info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

ArmGeo թիմ

Տիգրան Վարագ

Տիգրան Վարագ

Հիմնադիր և ղեկավար

Հրաչուհի Այվազյան

Մենեջեր

Հրաչ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Բաղացսար, Խուստուփ (չնայած սրանց փոխարեն կարելի էր նշել Ծռասար ):

Հետաքրքիր փաստ Հրաչի մասին: Ապրում եմ… սիրում եմ… ու սիրում եմ ջրվեժներ և գագաթներից բացվող հորիզոններ…

Մի փոքր Հրաչի մասին:  Ողջո՜ւյն, ես Հրաչն եմ՝ արդեն Արա-Իվանյան: Ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնցից յուրաքանչյուրի իրագործմամբ  գտնում եմ նորերը: Գրականությունը՝ հատկապես Հայ գրականությունը, ֆուտբոլը՝ մասնավորապես Անգլիական և Լեռները՝ գետի այն ափի, իմ տարերքն են… Քանի որ մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա և մեր դաշտերն ու լճերը մագլցում են դեպի լեռը, ես էլ միացա այդ խենթ երթին, գտա ընկերներ ինձնից խելառ…  ու արդեն ավելի քան 10 տարի արշավում եմ Հայկական լեռնաշխարհում… Չեմ կարող նկարագրել տեսարաններ, առավել ևս փոխանցել տպավորություններ, բայց վստահաբար կարող եմ ասել. Արշավեք, բարձրացեք,  «բարձրացե՛ք», բացահայտեք ձեր իրական հայրենիքը, բացահայտեք ինքներդ ձեզ… և դուք էլ կսիրեք:

Վա՜յ մեզ, եթե վար իջնենք...

Արծրուն

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Արագածի արևելյան գագաթ

Հետաքրքիր փաստ Արծրունի մասին: Մինչ դու կարդում ես այս նախադասությունը իմ մարմնի 50000 բջիջներ մահացան և փոխարինվեցին նորերով:

Մի փոքր Արծրունի մասին : Մանկուց սիրել եմ բնությունը և 15 տարեկանից սկսել եմ լեռներ բարձրանալ: Այդ պահից սկսած երբեք կանգ չեմ առել: Ես միշտ խմբին պատմում եմ  տեղանքի, տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև այլ հետաքրքիր պատմություններ նախորդ արշավներից: Եթե ամեն ինչ պլանավորվածի նման է ընթանում ես սիրում եմ մասնակիցներին ցույց տալ նաև մի քանի այնպիսի վայրեր, որոնք ներառված չեն ծրագրում: Ես գիտեմ ինչպես հանգստություն պահպանել և արագ դուրս գալ ծայրահեղ իրավիճակներից:

Կարեն

Լեռնային ուղեկցորդ, SUP-ի հրահանգիչ

Սիրելի արշավը: Խուստուփ լեռ և Արագածի Հյուսիսային գագաթ

Հետաքրքիր փաստ Կարենի մասին: Կյանքիս կարևոր բաղադրիչները սարերն ու ջրերն են՝ հոգևոր սննդի կարևոր բաղադրատոմս է 

Մի փոքր Կարենի մասին: Մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ եմ, էությամբ՝ նույնպես։ Երազանքներս միշտ հետաքրքիր կերպով են կատարվում, երբ թվում է թե կարևոր դռները կողպված են, անպայման մի խորշ է բացվում, որի վերջը նման է քարանձավից դուրս գալուն, հենց այդպես էլ հայտնվեցի այս ցուցակում։ Անվտանգությունը համարում եմ խենթության հովանավոր, խենթությունն էլ կյանքի վառելիք։

Գառնիկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Ծակքարի լիճ

Հետաքրքիր փաստ Գառնիկի մասին:Հողի հետ աշխատելուց երջանկանում, հանդարտվում եմ

Մի փոքր Գառնիկի մասին: Առաջին անգամ պապիկիս հետ եմ սար բարձրացել, երևի 5-6 տարեկան էի: Քանի որ ապրում եմ գյուղում (Գուգարք), մանկուց բնության հետ կապը միշտ եղել է: Գյուղը սարերի մեջ է, ու միշտ ուզում էի բարձրանալ, ավելին բացահայտելու ցանկություն ունեի: Ու քանի որ միշտ սիրել եմ այդ ամենը, սկզբից սկսեցի քայլել որպես արշավական, հետո ցանկացա փորձս ու գիտելիքներս այդ բնագավառում տարածել: Ես մտածում եմ՝ արշավականն առաքյալի պես է, ում առաքելությունն է՝ ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավել այդ ամենի մեջ: Վանաձորում զբաղվում եմ ծաղիկների արտադրությամբ և վաճառքով, իսկ լեռնային ուղեկցորդ դառնալու նպատակը մեր մարզում (Լոռի) արշավական մշակույթը տարածելն է:

Գևորգ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Աժդահակ լեռ 

Մի փոքր Գևորգի մասին: Բնության գրկում ես դառնում եմ ամենախաղաղ ու անհոգ մարդը: Ինձ համարում եմ լեռների մի մասնիկն ու կյանքիս բոլոր նպատակները կամա, թե ակամա կապում լեռնագնացության հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ աշխարհում ոչինչ չեմ փոխի լեռնային վերելքների, լեռների գագաթներից բացվող տեսարանների հետ: Կան զգացողություններ, որոնք երբեք չես կարող նկարագրել ո՛չ բառերով, ո՛չ նկարներով: Ու հենց դրա համար պետք է ուղղակի սկսել արշավել ու դրանից հետո անհնար կլինի չսիրել լեռները: Մեկ էլ ուզում եմ իմանաք, որ լեռները մագնիսի են նման՝ միշտ քաշում են դեպի իրենց:

Լիլիթ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Արագածի արևելյան գագաթ

Հետաքրքիր փաստ Լիլիթի մասին: Իմ հայրենիքը եղել է քարոտ Սասունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ:

Մի փոքր Լիլիթի մասին: Մասնագիտությամբ կենսաբան եմ՝ անքակտելիորեն կապված բնությանն ու կենդանական աշխարհին: Բայց սերն առ բնություն գալիս է դեռ մանկուց: Երեխա ժամանակ հաճախ էինք փոքրիկ արշավներ կազմակերպում դաշտեր՝ ունենալով փոքրիկ արկածներ: Լեռներն ինձ կյանք են վերադարձրել, ստիպել ապրել և տեսնել գեղեցիկը, տվել կամք ու անասելի ուժ: Պապս գաղթի ճանապարհին մի վերջին հայացք է գցել Սասնա սարերին ու ասել. -Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի: Եվ սա է կյանքի իմ նշանաբառը: Եվ սա է իմ կյանքը:


Լենա

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Խոսրովասար, Արագածի Արևմտյան գագաթ և այն բոլոր գագաթները, որտեղ դեռ չեմ եղել

Հետաքրքիր փաստ Լենայի մասին: մի անգամ գնել եմ դեպի Կամբոջա միակողմանի  տոմս և շուրջ 1 տարի ապրել այնտեղ 

Մի փոքր Լենայի մասին: Հայաստան վերադարձել եմ 5 տարի առաջ և դեռ փորձում եմ հայերեն սովորել: Բայց մինչև հիմա վերջավորությունները շփոթում եմ)): Իմ բոլոր անմոռանալի հիշողությունները կապված են բնության հետ՝ անցել եմ ճահիճների միջով, ընկել եմ ձորը, եղել տունդրայում, ջունգլիներում, լողացել սառցե ջրերում, ապրել եմ բևեռային շրջանում և տեսել օվկիանոսը: Սիրում եմ տարվա բոլոր եղանակները և կարծում, որ վատ եղանակ գոյություն չունի: Արշավները բնավորություն են ստեղծում, քեզ ավելի ուժեղ և իմաստուն դարձնում: Ի դեպ, արշավների ընթացքում գտնում ես նաև ինքդ քեզ:

Ռոման

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Աստղոնք լեռ

Հետաքրքիր փաստ Ռոմանի մասին։ Մեկ ամսվա ընթացքում լսում եմ  9000-10000 րոպե երգ

Մի փոքր Ռոմանի մասին: Սիրում և հետաքրքրվում եմ ճարտարապետությամբ, բայց որպես մասնագիտություն ընտրել եմ տնտեսագիտությունը և աշխատում եմ ՏՏ ոլորտում՝ որպես որակի ապահովման մասնագետ։

Դեռ փոքր տարիքից միշտ հետաքրքիր է եղել, թե ինչ տեսք ունի ինձ շրջապատող աշխարհը: Ու հենց այդ պատճառով միշտ ձգտել եմ վերև բարձրանալ՝ սկսել եմ տանիք բարձրանալուց և հասել լեռներ: Կարծում եմ այդ բացահայտումներն իմ կյանքում միշտ են լինելու: Այս պահին ցանկությունս մեկն է՝ ամբողջ Հայաստանը պատկերացնել եռաչափ: Իսկ այդ բացահայտումներն ավելի հաճելի են դառնում մի խումբ էնտուզիաստների հետ, որոնք կիսում են գաղափարներդ և ապրումներդ լեռներում:

Արթուր

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Աշնանը՝ Արեգունու լեռներով Գոշի լիճ

Հետաքրքիր փաստ Արթուրի մասին։ Գժվում եմ սպորտի համար, դրա պատճառով է, որ առավոտս սկսում է ժամը 05։30՝ նույնիսկ, երբ արձակուրդում եմ։

Մի փոքր Արթուրի մասին: Մասնագիտությամբ զբոսաշրջության մասնագետ եմ, բայց չեմ սիրում ավանդական-ստանդարտ զբոսաշրջությունը։ Ինձ ձգում է ակտիվ կյանքը։ Երբ գյուղից նոր էի եկել քաղաք, չգիտեի արշավների ու արշավախմբերի գոյության մասին: Ճիշտ են ասում, որ ունեցածդ սկսում ես գնահատել միայն այն ժամանակ, երբ կորցնում ես այն։ Թվում էր, թե Կողբից Երևան տեղափոխվելով ես կորցրել եմ իմ բնությունը, բայց արշավներն օգնեցին ինձ վերագտնել այն։

Միևնույն ժամանակ սիրում եմ նկարել բոլոր հնարավոր ձևերով՝ նկարել ու մշակել։ Վերջերս սկսել եմ զբաղվել նաև վիդեոներով, որովհետև միշտ չի, որ հնարավոր է լինում նկարներով փոխանցել շարժում, զգացմունք, էներգիա։

Գագիկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Խուստուփ լեռ, Աժդահակ լեռ, Մեծ Քիրս լեռ (Արցախ)

Հետաքրքիր փաստ Գագիկի մասին։ Բոլորը գիտեն, թե ես լիճքեցի եմ, բայց ես մեղրեցի եմ

Մի փոքր Գագիկի մասին։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, փաստաբան:

Իմ առաջին լեռնային ուղեկցորդը եղել է պապիկս, ով հեռավոր Լիճք գյուղում ամռան ամիսներին տանում էր գյուղի եզերքներին ծանոթացնելու: Հիմա նա չկա, բայց կան այն սարերը, ձորերը, որոնցով քայլում էինք ձեռնափայտերով, կան նույն բարձրալեռնային գետերը, որոնց ջուրը շարունակում է մնալ լազուրե փայլի մեջ, կա այն մենավոր ծառը, որի տակ առաջին անգամ կերա պապիկիս կողմից պատրաստած թարմ սունկը: Մասնակիցներին լեռներ ուղեկցելիս ուզում եմ տալ այն ամենը, ինչ ինձ տվել է լեռները սիրող այդ մարդը:

Ես զգացել ու դիպչել եմ լեռների հավերժությանը, և ցանկանում եմ, որպեսզի նրան դիպչեն բոլորը:

Արթուր

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Արագած լեռ, Աժդահակ լեռ, Խաչաղբյուրի կիրճով դեպի Օկոնավանք

Հետաքրքիր փաստ Արթուր մասին։ Արի արշավ և հարցրու ինքդ

Մի փոքր Արթուրի մասին։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ և շաբաթվա ընթացքում աշխատում եմ գրասենյակում, իսկ հանգստյան օրերին նախընտրում եմ լինել բնության գրկում։ Մանկությունս ու երիտասարդությունս անցել է Արարատյան դաշտում՝ երկու հսկաների՝ Արարատի ու Արագածի տեսարաններով։ Լեռներն ինձ միշտ կանչել են, բայց հնարավորություն չեմ ունեցել գնալ նրանց մոտ։ Երբ առաջին անգամ բարձրացա Արագած (դա երբևէ բարձացածս առաջին լեռն էր) հասկացա, որ դա իմն է , լեռներն իմն են։ Սիրում եմ բարձրանալ լեռներ, այնտեղ հանդարտվում ես, անկախ ինձ շրջապատող մարդկանց, կարողանում եմ մնալ ինքս իմ և բնության հետ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել իրենց ուժերը, դուրս գալ հարմարվետության գոտուց և գոնե մեկ անգամ բարձրանալ լեռներ։

Թագուհի

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Խուստուփ լեռ

Հետաքրքիր փաստ Թագուհու մասին։ Քաղաքում տանել չեմ կարողանում անձրևոտ եղանակը, բայց պաշտում եմ, երբ արշավի ժամանակ սկսում է անձրև տեղալ։

Մի փոքր Թագուհու մասին։ Աշխատում եմ որպես Նախագծի ղեկավար ՏՏ ոլորտում։ Դա նշանակում է, որ շաբաթվա մեծ մասն անցկացնում եմ գրասենյակում, իսկ լարված առօրյայից կտրվելու ու նորովի լիցքավորվելու լավագույն տարբերակը բնությանն ավելի մոտ լինելն է։ Արշավական կյանքի մասին երբևէ չեմ երազել ու տարիներ առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ լինել լեռների գագաթներին։ Առաջին քայլերս 2020-ին եմ կատարել և հենց առաջին օրից վստահ եմ եղել, որ հետդարձի ճանապարհ չկա։ Ու այդ օրվանից քայլում եմ մեր լեռներով ու ձորերով, անվերջ բացահայտում մեր մի բուռ հայրենիքը, սիրահարվում ու Սարահարվում․․․

Հայկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Խուստուփ լեռ, Արարատի վերելքը

Հետաքրքիր փաստ Հայկի մասին։ մասնագիտությամբ ինժեներ եմ, իսկ հոգով՝ երաժիշտ

Մի փոքր Հայկի մասին։ Աշխատում եմ IT ոլորտում։ Լեռնային արշավականի ուղին սկսեցի նպատակ հետապնդելով բացահայտել և ճանաչել մեր հայրենիքի՝ ինձ համար անհայտ կողմերը, սակայն վարակվեցի «լեռնային հիվանդությամբ» և արշավականի կենսակերպը դարձավ կյանքիս կարևոր բաղկացուցիչ մասը։ Սկսեցի նորովի գնահատել հայոց լեռնաշխարհի գեղեցկությունը, իսկ լեռնային արշավականի կենսակերպը ինձ համար դարձավ ինքնամաքրման և ինքնաճանաչողության յուրօրինակ դրսևորում։

Արեգ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Արագածի բոլոր ուղղությունները

Հետաքրքիր փաստ Արեգի մասին։ Այնքան եմ սիրում Արագածը, որ ռոք խումբս նրա պատվին եմ անվանել:

Մի փոքր Արեգի մասին։ Երկուշաբթիից ուրբաթ աշխատում եմ ՏՏ ոլորտում՝ որպես ՄՌԿ մասնագետ: Աշխատանքից հետո փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել երաժշտությանը: Էլեկտրո կիթառ եմ նվագում և սիրում եմ անալոգային երաժշտություն լսել (վինիլ, կասետ): Խելագարվում եմ 70-ականների բրիտանական ռոք խմբերի համար: Իսկ ամբողջ շաբաթ հոգնելուց հետո գնում եմ սարեր՝ ներդաշնակվելու և նոր ոգեշնչումներ գտնելու:

Նոնա

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Ամեն արշավ յուրովի գեղեցիկ է և սիրելի 

Հետաքրքիր փաստ Նոնայի մասին։ Ֆուտբոլի և մեծ թենիսի երկրպագու եմ

Մի փոքր Նոնայի մասին։ 26 տարեկան եմ, 1.5 տարի է ակտիվ արշավում եմ միայն ԱրմՋեոյի հետ, ունեմ շուն (ակիտա, և ո՛չ, Հաչիկո չի անունը), սիրում եմ գրքեր, տիեզերք, ֆուտբոլ, մեծ թենիս, և հետաքրքիր մարդկանց հետաքրքիր մտքերը լսել, փաստում եմ` մարդիկ սարերում կերպարանափոխվում են, իսկ երբ հետ ենք գալիս, լրիվ այլ կերպար են ստանում։

Տաթևիկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Երանոսի երկար երթուղին, Արագածի Հյուսիսային գագաթը

Հետաքրքիր փաստ Տաթևիկի մասին։ Մինչ արշավելը եղել եմ աշխարհի ամենանստակյաց անձնավորությունը

Մի փոքր Տաթևիկի մասին։ Ես հաշվապահ եմ, զբաղվում եմ յոգայով, սիրում եմ լողալ, ճամփորդել, հետաքրքիր սնունդ փորձել, գիրք կարդալ։ Ահավոր կինոման եմ, սիրում եմ կենդանիներ, միաժամանակ պահել եմ, և շուն, և կատու..․ Ունեցել եմ կրիաներ՝ Ռաֆայել և Միքելանջելո անուններով: Արշավել սկսել եմ 2022 թվականից սկսած: Ինչը եղել է կյանքիս ամենաճիշտ որոշումներից։ Հայաստանում ամենասիրելի մարզս Լոռին է, քանի որ այնտեղ եմ ծնվել..․

Անի

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Հայաստանում Խուստուփ` Վերին Վաչագանից

Հետաքրքիր փաստ Անիի մասին։ Արարատի առաջին վերելքին փորձել են իջեցնել 4800 բարձրությունից , բայց հասել եմ գագաթ, որից հետո ևս մի քանի 5000+ լեռ եմ բարձրացել։

Մի փոքր Անիի մասին։ Երկուշաբթիից ուրբաթ աշխատում եմ ծրագրավորման բնագավառում, իսկ շաբաթ և կիրակի կտրվում աշխարհից։ Արդեն 6 տարի արշավում եմ , գագաթամոլ եմ, սիրում եմ նոր բաներ բացահայտել և նոր փորձառություններ ունենալ տարբեր բնագավառներում։

 

Քրիստ

Գիդ-ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Քաջքար լեռ, Որոտանի կիրճ

Հետաքրքիր փաստ Քրիստի մասին։ Իմ անունով սար ունեմ, ոչ պաշտոնապես

Մի փոքր Քրիստի մասին։ Միշտ հետաքրքրվել եմ արշավներով ու ցանկացել եմ մասնակցել, բայց երբեք քայլ չեմ կատարել։ Հիշում եմ, դեռ 2018 թվականին ցանկանում էի ArmGeo-ի հետ գնալ Աժդահակ։ Քովիդից հետո որոշեցի դառնալ գիդ և անցնելով համապատասխան դասընթացներ, սկսեցի աշխատել։ Սակայն մի օր արշավ գնալով դեպի Ցաղաց Քար հասկացա, որ արշավների միջոցով ավելի լավ ես հասկանում և բացահայտում քո իսկ երկիրը, քան դասական տուրերի միջոցով, և որոշեցի փոխել ուղղվածությունս դեպի քայլարշավային զբոսաշրջություն։ Եվ այժմ լինելով ArmGeo-ի գիդ-ուղեկցորդ, կյանքի եմ կոչել 2018 թվականի ցանկությունս։

Գոհար

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Կարմիր կատարով դեպի Աժդահակ, ու վստահ եմ մնալու է լավագույն հորիզոնականում 

Հետաքրքիր փաստ Գոհարի մասին։ Ասում են, որ կարողանում եմ պատկերը տարբերվող անկյունից տեսնել (լուսանկարել), selenophile եմ՝ Լուսնի սիրահար:

Մի փոքր Գոհարի մասին։ Ես Գոհարն եմ, առաջին մասնագիտությամբ ֆիզիկ: Աշխատում եմ «DataArt» ընկերությունում, որպես ծրագրավորող, ապրում` ինչպես լուսանկարիչ և արշավական: Շատ սպոնտան եմ որոշել արշավել. նպատակս Արարատ հասնելն էր: Առաջին լեռը եղել է Գեղամա լեռների երկրորդ գագաթը` Սպիտակասարն, ու դրանից հետո էլ ինձ սարերից տուն բերել չէր լինում… Արշավների շնորհիվ հանդիպել եմ իմ կյանքի լավագույն ընկերներին, ունեցել եմ ամենահիշվող օրերն ու իհարկե սկսել եմ ճանաչել ու սիրել հայրենիքս ավելի խորը… Լեռներն ինձ սովորեցրին լինել ավելի համառ, նպատակասլաց, համբերատար, ու մտածել նորանոր բարձրունքների մասին, թե´ արշավական, և թե´առօրյա կյանքում։ Տոպոլոգիական տարածությունում ինֆիմումի կետը սարի գագաթին է. կյանքը, ինքնաճանաչումն ու անսահմանությունն այդտեղից են սկսվում։

Մարուշ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Այս պահին Դիմաց լեռը, բայց կարծում եմ շատ շուտով պատասխանս այս հարցին այլ կլինի:

Հետաքրքիր փաստ Մարուշի մասին։ Սիրում եմ ամեն ինչ պլանավորել, բայց կյանքիս լավագույն պահերը շատ պատահական են ստացվում, ու այդպես պատահական էլ դարձա արշավային ուղեկցորդ:

Մի փոքր Մարուշի մասին։ Ես Մարուշն եմ, բայց էն համով տորթերի խանութի հետ կապ չունեմ)): Սիրում եմ բնությունը, բնության մեջ մարդկանց: Արշավների ամենասիրելի պահը գագաթին սուրճ խմելն է: Իսկ քաղաքային կյանքում ունեմ շատ հոբբիներ, որոնցից մեկը խճանկարներ հավաքելն է, ու ֆիլմ տեսախցիկով մարդկանց նկարելը: Եթե միասին արշավ ունենանք, հնարավոր է իմ տեսախցիկը քեզ ժպտա)): Հա մեկ էլ մոռացա ասել, որ խելագարվում եմ մեր հայրենիքի համար: