային և այլ հիվանդությունների դեմ: Տարածված է Երևանի շրջակայքում, Հրազդանի ափին:

Կատվախոտ

Օգտագործվում են արմատները, որը հավաքում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը: Այն օգտագործվում է նյարդային համակարգի խանգարման, անքնության, սթրեսի դեպքում: Հայաստանի տարածքում այն հանդիպում է Գառնիում, Վեդիում, նաև Երևանի շրջակայքում:

Կատվախոտ

Հայտնի ծաղկաբույսերի շարքին են դասվում արոսենին, խնկածաղիկը, հաղարճենին, երնջնակը, մատնոցուկը, դաղձը, հովտաշուշանը, ուրցը և այլ բույսեր:
Բուսատեսակների օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, կարելի է որոշել ժամանակը: Օրինակ պատատուկի ծաղիկները բացվում են առավոտյան ժամը 9-ին, դաշտային կակաչը՝ ժամը 5-ին: Առհասարակ, եթե ծաղիկը չի բացվել, ենթադրում է, որ հաջորդ օրը անձրևային պիտի լինի:
Բացի ամենից, ճանապարհորդը պետք է կարողանա տարբերել նաև թունավոր բույսերը և զգուշանալ նրանցից: Հայսատանում հանդիպող թունավոր բուսատեսակներից են ընձախոտը, գնարբուկը, մորմը, ագռավաչքը, շնդեղը, հովտաշուշանը, մատնորակը և այլն:
Թունավորման նախանշանների դեպքում (փորացավ, սրտխառնոց, ստամոքսի խանգարում, գլխապտույտ) հարկավոր է անմիջապես կազմակերպել առաջին բուժօգնություն: Քանզի կան որոշ թունավոր բույսեր, որոնք բավականին արագ են ազդում օրգանիզմի վրա:

Ծաղկաբույսեր

Հատապտուղներ և բույսեր

Բնության գրկում՝ ուր էլ հայտնվենք, խնամքով է պետք վարվել բոլոր թփերի և բույսերի հետ: Վերջիններիս հարուստ առկայությունն է, որ ապահովում է մաքուր ու հաճելի օդը, գեղեցիկ բնությունը:

ՀՀ-ում բավականին շատ են հանդիպում վայրի հատապտուղները: Առավել տարածված են մոռը, ելակը, մոշը, հաղարջը, մամուխը, ալոճը, մասուրը, իսկ պտուղներից՝ հոնը, սալորը, հաճարը, զկեռը և այլն:

Հատապտուղներ և բույսեր

Ելակ

Հարկ է նշել ելակի առողջարար լինելու մասին: Այն հանդիպում է Լոռու, Իջևանի, Զանգեզուրի, Ապարանի շրջաններում, Սևանա լճի շրջակայքում: Ցողունի երկարությունը հասնում է 10-15սմ:

Ելակ

Մոռ

Աճում է ատառներում, այն տեղերում, ուր կան կտրված-ընկած ծառեր: Մոռի պտուղները և արմատներն ունեն բուժիչ հատկություն: Շատ տարածված է Լոռու, Իջևանի, Կիրովականի, Սևանի, Ախուրյանի տարածքում:

Մոռ

Մոշ

Մոշը փշոտ թուփ է, սև, թթվաշ պտուղներով: Հանդիպում է լեռնային շրջաններում, մարգագետինների և բացատների եզրերին: Տարածված է Ղափանի, Գորիսի, Իջևանի, նոյեմբերյանի, Մեղրու, Ալավերդու տարածքում:

Մոշ

Հաղարջ

Տարածված է բարձր լեռնային շրջաններում, ունի 1,5 մ բարձրություն: Պտուղները մանր են, կլոր, կանաչ կամ ծիրանագույն, լինում են ողկույզներով, ու որ շատ կարևոր է, հարուստ են վիտամիններով: Վաղուց ի վեր օգտագործում է որպես դեղանյութ: Հանդիպում է Զանգեզուրում, Լոռիում, Շիրակում և Վայոց ձորում:

Հաղարջ

Սողուններ

Ոչ պակաս կարևոր է նաև ունենալ գիտելիքներ սողունների մասին՝ մինչ արշավներին մասնակցելը: Հայաստանում հանդիպում են միայն իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձեր:

Սողուններ

Ինչպե՞ս տարբերել թունավոր օձին ոչ թունավորից. թունավոր օձի գլուխը ծածկված է մանր թեփուկներով և ունի բութ ձև, վզի հատվածն ավելի նեղ է, քան գլխինը, աչքի բիբն ունի ուղղահայաց կտրվածք, թեփուկներն արտահայտված են ցցունկերպով և ունեն կողիկներ, իսկ ոչ թունավորների թեփուկները դասավորված են մեծ ու համաչափ: Թունավոր օձեր հանդիպում են ցածրադիր վայրերում, Հայաստանի՝ հատկապես հարավային մասերում:
Թունավոր օձերից են.

Հայաստանի օձերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Հայաստանի օձերը հոդվածում

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին